Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հոկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում

02.11.2011 13:29
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հոկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի բաժանմունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն ավելացավ 0,33 տոկոսով՝ հասնելով 379,25 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմեց 11,70 մլն դոլար, ինչը 30,44 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Առքուվաճառքի ծավալի նման անկումը պայմանավորված է երկուշաբթի և հինգշաբթի բորսայում առքուվաճառքի բացայությամբ, քանի որ հայկական արժույթի շուկայի մասնակիցները ձեռնպահ են մնացել դոլար/դրամ զույգի գործարքներ կատարել՝ սպասելով հոկտեմբերի 23-ին և 26-ին տեղի ունեցած ԵՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքների նկատմամբ FOREX համաշխարհային արժութային շուկայի մասնակիցների արձագանքին:

Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը ևս ավելացավ 0,37 տոկոսով և շաբաթ օրը՝ հոկտեմբերի 29-ին կազմեց 380,75 դրամ:

ԱՄՆ դոլարը շարունակում է իր չափավոր աճը դրամի նկատմամբ Հայաստանի արժույթի շուկայում: Դոլարի նման վարքագծի հիմնական պատճառը պայմանավորված է բիզնեսի և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ պահպանվող պահանջարկով:

1

Մենք ենթադրում ենք, որ այս շաբաթ Հայաստանում դոլարի փոխարժեքը մեծ մասամբ կախված կլինի FOREX համաշխարհային արժույթի շուկայում դոլարի դինամիկայից: ԵՄ գագաթնաժողովի դրական արդյունքները կարող են լավատեսութուն ավելացնել շուկայի մասնակիցների շրջանում՝ նման կերպ աջակցելով բարձր եկամտաբերություն ունեցող արժույթի աճին: Այս ամենի արդյունքում ԱՄՆ դոլարը կարող է ճնշման տակ գտնվել նաև դրամի նկատմամբ:

ԱՄՆ դոլարի վրա լրացուցիչ ճնշում կգործադրի ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ նվազած պահանջարկը: Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 6,929 մլն դոլար, ինչը 62,04 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

2

Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կտատանվի 377 – 382 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի փոխարժեքը սահմանվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճել է 1,82 տոկոսով՝ հասնելով 1,4148-ի:

Շաբաթվա սկզբում եվրագոտու պարտքային ճգնաժամի նկատմամբ լարվածության թուլացումը հանգեցրեց FOREX շուկայում եվրոյի աճին: Այս ամենին նպաստեցին ԵՄ պետությունների ֆինանսների նախարարների և ղեկավարների առաջին գագաթնաժողովից հետո Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հայտարարություններն այն մասին, որ ԵՄ երկրները ընդհանուր առմամբ համաձայնեցրել են եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման ծրագիրը, որն արդեն կներկայացվի ԵՄ երկրորդ գագաթնաժողովից հետո:

Ինչպես ակնկալվում էր, եվրոյի համար ամենակարևոր իրադարձությունը դարձավ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 26-ին կայացած ԵՄ պետությունների ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը: ԵՄ առաջնորդներին հաջողվեց շոշափելի արդյունքների հասնել եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման և նրա տարածումը կանխելու հարցում:

Առաջին հերթին Եվրոպայի առաջնորդները մասնավոր ներդրողների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել հունական պարտքի 50 տոկոսի դուրսգրման կապակցությամբ, ինչպես նաև Աթենքը կարող է 100 մլրդ եվրո ստանալ միջազգային վարկատուների կողմից ֆինանսական օգնության երկրորդ ծրագրի շրջանակներում: Միաժամանակ ԵՄ առաջնորդները պայմանավորվել են մինչև 1 տրիլիոն եվրոյի հասցնել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ծավալը, որը այժմ 440 մլրդ եվրո է կազմում, մասնավորապես նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Գագաթնաժողովի դրական արդյունքները ոգեշնչեցին շուկայի մասնակիցներին՝ բարձրացնելով բարձր եկամտաբերություն ունեցող ակտիվների, այդ թվում նաև եվրոյի նկատմամբ պահանջարկը: Այս ամենի արդյունքում եվրոյին հաջողվեց ավելացնել արժեքը՝ հասնելով շաբաթվա առավելագույն ցուցանիշին՝ 1,4247: Արձագանքելով համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 3,23 տոկոսով՝ հասնելով 542,16 դրամի:

3

Այս շաբաթ եվրոյի դինամիկայի վրա կազդի ներդրողների տրամադրվածությունը, որը մեծ մասամբ կախված է չորեքշաբթի՝ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ԵՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներից: Եվրոյի գնանշման վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ զբաղվածների թվի փոփոխության մասին ADP ամերիկյան գործակալության տվյալներն ու հոկտեմբերին ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի թիվը, ինչպես նաև տոկոսադրույքի մասին ՊԴԾ-ի որոշումը: Եվրոպական նորություններից հարկավոր է նշել հիմնական տոկոսադրույքին նվիրված ԵԿԲ-ի հերթական նիստը, որը նախատեսված է նոյեմբերի 3-ին: Պետությունների ղեկավարների գագաթնաժողովի դրական արդյունքներն ու ակնկալվող չափավոր լավատեսական մակրոտնտեսական տվյալները, հավանաբար, կաջակցեն եվրոյին:

Այս շաբաթ եվրոյի գնանշման տատանման ենթադրվող դիապազոնը 1,3950-1,4350-նն է: Այս դեպքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 525-550 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 2,87 տոկոսով՝ հասնելով 12,91 դրամի: Այս ամենը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի անկմամբ և ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուսական ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև ԵՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներից: Ակնկալվում է, որ այդ վիճակագրությունը չափավոր դրական կլինի: Այս ամենի ֆոնի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ԵՄ գագաթնաժողովը բավականին արդյունավետ էր, ռուբլին կարող է շարունակել իր աճը:  Իսկ եթե ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող տնտեսական վիճակագրությունը կանխատեսվածից ավելի բացասական լինի, ապա ռուբլու վրա ճնշումը կվերսկսվի: Հայաստանում առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 12,80 – 13,30 դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև