ՀՀ վարչապետը կոչ է արել վերանայել երկրի կողմից ներգրավված միջազգային վարկերը

19.01.2018 19:21
ՀՀ վարչապետը կոչ է արել վերանայել երկրի կողմից ներգրավված միջազգային վարկերը

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել Ֆինանսների նախարարությանը վերանայել երկրի կողմից ներգրավված միջազգային վարկերը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Կարապետյանին ներկայացվել են պետական պարտքի կառավարման առումով 2017 թ. իրականացված միջոցառումները, որոնք ուղղված են եղել պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի զարգացմանը, պարտքի՝ մինչև մարում ժամկետի երկարացմանը, պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության համակարգի ներդրմանը, պարտքային քաղաքականության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը և այլն:

2018 թ. նախատեսվում է իրականացնել երկրորդային շուկայի ակտիվացմանն ու զարգացմանը և ՀՀ կառավարության պարտքի կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքներ:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է առկա վարկային և դրամաշնորհային ծրագրերին և հանձնարարել ֆինանսների նախարարությանը ամբողջական փաստաթուղթ ներկայացնել բոլոր ծրագրերի վերաբերյալ։

«Մենք պետք է վստահ լինենք, որ այն հնարավոր դրամաշնորհները, որոնք մեր երկիրը կարող է ստանալ, որոշակի պարտավորություններ կատարելով և չկատարելով, մենք առավելագույնն ստանում ենք: Ես այսօր այդ ազդակն ամփոփ տեսքով չեմ տեսնում։ Խնդրում եմ, որ դա Ֆինանսների նախարարությունում կազմակերպվի, և 2018 թվականին մեր պլանը գծվի, որտեղ յուրաքանչյուրն իմանալու է՝ իր անելիքը ո՞րն է, ի՞նչ բոնուս է ստանալու դրա դիմաց, և եթե չի կատարում, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու», – նշել է կառավարության ղեկավարը։

Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ որոշ ծրագրերի վերանայման անհրաժեշտություն կա։

«Պետք է վարկային մեր բոլոր ծրագրերը գույքագրենք, դրանց կատարողականները նայենք, և եթե հնարավորություն կա, ուսումնասիրենք վարկային պարտավորությունների վերանայման խնդիրը», – ավելացրել է Կարապետյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև