Ucom-ը մնացել է առանց ղեկավարության. ավելի քան 400 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել

10.04.2020 13:28
Ucom-ը մնացել է առանց ղեկավարության. ավելի քան 400 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Ucom հեռահաղորդակցական ընկերության ավելի քան 400 աշխատակից ազատման դիմում է գրել։ Այս մասին telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալին հայտնել է աղբյուրն ընկերությունում: 

Օպերատոր՝ առանց աշխատակիցների 

Տեղեկությունն այն մասին, որ Ucom-ի աշխատակիցներն ազատման դիմում են ներկայացնում, հայկական ԶԼՄ-ներում հայտնվել է գիշերը: Պատճառն այն է, որ Ucom-ի ղեկավարների և ակցիոներների միջև հակասություններ են ծագել: Տարբեր աղբյուրների տեղեկացմամբ, հակասությունները ծագել են այն բանի ֆոնին, որ սեփականատերերը ցանկանում են Ucom-ի ղեկավարի պաշտոնում նշանակել Անդրեյ Պյատախինին, ով ներկա պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

«Արդեն ավելի քան 400 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել, այդ թվում, ընկերության կառավարիչներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները»,- նշում են աղբյուրից:

Աղբյուրի հաղորդմամբ, Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել տարաձայնությունների պատճառով, գործընթացը շարունակվում է: 

Կռվախնձոր

Ucom ընկերությունում «ԱՌԿԱ»-ի աղբյուրը նշում է, թեև Եսայան եղբայրներն իրենց թիմով էին հիմնել ընկերությունը, հետագայում այնտեղ բաժնեմասեր էին ձեռք բերել նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ իր բանկի և մերձավորի միջոցով։ Եսայան եղբայրների բաժնեմասը 6 տոկոս էր, նրանց էր վստահված նաև կառավարումը։ 

Գագիկ Խաչատրյանի որդիների ու ընկերության կառավարիչների միջև հակասություն է սկսվել այն պահից, երբ պարզ է դարձել, որ կառավարումն իրականացնելու են Beeline-ի կողմից նշանակված մարդիկ՝ դուրս մղելով Եսայան եղբայրներին և հիմնադիր թիմը։ 

Բացի Խաչատրյաններից, տարաձայնություններ կան նաև Սամվել Կարապետյանի բաժնեմասը տնօրինողների հետ, կա նաև անհամաձայնություն ռազմավարական պատկերացումների շուրջ։ 

Պյատախինը չի փոխանցել                   

2019 թ.-ի դեկտեմբերի 27-ին ՎԵՈՆ Արմենիան, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ Ucom-ին բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավելի ուշ երկու ընկերություններն էլ պաշտոնապես հաստատեցին հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը:

Հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Beeline ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «փոխանցել» է առևտրային տեղեկատվությունը գործարքի կատարման համար այն խոստման դիմաց, որ նոր միավորված ընկերությունում գլխավոր տնօրենի պաշտոնն իրեն կհասնի: 

Ինչպես «ԱՌԿԱ» գորակալությանը հայտնել է Beeline-ի մամուլի քարտուղար Նարա Նազարյանը, ընկերությունում ոչ մի փոփոխություններ չեն կատարվում: Beeline-ը Հայաստանում հանդիսանում է ընկերությունների միջազգային խմբի անդամ, իսկ Անդրեյ Պյատախինը գլխավոր տնօրեն:

Գործարքը հարցականի տա՞կ է

Այս տարվա փետրվարի 11–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սկսել է դիտարկել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) Ucom-ին վաճառելու դիմումը: Ինչպես նշել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ընկերությունները դիմում են ներկայացրել համակենտրոնացման գործարք կնքելու մասին ՝ որպես միաձուլում կամ միավորում (Ucom-ը ձեռք է բերում ՎԵՈՆ Արմենիան): Նիստը, հաշվի առնելով առևտրի գաղտնիքները, կկայանա փակ դռների հետևում: ՏՄՊՊՀ-ն դիմումը քննարկելու համար ունի 90 օր՝ դիմումը ներկայացնելու պահից (դիմումը ներկայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ին): Ընդ որում, ուսումնասիրվում են նաև գնորդ ընկերության իրական բաժնետերերը և սեփականատերերը:  Այնուամենայնիվ, կորոնավիրուսի ստեղծված իրավիճակով և արտակարգ դրությամբ պայամանավորված Հանձնաժողովը որոշում է կայացրել ընկերության հայցի դիտարկման ընթացակարգը կանգնեցնել:

Ընկերությունների մասին 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև