Մոտ 10 մլրդ դոլար ընդհանուր կապիտալ ունեցող վեց հայերն ընդգրկվել են Forbes–ի կազմած վարկանիշում

18.04.2013 15:30
Մոտ 10 մլրդ դոլար ընդհանուր կապիտալ ունեցող վեց հայերն ընդգրկվել են Forbes–ի կազմած վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայազգի վեց ձեռնարկատերեր` Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, Ալբերտ Ավդոլյանը և Ռուբեն Վարդանյանը, ընդգրկվել են  Forbes ամսագրի կազմած` 2013 թ.–ին Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում։

Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է մոտ 10 մլրդ դոլար։

Ամսագրի վարկանիշի համաձայն, հայազգի ձեռնարկատեր, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, զբաղեցնելով վարկանիշի 29–րդ տեղը, վարկանիշում ընդգրկված բոլոր հայերից ամենամեծ կարողություն ունեցողն է։

Նրան հայազգի գործարարներից հաջորդում է «Ռոսգոսստրախի» գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովը, ով զբաղեցրել է 43–րդ տեղը։ Գործարարի կարողությունը կազմում է 2.4 մլրդ դոլար (աճը` $0,4 մլրդ)։

«ՌԵՍՈ–Գարանտիա» ընկերության փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովը` 1.35 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ (աճը` $0,15 մլրդ), 2013 թվականի վարկանիշում զբաղեցրել է 78–րդ հորիզոնականը։ Միաժամանակ, նրա կրտսեր եղբայրը` «ՌԵՍՈ–Գարանտիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը կապիտալի նույն ծավալով 79–րդ տեղում է։

Wooden Fish Agency դիտորդական խորհրդի տնօրեն (ներկայացնում է Ռուսաստանում Telconet–ի շահերը) Ալբերտ Ավդոլյանը` 2013 թվականին 0.7 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ զբաղեցրել է վարկանիշի 143–րդ տեղը, իսկ  Sberbank CIB–ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի` 2013 թվականի ամենահարուստ գործարարների վարկանիշում զբաղեցնում է 193–րդ տեղը։ Նրա ընդհանուր կապիտալը կազմում է 0.5 մլրդ դոլար։

Միաժամանակ 2013 թվականին Ռուսաստանի ամենահարուստ մարդու կոչումը կրկին բաժին է ընկել «Մետալոինվեստի» համասեփականատեր Ալիշեր Ուսմանովին։ Forbes–ի գնահատմամբ, նրա կարողությունն այս տարի կազմել է 17.6 մլրդ դոլար` 2012 թվականի 18.1 մլրդ դոլարի դիմաց։
-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև