ԵԶԲ–ն ՀՀ–ում պետական պարտքի մակարդակը համարել է ռիսկի աղբյուր տնտեսության համար

01.12.2020 23:43
ԵԶԲ–ն ՀՀ–ում պետական պարտքի մակարդակը համարել է ռիսկի աղբյուր տնտեսության համար

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում պետական պարտքի մակարդակը ռիսկի աղբյուր է տնտեսության համար, նշվում է Եվրասիական զարգացման բանկի 2021թ.–ի մակրոտնտեսական կանխատեսման մեջ։

Ինչպես նշվում է կանխատեսման մեջ, պետական բյուջեն 2020թ.–ի հունվար–սեպտեմբերին կատարվել է 155 մլրդ դրամ պակասուրդով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կատարվել էր` 95մլրդ դրամ դրական սալդոյով։

«Պետական ֆինանսների վիճակի վատացումն առաջին հերթին ծախսերի ավելացման հետևանք է, դրանք ավելացել են` մեկ տարի առաջ գրանցված 1 053մլրդ դրամից դառնալով 1 230մլրդ դրամ` մասամբ ծրագրերին համաձայն, մասամբ` կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորման և տնտեսությանն աջակցելու անհրաժեշտության կապակցությամբ։ Բյուջեի եկամուտները նվազել են 2019թ.–ի հունվար–սեպտեմբերին գրանցված 1 148մլրդ դրամից դառնալով 1075մլրդ դրամ», – նշվում է հաշվետվության մեջ։

 ԵԶԲ փորձագետները նշում են, որ բյուջեի դեֆիցիտային կատարման պայմաններում Հայաստանի պետական պարտքն ավելացել է և 2020թ.–ի սեպտեմբերի արդյունքում հասել 3,8 տրիլիոն դրամի կամ 7,9մլրդ դոլարի (3,5 տրիլիոն դրամ կամ 7,3 մլրդ դոլար 2019թ.–ի վերջին)։

2020թ.–ի հոկտեմբերի սկզբին Fitch միջազգային գործակալությունը նվազեցրեց Հայաստանի վարկային վարկանիշը` «BB-»–ից մինչև «B+»` «Կայուն» կանխատեսմամբ։ Որոշումը պայմանավորված էր երկրի ՀՆԱ–ի` սպասվածից ավելի կտրուկ նվազմամբ և տնտեսական կանխատեսումների վատացմամբ։

«Երկրի տնտեսության համար ռիսկի աղբյուրը պետական պարտքի մակարդակն է։ 2020թ.–ի կեսերին այն հասել է ՀՆԱ–ի 58,4%–ի (2019թ.–ի վերջին` 53,5%)։ Պարտքային բեռի աճը սահմանափակելու անհրաժեշտությունը կարող է հանգեցնել բյուջեի ծախսերի արագ կրճատման, որը միջնաժամկետ հեռանկարում զսպող ազդեցություն կունենա ՀՆԱ–ի աճի վրա` դանդաղեցնելով տնտեսության վերականգնումը», – նշվում է հաշվետվության մեջ։

ԱՄՀ–ի կանխատեսմամբ, Հայաստանի պետական պարտքը 2020թ.–ին կգերազանցի ՀՆԱ–ի 60%–ը և կշարունակի աճել 2021թ.–ին` հասնելով ՀՆԱ–ի մոտ 69%–ի։

Fitch Ratings–ի հոկտեմբերյան կանխատեսման համաձայն, Հայաստանի պետական պարտքը կավելանա` 2019թ.–ի վերջի դրությամբ ՀՆԱ–ի նկատմամբ գրանցված 53,5%–ից մինչև 63,9% 2020թ.–ի վերջին։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի համախառն պետական պարտքը 2020թ.–ի հուլիսի վերջին կազմել է 7 939 525 մլն դոլար` հունիսի համեմատ ավելանալով 220 682 մլն դոլարով։ Միաժամանակ տարեսկզբից ընդհանուր պետական պարտքն ավելացել է 618 269 մլն դոլարով։ ԱՎԿ–ի տվյալներով, հանրապետության արտաքին պետական պարտքը 2020թ.–ի հուլիսի վերջին կազմել է 6 055 237 մլն դոլար` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 73 591 մլն դոլարով։ Արտաքին պարտքի կառուցվածքում 5 576 651 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարության պարտքին (70 015 մլն դոլարի աճ), իսկ ՀՀ ԿԲ–ի պարտքը կազմում է 478 586 մլն դոլար (3 576 մլն դոլարի աճ)։ Հայաստանի ներքին պարտքը հուլիսի վերջին կազմել է 1 884 288 մլն դոլար` ավելանալով 147 092 մլն դոլարով։

Ինչպես սեպտեմբերին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՆԱ—ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կարող է հասնել 60%–ի և անգամ գերազանցել։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Հայաստանը կավելացնի պարտքային բեռը 260 մլրդ դրամով COVID-19–ի պայմաններում, ինչի հետևանքով բյուջեի պակասուրդը 2020թ.–ին կարող է կազմել 324 մլրդ դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև