18.12.2015 17:44
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ վավերացրել է 2015 թ.–ի դեկտեմբերի 10–ին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ ստորագրած ««Ֆինանսական քաղաքականության զարգացում» ծրագրի երրորդ մաս» (DPF) վարկային համաձայնագիրը (50 մլն դոլար)։
Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, վարկը տրամադրվում է լողացող տոկոսադրույքով` վեց ամսական LIBOR–ի տեսքով + ֆիքսված սպրեդ և 25 տարի մարման ժամկետով` 14,5 տարի արտոնյալ ժամանակահատվածով։
«Միջոցները կուղղվեն ՀԲ–ի հետ համաձայնեցված ծրագրերի և միջոցառումների իրականացմանն ու բարեփոխումների լայն շրջանակին աջակցելուն, որոնք նպաստում են բյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունությանն ու մրցունակության ամրապնդմանը», – ասաց Ջանջուղազյանը։
Նա նշեց, որ ֆինանսավորումը բաղկացած է երկու հիմնարար տարրերից։ Այն, մասնավորապես, ներառում է միջոցներ, որոնք ավելացնում են ֆիսկալ տարածքը, առանցքային հատվածների ֆինանսական կայունությունը, սոցիալական պաշտպանության ծրագրերի արդյունավետությունն ու բնապահպանական և սոցիալական երաշխիքների բարելավումը լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, որին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման կեսից ավելին։
Ծրագիրն աջակցում է կառավարության մի շարք բարեփոխումներին, որոնք, մասնավորապես, վերաբերում են հարկային բազայի ավելացմանը, տոկոսադրույքների ռացիոնալացմանը, հարկային քաղաքականության թափանցիկության ավելացմանը։
Կարևորվում է նաև Հարկային օրենսդրության ընդունումը, որը կավելացնի հարկային եկամուտների մոբիլիզացումն ու կնպաստի երկարաժամկետ աճին և պետական պարտքի կայունությանը։
DPF–ը վարկային գործիք է, որն առաջարկում է երկրներին ընդհանուր բյուջետային աջակցություն` ինստիտուցիոնալ և տնտեսական քաղաքականության բարեփոխումների մշակման համար։
Հայաստանին, որը 1992 թ.–ից ՀԲ–ի և 1993 թ.–ից Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամ է, տրամադրվել է 2,2 մլրդ դրամ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: