ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն Հայաստանին 7 մլն եվրո կտրամադրեն կոշտ թափոնների աղբավայրի շինարարության ֆինանսավորման նպատակով

19.12.2014 17:41
ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն Հայաստանին 7 մլն եվրո կտրամադրեն կոշտ թափոնների աղբավայրի շինարարության ֆինանսավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի Հանրապետությանը 3,5 մլն եվրո սուվերեն վարկ է տրամադրել Հայաստանում առաջին՝ ԵՄ պահանջներին համապատասխանող կոշտ թափոնների աղբավայրի շինարարության ֆինանսավորման նպատակով, հաղորդում է ՎԶԵԲ մամուլի ծառայությունը:

Վարկը նաև համալրվել է 3.5 միլիոն եվրո կապիտալի դրամաշնորհային ֆինանսավորմամբ, որը տրամադրվել է Եվրամիության հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ ՀՆԳ) կողմից:

Նոր աղբավայրը գտնվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և կառավարվելու է 8 մասնակից քաղաքապետարանների՝ Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Եղվարդի, Նոր Հաճնի և Սևանի քաղաքապետարանների կողմից, շահագործվելու է, որպես տնտեսապես կայուն միավոր, որն ունի կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգեր և զբաղվում է մունիցիպալ կոշտ թափոնների հավաքման և հեռացման հարցերով:

«Սա կարևոր բնապահպանական և սոցիալական օգուտներ կապահովի տարածքում ապրող մոտ 215,000 մարդկանց համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծրագիրը, որը Հայաստանում կոշտ թափոնների բնագավառում ՎԶԵԲ-ի առաջին նախաձեռնությունն է, համընկնում է նաև կառավարության նպատակասլաց ծրագրերի հետ՝ երկրում եվրոպական չափանիշների համաձայն արդիականացնելու և թարմացնելու թափոնների կառավարման համակարգը: «Այն կարևոր նվաճումներ ի ցույց կդնի՝ բարձրացնելով կոշտ թափոնների կառավարման մասին խիստ անհրաժեշտ հանրային իրազեկության մակարդակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր Երևանում ՀՀ ֆինանսների նախարարի, մասնակից քաղաքապետարանների և ՎԶԵԲ-ի կողմից ստորագրվել են իրավաբանական համաձայնագրերը:

Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը լրացուցիչ դրամաշնորհային ֆինանսավորում է ստացել մի շարք դոնորներից: Ավստրիայի կառավարությունը կաջակցի ծրագրի իրականացման գործընթացին և աղբավայրը կառավարող ընկերության կորպորատիվ զարգացմանը: Մնացած դրամաշնորհային միջոցները տրամադրվել են ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամից և Վաղ անցումային շրջանի երկրների հիմնադրամից:

Ինչպես նշեց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը, այս ծրագիրը զգալի օգուտներ կբերի բնակչությանն ու շրջակա միջավայրին և կօգնի ավելի լավ իրազեկել հանրությանը աղտոտման դեմ պայքարելու և վերամշակելու առավելությունների մասին:

«Մենք հատկապես երախտապարտ ենք մեր դոնորների զգալի աջակցության համար՝ նրանք, ինչպես և մենք, միշտ առաջնահերթ են դասել շրջակա միջավայրի պաշտպանությունն ու բարելավումը»,- ասաց նա:

Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի, քան 803 մլն եվրո 136 ծրագրերում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, ընդ որում մասնավոր հատվածում ներդրումները կազմել են 87 տոկոս:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև