Հայաստանում պարտատոմսերի տոկոսադրույքներն աճել են վերջին 2-3 տարվա ընթացքում. Արարատբանկ

17.06.2011 16:21
Հայաստանում պարտատոմսերի տոկոսադրույքներն աճել են վերջին 2-3 տարվա  ընթացքում. Արարատբանկ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարտատոմսերի տոկոսադրույքները վերջին 2-3 տարվա ընթացքում աճել են և գտնվում են առայսօր գրանցված ամենաբարձր մակարդակում, ուրբաթ լրագրողներին ասաց Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:

«Այսօրվա դրությամբ պարտատոմսերի տոկոսադրույքները զգալիորեն աճել են և կազմում են շուրջ 12 տոկոս, այն դեպքում, երբ 2009թ.-ին, օրինակ՝ Արարատբանկի պարտատոմսերի թողարկման ժամանակ տոկոսադրույքը կազմել է 10 տոկոս»,-ասաց Հարությունյանը:

Ինչպես կարծում է փորձագետը, չնայած ակտիվ աճին՝ առաջիկայում դրույքների որոշակի նվազում է սպասվում:

Նա նաև նշեց, որ չնայած շուկայում պետական պարտատոմսերի տոկոսադրույքներն ավելի բարձր են՝ շուրջ 14 տոկոս, սակայն երկրորդական շուկայում իրականում դրանք նույնպես կազմում են 12 տոկոս, ինչի հաշվին բանկային պարտատոմսերը գրեթե նույն պայմաններով են առաջարկվում, բայց ավելի կարճ ժամկետներում՝ 2 տարի, այն դեպքում, երբ ՊԳՊ-ի ժամկետները կազմում են 2,7-2,8 տարի:

Ինչ վերաբերում է կապիտալի հայկական շուկայի ընդհանուր միտումներին, ապա, ըստ Հարությունյանի՝ հիմնական փոփոխությունները կապված էին միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ, որի ազդեցությունը Հայաստանի վրա թեև զգալի չէր, սակայն այն հանգեցրեց նրան, որ շատ բանկեր նախապես ծրագրված թողարկումներից հրաժարվեցին:

Այդուհանդերձ, ինչպես կարծում է բանկիրը, Հայաստանում կապիտալի շուկան աստիճանաբար վերականգնվում է, առավել ևս, որ առաջիկայում երկրում նախատեսվում է մի քանի թողարկում անցկացնել, և շուկայի զարգացման նախադրյալներ կան: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև