ՀՀ ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` մինչև 6%

14.02.2017 17:51
ՀՀ  ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` մինչև 6%

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում տեղի ունեցած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.0%:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, 2017 թ. հունվարին արձանագրվել է 2.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը մեղմվել է՝ կազմելով 0.6%:

Արտաքին հատվածում ձևավորված միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են որոշ գնաճային զարգացումներ:

ԿԲ խորհուրդը գնահատել է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Հաղորդագրության համաձայն, խորհուրդն արձանագրել է, որ 2016 թ-ի համար տնտեսական աճի գնահատականները նվազել են՝ պայմանավորված հիմնականում առաջարկի գործոնների ազդեցությամբ: Միաժամանակ, աստիճանաբար վերականգնվում է ներքին պահանջարկը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների:

«Նախորդ կանխատեսման համեմատ որոշ ոչ պարենային ապրանքների ակնկալվող ցածր գների ձևավորման և հունվարից գազի, իսկ փետրվարից էլեկտրաէներգիայի սակագների իջեցման պարագայում, գնաճի նպատակին հասնելու հետագիծը կլինի փոքր ինչ ավելի դանդաղ», - հաղորդել են ԿԲ-ից:

Հաշվի առնելով նշված գործոնները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ 2017 թ-ին Կառավարության կողմից նախանշված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար և հնարավոր է գտնում այս անգամ ևս թուլացնել դրամավարկային պայմանները:

ԿԲ խորհուրդը մնացել է այն կարծիքին, որ մինչ օրս իրականացված քաղաքականությունը ստեղծել է բավարար խթաններ՝ 2017 թ-ին գնանկումային միջավայրի չեզոքացման և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար, սակայն ավանդական դրամավարկային քաղաքականության ապագա հնարավորությունները մնում են սահմանափակ:

Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով գների կայունության ապահովման խնդրին, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, իր գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.5% և 4.5%:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ մինչև 2017 թ. փետրվարի 24-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2017թ. առաջին եռամսյակի ծրագրում):

2015 թ.-ի երկրորդ կեսից ԿԲ-ն սկսել է աստիճանաբար նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Արդյունքում, այդ ցուցանիշը 2015 թ.-ի 10,5 տոկոսից նվազել է մինչև 6,25 տոկոս 2016 թ.-ի դեկտեմբերին: Այդ ժամանակահատվածում կարգավորիչը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 11 անգամ, միայն 2016 թ.-ին` 8 անգամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև