06.06.2011 15:51

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,2 տոկոսով՝ հասնելով 377,25 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առուվաճառքի ծավալը կազմել է 8,0 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտավորապես 58,3 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը ևս նվազել է 0,23 տոկոսով և շաբաթ օրը՝ հունիսի 4-ին, կազմել է 378,55 դրամ:
Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է գտնվել 370-380 դրամի սահմաններում և, ամենայն հավանականությամբ, կձգտի դիապազոնի վերին շեմին:
Այս ամենի պատճառը ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ բարձր պահանջարկն է, ինչը բացատրվում է գնաճի բարձր տեմպերի և համաշխարհային ֆինանսական շուկայի անկայունության, մասնավորապես` եվրագոտու երկրներում տիրող իրավիճակի ֆոնի ներքո դրամի անկայունության կապակցությամբ հասարակությունում աճող մտավախություններով:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայության ամփոփագրի համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 15,641 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտավորապես երկուսուկես անգամ ավել նախորդ շաբաթվա ցուցանիշից:
Դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի զսպող գործոն կարող են դառնալ ՀՀ ԿԲ-ի գործողությունները: Կարգավորիչի կողմից դրամի արժեզրկման զսպման դրդապատճառներից մեկն է գնաճի կապակցությամբ երկրում գոյություն ունեցող մտավախությունը, որը առաջին հինգ ամսվա ընթացքում արդեն կազմել է 5.0 տոկոս:
Այս ամենի կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 377 – 381 դրամի սահմաններում:
Հայկական արժութային շուկայում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճեց 2,2 տոկոսով՝ հասնելով 1,4636-ի:
Եվրոյի վստահ աճը շարունակվեց նախորդ ողջ շաբաթվա ընթացքում, ինչն ուներ մի քանի պատճառ` առաջին հերթին ԱՄՆ-ից ստացված բացասական մակրոտնտեսական վիճակագրությունը, որը կրկին հիասթափեցրեց շուկայի մասնակիցներին` ուժեղացնելով ամերիկյան տնտեսության վերականգնման կապակցությամբ գոյություն ունեցող մտավախությունները, գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թիվը մայիսին ավելացավ ընդամենը 54 հազարով այն դեպքում, երբ կանխատեսվում էր 165 հազարի աճ, իսկ գործազրկության մակարդակն ավելացավ` հասնելով 9,1 տոկոսի` կանխատեսված 8,9 տոկոսի փոխարեն:
Երկրորդը, եվրոյի գնանշմանն աջակցեց Հունաստանին օգնություն ցուցաբերելու նոր ծրագրի (որը ընդգրկելու է մինչև 2014 թ.-ն ընկած ժամանակահատվածը) վերաբերյալ ԵՄ-ի և ԱՄՀ-ի ներկայացուցիչների միջև ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածությունը: Ծրագիրն իր մեջ ներառելու է ֆինանսավորման ծավալների ավելացում և մասնավոր հատվածի ներդրողների որոշակի մասնակցություն, որը պետք է օգնի Հունաստանին խուսափել դեֆոլտից կամ պարտքերի վերակառուցվածքայնումից:
Այս ամենի արդյունքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը ևս ավելացավ 1,3 տոկոսով` հասնելով 550,40 դրամի:
Այս շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի եվրագոտու ՀՆԱ-ի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերանայված տվյալների հրապարակումը, ինչպես նաև տոկոսադրույքին նվիրված ԵԿԲ-ի հերթական նիստը, որը նախատեսված է հունիսի 9-ին: Նիստի ավարտից հետո տեղի կունենա ԵԿԲ նախագահ պրն. Տրիշեի ավանդական մամուլի ասուլիսը: ԱՄՆ-ից ակնկալվող լուրերի թվում կարելի է նշել առևտրային հաշվեկշռի ապրիլյան տվյալների հրապարակումը:
Եվրագոտում սպառողական գնաճի արագացող տեմպերի և ՀՆԱ-ի չեզոք տվյալների ֆոնի ներքո հուլիսին տոկոսադրույքների բարձրացման հնարավորության վերաբերյալ Ժան-Կլոդ Տրիշեի դրական մեկնաբանությունների դեպքում եվրոն կարող է աճի լրացուցիչ ազդակ ստանալ: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում եվրոյի համար դիմադրության շեմ կարող է լինել 1,4850-ը:
Սակայն ԱՄՆ-ից դրական մակրոտնտեսական տվյալների հրապարակման կամ տոկոսադրույքների հետագա բարձրացման վերաբերյալ ԵԿԲ-ի անորոշ դիրքորոշման դեպքում դոլարի գինը կարող է բարձրանալ իր հիմնական մրցակիցների նկատմամբ: Այս շաբաթ եվրոյի համար աջակցող շեմ կլինի 1,4400-ը: Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն ընթացիկ շաբաթ կգտնվի 5540 – 560 դրամի սահմաններում:
Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը ավելացավ 0,6 տոկոսով՝ հասնելով 13,68 դրամի, ինչը պայմանավորված էր նավթի աճող գների ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով: Այսպես, Brent տեսակի նավթը նախորդ շաբաթ թանկացել է 0,92 տոկոսով` հասնելով 116,05 ԱՄՆ դոլարի:
ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և նավթի գներից: Այս շաբաթ ԱՄՆ դոլարը կարող է շարունակել իր անկումը: Նավթի բարձր գներն ու թույլ դոլարը կարող են աջակցել ռուսական ռուբլուն:
Հայաստանում առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,60-13,78 դրամի սահմաններում:
Միքայել Վերդյան, FOREX Club վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: