Շվեյցարիայում ՇԱԲ–ի ոսկու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի

10.10.2014 15:43
Շվեյցարիայում ՇԱԲ–ի ոսկու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջարկությունը, որի համաձայն, Շվեյցարիայի ազգային բանկը պետք է ոսկով 20 տոկոս պահուստ պահի և թանկարժեք մետաղն անձեռնմխելի դարձնի վաճառքի համար հետագայում, կսահմանափակի դրամավարկային քաղաքականության հնարավորությունները, ասել է փոխնախագահ Ժան Պիեռ Դանտինը, հաղորդում է Vestifinance.ru–ն։

Այդ գեղատեսիլ ալպիական երկրում նոյեմբերի 30–ին կանցնի, այսպես կոչված,  «Պահպանել մեր շվեյցարական ոսկին» (Save our Swiss Gold) նախաձեռնության հանրաքվեն, որն առաջարկել է պոպուլիստական Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը։

Բարեփոխումը ենթադրում է, որ կենտրոնական բանկը ոսկու տեսքով կպահի իր ակտիվների գոնե 20 տոկոսը։ Այժմ ոսկուն բաժին է ընկնում ակտիվների 7.5 տոկոսը։ Բացի այդ, կարգավորչին կարգելվի հետագայում վաճառել ցանկացած ոսկի, և թանկարժեք մետաղի բոլոր պաշարները պետք է պահվեն Շվեյցարիայում։

Յոթ անդամներից բաղկացած Շվեյցարական դաշնային խորհուրդը, ինչպես նաև խորհրդարանի երկու պալատները խորհուրդ են տվել ընտրողներին մերժել առաջարկը։

«Շվեյցարական ընտրազանգվածը կքվեարկի մի նախաձեռնության վերաբերյալ, որը, որքան էլ հակասական է, լրջորեն կսահմանափակի ՇԱԲ–ի ազատությունը հետագայում ճգնաժամի դեպքում խուսանավելու համար»,– հինգշաբթի ասել է Դանտինը Մարտինյիի համաժողովում ելույթի համար պատրաստած խոսքում։

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Շվեյցարիայի ազգային բանկը գնանկումից խուսափելու համար որոշում էր ընդունել ֆրանկի փոխարժեքը եվրոյին կապել 1.20 ցուցանիշով և պաշտպանել այդ փոխարժեքը ցանկացած գնով։
ՇԱԲ–ն այժմ ունի 1040 տոննա ոսկի, որոնցից 70 տոկոսը պահվում է Շվեյցարիայում, 20 տոկոսը` Անգլիայի բանկում և 10 տոկոսը` Կանադայի կենտրոնական բանկում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև