Oտարերկրյա ներդրողները կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել ՀՀ պետական պարտատոմսերում

13.07.2016 10:45
Oտարերկրյա ներդրողները կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել ՀՀ պետական պարտատոմսերում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) և Deutsche Börse Group-ի արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիան` Clearstream-ը, կնքել են ՀԿԴ-ում Clearstream-ի անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր, հաղորդում է NASDAQ OMX Armenia բորսայի մամուլի ծառայությունը։

«Սկսած 2016թ.-ի հուլիսի 11-ից օտարերկրյա ներդրողները կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել ՀՀ պետական պարտատոմսերում և վերազգային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշված գործընթացում ՀԿԴ-ն կգործի որպես լոկալ պահառու, իսկ ՀՀ Կենտրոնական բանկը՝ որպես դրամական միջոցների թղթակցային բանկ:

Նշված անդրսահմանյան կապի միջոցով սկզբնապես կտրամադրվեն վերջնահաշվարկի և պահառության ծառայություններ, իսկ ՀՀ դրամը կդառնա վերջնահաշվարկի լիարժեք արժույթ:

 ՀԿԴ-ն անվանատիրոջ հաշիվը Clearstream-ում բացվել է 2013 թ.-ի դեկտեմբերին, որի արդյունքում ներկայումս հայաստանյան ներդրողները կարող են մեկ պատուհանից նեդրումներ կատարել աշխարհի ավելի քան 50 զարգացած և զարգացող երկրների արժեթղթերում:

Որպես արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիա (ICSD), որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լյուքսեմբուրգում, Clearstream-ը տրամադրում է հետ առևտրային ծառայությունների ենթակառուցվածք Եվրապարտատոմսերի շուկայի և աշխարհի ավելի քան 50 տեղական շուկաների արժեթղթերի համար: Clearstream-ի հաճախորդ են հանդիսանում ավելի քան 110 երկրի մոտ 2,500 ֆինանսական կազմակերպություններ:

Clearstream-ի ծառայությունների թվում են արեթղթերի թողարկումը, վերջնահաշվարկը և պահառությունը, ինչպես նաև ներդրումային ֆոնդի հետ կապված ծառայությունները և գլոբալ արժեթղթերի ֆինանսավորումը: Պահառության ներքո ունենալով մոտ 13 տրիլիոն Եվրոյին համարժեք ակտիվներ` Clearstream-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն` վերջնահաշվարկի և պահառության ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկը տեղական և օտարերկրյա արժեթղթերի համար: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև