Ամերիաբանկը նոր ներդրումային վարկ է առաջարկում

27.05.2011 13:24
Ամերիաբանկը նոր ներդրումային վարկ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն առաջին անգամ ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց առաջարկում է ներդրումային վարկ:

Ինչպես ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, նոր վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է ներդրումներ կատարելու կամ բիզնեսի ֆինանսավորման նպատակով:

«Ներդրումային վարկը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում  ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ձեռք բերել մասնակցություն` բաժնեմասերի կամ բաժնետոմսերի գնման կամ դրանց նոր թողարկմանը բաժանորդագրվելու միջոցով», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է նաև ՀՀ տարածքում գործող բիզնեսներում ընդգրկվելու նպատակով` սարքավորումների կամ այլ հիմնական միջոցների ձեռքբերման և դրանք բիզնեսում ներգրավվելու միջոցով կամ նոր բիզնես նախաձեռնելու համար:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդարգության մեջ, ֆիզիկական անձանց համար նախատեսված ներդրումային վարկն ունի առավելություններ. տոկոսադրույքները մատչելի են, հնարավորություն է ստեղծվում բազմատեսակ գրավով ապահովվածության համար: «Ներդրումային վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով, գումարի նվազագույն և առավելագույն չափ չի սահմանվում», - նշվում է տեղեկատվության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը՝ Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը.

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 160,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 127,8 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 32,7 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 25,5 մլրդ դրամ, բանկի համախառն վարկային ներդրումները՝ 103,3 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 75,1 մլրդ դրամ, իսկ 2011 թ.-ի առաջին եռամսյակի զուտ եկամուտը՝ 685,9 մլն դրամ (1 դոլարը 376,8 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև