Հայաստանում դոլարի փոխարժեքը տարվա կեսին կհասնի 450 դրամի

19.03.2010 14:04
Հայաստանում դոլարի փոխարժեքը տարվա կեսին կհասնի 450 դրամի

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Դրամի արժեզրկումը կշարունակվի, և 2010 թ.-ի կեսին դոլարի փոխարժեքը կհասնի 450 դրամի սահմանագծին, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Վերջին օրերին դրամի կտրուկ արժեզրկումը պայմանավորված է խոշոր գործարարների կողմից հանրապետությունից մեծ ծավալի կապիտալի դուրսբերմամբ», - պարզաբանեց նա:

Մարտի 1-18-ը հայկական դրամն աստիճանաբար արժեզրկվել է 19,82 կետով՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 384,54 դրամից հասնելով 404,36 դրամի:

Նախկին վարչապետի կարծիքով՝ կարճաժամկետ հեռանկարում դրամի արժեզրկումը կհանգեցնի գնաճի:

«Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարին, ապա ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս կառավարությունը կփորձի ներգրավել օտարերկրյա ռեսուրսներ և կայունացնել փոխարժեքը: Սակայն հետագայում դա կծանրացնի արտաքին պարտքի բեռը», - ասաց Բագրատյանը:

Նա ավելացրեց, որ մեծ արտաքին պարտքի կուտակումը հղի է տնտեսության համար լուրջ սպառնալիքներով:

«Հսկայական արտաքին պարտքը կարող է երկիրը 2013 թ.-ին կանգնեցնել տնտեսական աղետի առջև», - կարծում է նախկին վարչապետը:

Հայաստանի արտաքին պետական պարտքը 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ին կազմել է 2966,7 միլիոն դոլար (1121,1 միլիարդ դրամ)՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 88 տոկոսով կամ 1389,6 միլիոն դոլարով:

Բագրատյանի գնահատականների համաձայն՝ եթե հետագայում ևս շարունակվի պարտքի կուտակումը, ապա մոտակա տարիներին գնաճը Հայաստանում կարող է արտահայտվել երկնիշ թվով:

2010 թ.-ի փետրվարին, հունվարի համեմատ, Հայաստանում գրանցվել է 0,3 տոկոսանոց գնաճ: Միաժամանակ 2010 թ.-ի փետրվարին, 2009 թ.-ի փետրվարի համեմատ, սպառողական գների ցուցանիշը կազմել է 109,4 տոկոս: (1 դոլարը 404,36 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև