Ամերիբանակի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը 19 մլրդ դրամի է հասել

17.11.2011 13:54
Ամերիբանակի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը 19 մլրդ դրամի է հասել

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 31-ի դրությամբ Ամերիբանակի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելն աճել է 31%-ով` կազմելով շուրջ 19 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելը աճել է 56%-ով` և կազմել շուրջ 35 մլրդ դրամ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, ընդամենը մեկ տարվա ընթացքում շուրջ 40%-ով աճել է բանկի ֆիզիկական անձ հաճախորդների թվաքանակը, վարկային հաշիվների քանակն աճել է 56%-ով, ավանդային հաշիվների քանակը` 68%-ով:

«Ամերիաբանկը հիմք ընդունելով իր ռազմավարական նպատակները, սկսում է ակտիվ գործունեություն ծավալել ֆինանսական շուկայում, որպես ունիվերսալ բանկ` ընդլայնելով համագործակցությունը ֆիզիկական անձ հաճախորդների հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Արդեն մշակվել են հիփոթեքային վարկերի նոր, ՀՀ ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող տեսակներ, շուտով կառաջարկվի նաև Նվեր (Gift) քարտ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բանկն ունի ֆիզիկական անձանց համար նախատեսված բազմաբնույթ ծառայությունների փաթեթ. ժամկետային ավանդների ընդարձակ տեսականի` ամենատարբեր պայմաններով, ներառյալ ոսկու կառուցվածքային ավանդը, ինչպես նաև խնայողական, մետաղական հաշիվներ, վճարային քարտերի լայն տեսականի, վարկային ծառայությունների բազմազան տեսականի` ներդրումային, հիփոթեքային, անշարժ գույքի վերանորոգման, տրանսպորտային միջոցների ձեռքբերման, անձնական և ընտանեկան կարիքների համար, վարկային գծեր և մի շարք այլ ծառայություններ, որոնք առանձնանում են պայմանների բազմազանությամբ և ճկուն սակագներով:

Մամուլի ծառայությունից նշում են, որ Ամերիաբանկը շարունակելու է նոր առաջարկներով հանդես գալ նաև կորպորատիվ հաճախորդների համար, մասնավորապես, մոտ ժամանակներում հաճելի անակնկալ է սպասվում փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև