Դաշնային ռեզերվը պահպանել է դրույքը 0,25-0,5%-ի սահմանում

22.09.2016 13:16
Դաշնային ռեզերվը պահպանել է դրույքը 0,25-0,5%-ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ), սեպտեմբերի 20-21-ի նիստի արդյունքներով, դաշնային վարկային միջոցների տոկոսադրույքը (federal funds rate) թողել է 0,25-0,50% թիրախային միջակայքում, նշվում է կոմյունիկեում, որն ամփոփում է Բաց շուկաների դաշնային կոմիտեի (FOMC) սեպտեմբերյան նիստի արդյունքները։

Որոշումը համընկել է տնտեսագետների և շուկայի մասնակիցների սպասումների հետ, տեղեկացնում է Ֆինմարկետը:

Ինչպես նշվում է FOMC-ի հայտարարության մեջ, տոկոսադրույքի բարձրացման օգտին փաստարկներն ուժեղացել են: Սակայն, ԴՊՀ-ի ղեկավարությունը որոշել է սպասել ԿԲ-ի «հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ առաջընթացի պահպանման նոր ազդանշաններին»:

«FOMC-ի հուլիսյան նիստից հետո ստացված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ աշխատաշուկան շարունակում է ամրապնդվել, ուժեղանում է նաև տնտեսական ակտիվության աճը` սույն թվականի առաջին կիսամյակում գրանցված զուսպ տեպմերի համեմատ», - նշվում է կոմյունիկեում:

Հուլիսյան հաղորդագրության մեջ նշվում էր տնտեսական ակտիվության չափավոր աճի մասին:

«Չնայած որ վերջին ամիսներին գործազրկությունը գրեթե չի փոխվել, զբաղվածության աճը հիմնականում կայուն էր», - նշվում է փաստաթղթում:

Կոմյունիկեից հանվել է արտահայտությունն այն մասին, որ աշխատատեղերի թիվը, ինչպես նաև աշխատաշուկայի այլ ցուցանիշները մատնանշում են, որ վերջին ամիսներին աշխատուժի օգտագործումն ավելացել է։

«Սպառողական ծախսերն արագ են աճել, սակայն հիմնական կապիտալում արված բիզնեսի ներդրումները շատ թույլ էին», – նշում են ԴՊՀ–ից։

Տոկոսադրույքի բարձրացման օգտին փաստարկների մասին հայտարարաությունը, ինչպես նաև այն փաստը, որ FOMC-ի երեք ներկայացուցիչներ կողմ են եղել բարձրացմանը, ավելացրել են այս տարի ԱՄՆ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացման սպասումները:

FOMC-ի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-2-ը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև