Ձեռնարկությունները պլանավորում են ծավալուն գործառնական փոփոխություններ՝ առաջնահերթություն տալով ճկունությանը. «HSBC Navigator»

23.07.2020 15:10
Ձեռնարկությունները պլանավորում են ծավալուն գործառնական փոփոխություններ՝ առաջնահերթություն տալով ճկունությանը. «HSBC Navigator»

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./ԱՌԿԱ/. Ընկերություններն աշխարհով մեկ զգալի գործառնական փոփոխություններ են իրականացնում ավելի ճկուն դառնալու համար այն բանից հետո, երբ նրանցից շատերը պարզեցին, որ իրենց ճգնաժամային կառավարման պլաններն այնքան էլ կայուն չեն եղել ՝ COVID-19 համավարակի մարտահրավերներին դիմակայելու համար: Այս մասին հայտնում է HSBC բանկի մամուլի ծառայությունը:

«HSBC-ի կորպորատիվ բանկային ծառայությունների գծով բաժնի «Navigator» ուսումնասիրության նոր Building Back Better զեկույցի համար հիմք է ծառայել 14 երկրներում և տարածաշրջաններում ավելի քան 2600 ընկերությունների շրջանում կատարված հարցումը։ Հարցման համաձայն՝ բազմաթիվ ձեռնարկություններ ճգնաժամից առաջ անտեսել են ճգնաժամային կառավարման պլանի մշակումը հիմնական գործառնական այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները, ֆինանսները և կայունությունը։ Նրանց գրեթե կեսը (47%) նշում է, որ ավելին կարող էին անել վերջին ամիսների մարտահրավերներին պատրաստվելու համար»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Որոշների համար հեռավար աշխատանքի անցումը ի հայտ բերեց իրենց բիզնեսի շարունակականության ապահովման ոլորտում թույլ կողմերը․ հարցման մասնակիցների հինգից գրեթե երեքը (57%) նշում են, որ վերջին երկու տարիներին առաջնային են համարել ներդրումները տեխնոլոգիական ոլորտում՝ գործառնական ճկունությունը բարելավելու համար: Դրամական միջոցների հոսքի պահպանումը նույնպես մարտահրավեր էր, ընդ որում միայն 44% -ն են առաջնահերթ համարել ֆինանսական վիճակի ամրապնդմանն ուղղված քայլերը։

Ճգնաժամը ստիպել է բազմաթիվ բիզնեսների հարմարվել, և գրեթե երկու երրորդը (63%) արդեն իսկ որոշակիորեն փոփոխել են իրենց գործողությունները: Մոտ կեսը (44%) մտադիր են հետագայում փոխել իրենց արտադրանքը և ծառայությունները՝ կամ դիվերսիֆիկացնելով (33%) կամ նեղացնելով առաջարկների շրջանակը՝ այն ավելի մասնագիտացված դարձնելով (17%)։

Երկարաժամկետ հեռանկարով բիզնես պլաններն այժմ ընդգծում են առավել ճկուն աշխատակազմ և ընթացակարգեր ունենալու անհրաժեշտությունը` ավելի մեծ ուշադրություն դարձնելով տեխնոլոգիաներին և կայունությանը: Ուսումնասիրության հիմնական արդյունքներն են.

  • Անշարժ գույքի զբաղեցրած տարածքի կրճատում. 38%-ը վերանայում են իրենց գրասենյակի և արտադրամասերի տարածքը, 29%-ն ակնկալում է կրճատել գրասենյակային տարածքը:
  • Առավել ճկուն աշխատանքային ընթացակարգեր. ավելի քան երկու երրորդը (69%) կարծում է, որ ճկուն աշխատելաոճը կդառնա սովորություն։ Հարցվածների երրորդ մասն (34%) ակնկալում է կրճատել օդային ճանապարհորդությունները:
  • Տեխնոլոգիաները կլինեն չափազանց կարևոր․ տասից վեցը (61%) կարծում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում առցանց  համագործակցությունը կդառնա սովորական։ 57% -ը նշում է, որ առցանց հանդիպումները` թիմի ներսում և դրանից դուրս, կմնան նույնիսկ COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների վերանալուց հետո։
  • Կայունությունը՝ որպես վերականգնման շարժիչ ուժ . ավելի քան տասից ինը (91%) նպատակ ունի վերականգնել իրենց բիզնեսը՝ այն դարձնելով ավելի կայուն, մինչդեռ մեկ երրորդը (27%) մտադիր է իրենց մատակարարման շղթաները դարձնել էկոլոգիապես առավել կայուն առաջիկա երկու տարիների ընթացքում:

Բանկի հաղորդագրության համաձայն, COVID-19 համավարակը հայկական ընկերությունների ընթացակարգերում նույնպես փոփոխությունների է հանգեցրել ՝ ստիպելով նրանց անցում կատարել աշխատանքի հեռավար ձևաչափի։

«Համավարակից առաջ հայկական փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ) համացանցից օգտվելու ցուցանիշը համեմատաբար ավելի ցածր էր։ 2019թ․-ի վերջին Համաշխարհային բանկի կողմից 400 տեղական ՓՄՁ-ների շրջանում իրականացված հարցման համաձայն՝ փոքր բիզնեսների 58%-ը չէր օգտվում թվային տեխնոլոգիաներից իրենց գործառնություններն իրականացնելիս՝ նշելով, որ դրանք նպատակահարմար չեն։ Թեև 43%-ն օգտվում էր տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) գործիքներից վաճառքի իրականացման համար, իսկ մեկ երրորդը՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգից, միայն մեկ հինգերորդն էր մատակարարներին ուղղված վճարումները կատարում առցանց, և միայն մեկ երրորդն էր հարկերը վճարում առցանց։ Կազմակերպության ռեսուրսների պլանավորման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրսգրման համակարգերի մասին տեղյակ էր ՓՄՁ-ների մեկ երրորդից էլ քիչ մասը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով տեղական բնակչության՝ համացանցից սահմանափակ օգտվելը ևս դեր է խաղում ՓՄՁ-ների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու գործում․ չնայած էլեկտրոնային առևտրից օգտվելու աճող ցուցանիշներին՝ բնակչության միայն 13%-ն է առցանց գնել ապրանքներ ու ծառայություններ։

«Navigator զեկույցը ևս մեկ անգամ ապացուցեց ճկուն ճգնաժամային կառավարման ծրագրեր ունենալու կարևորությունը COVID-19-ին և հնարավոր այլ մարտահրավերներին դիմակայելու համար։ Այն նաև ընդգծեց, որ համավարակը բազմաթիվ ընկերությունների համար հանդիսացավ իրենց տրանսֆորմացիոն ծրագրերն առաջ տանելու խթան՝ նրանց դարձնելով առավել տոկուն», - ասաց «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

HSBC-ի զեկույցն ընդգծում է ճգնաժամի ընթացքում ձեռնարկությունների միջև համագործակցության կարևորությունը, որը շատերի համար ստեղծված մարտահրավերներին դիմակայելու առանցքում է եղել․

  • Վերջին վեց ամիսների ընթացքում գրեթե բոլոր (93%) ձեռնարկություններն աջակցել են իրենց գործընկեր ձեռնարկություններին, ընդ որում խոշոր բիզնեսները, մասնավորապես, աջակցում են իրենց փոքր գործընկերներին:
  • Գրեթե տասից վեցը (58%) միմյանց միջև փոխանցել են տեղեկություններ (25%), փորձառություն (24%) կամ կիսել գրասենյակային տարածք(13%) և շուրջ մեկ քառորդը (26%) խորհրդատվություն է տրամադրել:
  • 40% -ը համագործակցել է այլ ձեռնարկությունների հետ իրենց արտադրանքը և ծառայությունները հաճախորդներին հասցնելու համար:

«Այնուամենայնիվ, թեև համագործակցությունն օգնել է պահպանել առևտուրը ճգնաժամի ժամանակ, բիզնեսները առաջիկայում տեսնում են մի շարք մարտահրավերներ, քանի որ նրանք ձգտում են կայունություն ստեղծել առաջիկա վեց ամիսների ընթացքում: Բիզնեսների երկու երրորդը (62%) փոփոխության տեսանկյունից հիմնական խոչընդոտ են համարում ֆինանսական ծառայությունների և աշխատուժի ոլորտում առկա թույլ կողմերը, ընդ որում հարցվածների ընդամենը մեկ երրորդից էլ քիչ մասն է (31%) պայքարում դրամական միջոցների բավարար հոսքը պահպանելու ուղղությամբ: Բացի այդ, բիզնեսների մեկ երրորդը (33%) աշխատակիցների վարքագիծն ու շահագրգռվածությունը համարում է մոտակա ժամանակներում կայունության կառուցման համար խոչընդոտ»,- նշվում է բանկի հայտարարության մեջ:

Նշվում է, որ HSBC-ի զեկույցն արտացոլում է նաև մի շարք փոփոխություններ, որոնք բիզնեսներն ակնկալում են ձեռնարկել իրենց մատակարարման շղթաներում առաջիկա երկու տարիների ընթացքում թափանցիկությունն ու անվտանգությունը խթանելու համար։

  • Տասից երեքը (29%) ցանկանում է դիվերսիֆիկացնել իրենց մատակարարման ցանցը և աշխատել ավելի շատ գործընկերների հետ, քառորդ մասը (26%) ցանկանում է աշխատել ավելի կայուն շուկաների բիզնեսների հետ:
  • Մեկ երրորդը պլանավորում է սահմանափակել կամ կրճատել իրենց մատակարարման շղթաները` ռիսկերը նվազեցնելու համար:
  • Ավելի քան երկու երրորդը (67%) նախատեսում է բարձրացնել իրենց մատակարարման շղթայի անվտանգությունը`գտնելով կարևոր մատակարարների, իսկ տասից երեքը (31%)  նախատեսում է վերանայել իրենց մատակարարների կարողությունը` ապագա ցնցումներին դիմակայելու համար:

«HSBC Navigator»-ի մասին

«HSBC Navigator» հարցումն  իրականացվում է HSBC- ի պատվերով Kantar տվյալների հետազոտական ընկերության կողմից։ Ուսումնասիրության համար հիմք են ծառայել  2,604 ձեռնարկությունների պատասխանատուների կողմից տրամադրված պատասխանները` սկսած փոքր և միջին շուկայի ձեռնարկություններից մինչև տարբեր ոլորտներում գործող խոշոր կորպորացիաներ: Հարցման մասնակիցները  կարևոր դերակատարում ունեն իրենց ընկերության ռազմավարական ուղղության որոշման գործում՝ ներկայացնելով տարբեր պաշտոններ՝ այդ թվում գլխավոր գործադիր տնօրեններ, ֆինանսների, գնումների, մատակարարման շղթաների, վաճառքի և մարքեթինգի բաժինների պատասխանատուներ: 2020 թ. ապրիլի 28-ից մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում հարցմանը մասնակցել են ընդհանուր 14 շուկաներ:

  • Հյուսիսային և Հարավային Ամերիկա,Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ
  • Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ Ավստրալիա, Հոնկոնգ, Հնդկաստան, Ինդոնեզիա, մայրցամաքային Չինաստան, Մալայզիա, Սինգապուր
  • Եվրոպա` Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա
  • Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկա` ԱՄԷ

Արդյունքները ներկայացնում են յուրաքանչյուր շուկայի միջազգային առևտրի ծավալները (Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալներ՝ 2017-2018).

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:HSBC-ն հանդիսանում է աշխարհիամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,918 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 298 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև