Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը օգոստոսի 6–10–ն ընկած ժամանակահատվածում

14.08.2012 17:23
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը օգոստոսի 6–10–ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում աճել է 0.22 տոկոսով` մինչև 411.92 դրամ։ Մեկ շաբաթվա առքուվաճառքի ծավալը կազմել է 12.20 մլն ԱՄՆ դոլար, ինչը 96.77 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0.17 տոկոսով, և շաբաթ` օգոստոսի 11–ին, կազմել ` 414 դրամ։

Նախորդ շաբաթվա սկզբին Հայաստանի արժույթի բորսայում ամերիկյան արժույթի միջին կշռված փոխարժեքը վստահ աճ էր ցուցադրում։ Դրա պատճառը ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի պահպանվող բարձր պահանջաևկն է։ Հայաստանի ԿԲ հերթական նիստի արդյունքները նույնպես ճնշում էին գործադրում հայկական դրամի վրա։ Նիստում որոշում ընդունվեց տոկոսադրույքները թողնել 8.0 տոկոս անփոփոխ մակարդակում։

Սակայն շաբաթվա վերջին դրամը կարողացավ մասամբ վերականգնել իր կորուստները, հնարավոր է, շաբաթվա վերջում շահույթի ֆիքսման հետ կապված։

Առաջիկա շաբաթ աշխարհում պահպանվող ներքին կայուն պահանջարկի պայմաններում աշխարհում ամերիկյան արժույթի հնարավոր արժևորման ֆոնին ԱՄՆ դոլարն ունի աճի շարունակման բոլոր հիմքերը։ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի դիմադրության մակարդակը NASDAQ OMX Armenia բորսայում կարող է դառնալ 415.0 դրամը։ Այնուամենայնիվ, բարձրացումը կսահմանափակվի կարգավորիչի քաղաքականությամբ, որը կարող է միջամտել առքուվաճառքին` ազգային արժույթն ավելի կտրուկ արժեզրկումից պաշտպանելու համար։

Այդ կապակցությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանում հաջորդ շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 412-417 դրամի սահմաններում։

Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի արժեքը որոշվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում կատարվող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 0.78 տոկոսով` մինչև 1.2288։

Նախորդ շաբաթ հիմնական արժութային զույգը ճնշման տակ է հայտնվել այն բանից հետո, երբ անհաջող է թեստավորել 1,2440 շրջանի դիմադրությունը։ Աճը`մինչև նշանակալից դիմադրությունը, հրահրվել է ԵԿԲ ներկայացուցիչների կողմից Իսպանիայի և Իտալիայի կառավարությունների պարտատոմսերի շուկայում լարվածության լուծման հարցում կարգավորիչի հնարավոր մասնակցության մասին հայտարարություններով։

Սակայն Եվրոպայի առաջատար տնտեսություններից ստացված արդյունաբերական արտադրության թույլ մակրոտնտեսական վիճակագրությունը, որը վկայում է այն մասին, որ եվրագոտին շարունակում է աստիճանաբար ռեցեսիա ապրել, նախկինի նման ճնշում է գործադրել միասնական եվրոպական արժույթի  գնանշումների վրա։ Միաժամանակ տարածաշրջանի ծայրամասային երկրների պետական պարտատոմսերի շուկաներում շարունակվող ցնցումները նույնպես ուժեղացնում են այն ռիսկը, որ եվրագոտին չի կարող գլուխ հանել իր պարտքային խնդիրներից։ Արդյունքում` նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,52 տոկոսով` կազմելով 507,50 դրամ։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ծայրամասային երկրների պարտքային խնդիրների և եվրագոտու տնտեսական հեռանկարների նկատմամբ պահպանվող անորոշության ֆոնին, հնարավոր է, որ միասնական եվրոպական արժույթը շարունակի մնալ ճնշման տակ։ Եվրոյի դինամիկայի վրա  որոշակի ազդեցություն կարող են նաև ունենալ ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացված տնտեսական նորությունները։ ԱՄՆ-ից ստացված նորությունների շրջանում պետք է ընդգծել հուլիսի արդյունաբերական արտադրության, սպառողական գնաճի տվյալները և բնակարանի շուկայի թվերը, ինչպես նաև հունիսին արտասահմանյան ներդրողների կողմից երկարաժամկետ ամերիկյան արժեթղթերի գնումների զուտ ծավալի տվյալները։ Եթե տվյալ վիճակագրությունն անբավարար գտնվի, այն կամրապնդի աշխարհի խոշորագույն տնտեսության քանակական խթանման նոր միջոցների առումով սպասելիքը, այդպիսով եվրոն կարող է աճի էական ազդակ ստանալ։

Եվրոպական նորություններից պետք է ընդգծել հուլիսին եվրագոտու սպառողական գնաճի տվյալների հրապարակումը և օգոստոսին ZEW ինստիտուտի կողմից ստացված Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրությունների ցուցիչը, ինչպես նաև երկրորդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ-ի նախնական թվերը: Տարածաշրջանի թույլ տնտեսական վիճակագրությունը ճնշում կգործադրի թանկարժեք մետաղի գնանշումների վրա:

Միաժամանակ եթե ԱՄՆ–ից ստացված տվյալները շատ լավատեսական գտնվեն, այն կարող է ամերիկյան արժույթի աճ առաջացնել։ Առաջիկա շաբաթվա ընթացքում FOREX շուկայում եվրոյի գնանշումների տատանումների ենթադրելի միջակայքը 1,2130-1,2400 է։ Այդ կապակցությամբ առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 500–515 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթ կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճել է 0,47 տոկոսով` հասնելով 13,05 դրամի։ Դա պայմանավորված էր նավթի գների աճի ֆոնին ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի բարձրացմամբ։

ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուբլու արժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում կախված կլինի ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից։ Եվրոպայից սպասվող թույլ տվյալները կարող են ռուբլու նվազման հանգեցնել։ Սակայն եթե օվկիանոսի մյուս կողմից ստացված տնտեսական վիճակագրությունը չափավոր դրական գտնվի, իսկ չնայած կանխատեսումներին եվրագոտու տվյալները բավարար գտնվեն, ռուբլու արժեքը հնարավոր է աճի։
Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում հավանաբար կգտնվի 12,95 – 13,15 դրամի միջակայքում։

Միքայել Վերդյան, Forex Club–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև