RASCO Insurance-ի կապիտալի չափը նոյեմբերին կհասցվի 1,5 միլիարդ դրամի

19.11.2009 13:03
RASCO Insurance-ի կապիտալի չափը նոյեմբերին կհասցվի 1,5 միլիարդ դրամի

RASCO Insurance ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գևորգյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ» - Պրն Գևորգյան, որքա՞ն է ընկերության կանոնադիր կապիտալի ծավալը, ե՞րբ է ընկերությունը հիմնադրվել, ո՞վ է հիմնադիրն ու ովքե՞ր են հաճախորդները:

Հ. Գևորգյան - RASCO Insurance ընկերությունը գործում է հայկական շուկայում 2004 թ.-ի հոկտեմբերից: Այսօրվա դրությամբ ընկերության կանոնադիր կապիտալը 500 միլիոն դրամ է կազմում:

Ընկերության հիմնադիրների թվում են «Տարածքային ներդրումային ընկերություն» ՓԲԸ-ն՝ 90 տոկոս մասնաբաժնով, տասը տոկոսը պատկանում է ֆիզիկական անձի: Մեր ընկերության հաճախորդներն են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

«ԱՌԿԱ» - Նախատեսվու՞մ են փոփոխություններ ընկերության կանոնադիր կապիտալում մինչև 2009թ.-ի ավարտը կամ հաջորդող ժամանակահատվածում:

Հ. Գևորգյան – Ընկերությունը ծրագրում է կանոնադիր կապիտալն ավելացնել նոյեմբերին և հասցնել այն մինչև 1 միլիարդ դրամի՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված և գործող նորմատիվին համապատասխանելու նպատակով:

Հաշվի առնելով այն, որ այսօրվա դրությամբ հիմնական կապիտալը կազմում է 1 միլիարդ դրամ, սակայն կանոնադիր կապիտալը 500 միլիոն դրամով ավելացնելու դեպքում ընդհանուր կապիտալը կկազմի 1,5 միլիարդ դրամ: Կանոնադիր կապիտալը կավելացվի հիմնադիրների լրացուցիչ ներդրումների հաշվին:

«ԱՌԿԱ» - Որքա՞ն է ընկերության ակտիվների մեծությունը, և ապահովագրման ո՞ր տեսակների արտոնագրեր ունի RASCO Insurance-ը:

Հ. Գևորգյան - 2009թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմում են 1,269 միլիարդ դրամ: Ընկերությունը գործունեություն է իրականացնում շուկայում գործող ապահովագրման գրեթե բոլոր տեսակներով, բացի բժշկական ապահովագրությունից:

Արտոնագիր մենք ունենք, սակայն ապահովագրում չի իրականացվում, և մենք պատրաստվում ենք գործարկել ապահովագրման այդ տեսակը հաջորդ տարի: Բացի այդ, մենք դիմել ենք ապահովագրման ևս երկու տեսակի արտոնագրեր ստանալու համար՝ երաշխիքների տրամադրում և երկաթուղային տրանսպորտի ապահովագրում:

Մի քանի օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, մենք կստանանք այդ արտոնագիրը:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ ընկերություններ են իրականացնում RASCO Insurance-ի վերաապահովագրումը:

Հ. Գևորգյան – Վերաապահովագրման գծով ընկերությունը համագործակցում է «РОСНО» ռուսական ընկերության, ինչպես նաև Brit Insurance Limited հայտնի բրիտանական ընկերության հետ հիմնականում բանկային ռիսկերի գծով:

Ընթացիկ տարվա հուլիսի սկզբին ընկերությունը «Արդշինինվեստբանկին» է վճարել շուրջ 1 միլիոն դոլարի փոխհատուցում, որն ամբողջովին վերաապահովագրված է Brit Insurance Limited ընկերությունում:

Սա իր ծավալով աննախադեպ վճարում էր բանկային ռիսկերի գծով, այդ ցուցանիշով RASCO Insurance-ն անմիջապես զբաղեցրեց առաջատարի դիրքը:

«ԱՌԿԱ» - Որքա՞ն է այսօրվա դրությամբ ընկերության ապահովագրական գումարի ծավալը:

Հ. Գևորգյան – Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում հավաքված գումարի ծավալը կազմում է 155 միլիոն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 390 միլիոն դրամ, իսկ տարեկան կտրվածքով՝ 513 միլիոն դրամ: Այսպիսով 2009 թ.-ին ապահովագրական գումարի ծավալը մոտավորապես նվազել է 50 տոկոսով:

Այս ամենը կապված է այն բանի հետ, որ մենք բանկերի վարկավորման գործընթացից մեծ կախվածության մեջ ենք գտնվում, քանի որ հիմնականում ապահովագրվում է գրավ դրվող ունեցվածքը:

«ԱՌԿԱ» - Քանի՞ պայմանագիր է կնքել Ձեր ընկերությունը ընթացիկ տարվա ինն ամսվա ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հ. Գևորգյան – Մեծ քանակությամբ պայմանագրեր են կնքվել, քանի որ շատ է մեր ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվը: Քանակական արտահայտությամբ մենք կնքել ենք շուրջ 8 հազար պայմանագիր, դրանք ոչ մեծ գումարների պայմանագրեր են, հիմնականում ավտովարկավորման և արտասահման մեկնող անձանց բժշկական ապահովագրման գծով:

Մենք նաև մեծ քանակությամբ պայմանագրեր ունենք դժբախտ պատահարների ապահովագրման գծով:

«ԱՌԿԱ» - 2009թ.-ի ինն ամսվա ընթացքում որքա՞ն գումար եք վճարել գրանցված ապահովագրական դեպքերի կապակցությամբ, և որքա՞ն է դրանց հարաբերակցությունը նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ:

Հ Գևորգյան - Ապահովագրական վճարումների ընդհանուր ծավալը հունվար-սեպտեմբերին կազմում է 410 միլիոն դրամ, ընդ որում այդ միջոցների մեծ մասը՝ 355 միլիոնը, վերաապահովագրման վճարներն են:

Ընդհանուր առմամբ ապահովագրական վճարներ են իրականացվել շուրջ 100 ապահովագրական դեպքերի կապակցությամբ: Համեմատելու համար՝ 2008 թ.-ի ինն ամսվա ընթացքում ապահովագրական վճարների ծավալը կազմել է 80 միլիոն դրամ:

«ԱՌԿԱ» - Ծրագրվու՞մ է ավելացնել ընկերության ապահովագրական պորտֆելը 2009 թ.-ի արդյունքում: Որքա՞ն գումարի է վերաապահովագրված ընկերության պորտֆելը:

Հ. Գևորգյան – Ապահովագրական պորտֆելի ծավալի շուրջ 40 տոկոսը (155 միլիոն դրամ) ավտոապահովագրումն է, 35 տոկոսը՝ բեռների ապահովագրումը, շուրջ 11-12 տոկոսը՝ արտասահման մեկնող անձանց բժշկական ապահովագրումը, իսկ մնացածը ունեցվածքի ապահովագրումն է և դժբախտ պատահարների ապահովագրումը:

Նշեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում ապահովագրական պորտֆելի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ընկնում է ավտոտրանսպորտի ապահովագրմանը:

Հարկ է նշել, որ այսօր մեր պորտֆելի կառուցվածը բավականին շատ է փոխվել, ավելացել է բեռների, արտասահման մեկնող անձանց բժշկական ապահովագրման տեսակարար կշիռը:

«ԱՌԿԱ» - Իսկ ինչո՞վ է պայմանավորված ապահովագրման հենց այդ տեսակների տեսակարար կշռի ավելացումը:

Հ. Գևորգյան - Նման կերպով ընկերությունը գրավում է նոր շուկաներ, և եթե ավելի վաղ բեռների գծով հաճախորդներ գրեթե չկային, ապա այսօր նրանց տեսակարար կշիռն ավելացել է:

Միաժամանակ ավտոապահովագրման մասնաբաժնի նվազումը պայմանավորված է նրանով, որ բանկային ավտովարկավորման ծավալները կտրուկ նվազել են, կարելի է անգամ ասել՝ գրեթե բացակայում են:

«ԱՌԿԱ» - Որքա՞ն գումարի չափով է վերաապահովագրված Rasco International-ի պորտֆելը:

Հ. Գևորգյան - 155 միլիոն դրամից վերաապահովագրման ծավալը կազմում է 30 միլիոն դրամ կամ շուրջ 15-20 տոկոս: Ժամանակին համընթաց մենք կրճատում ենք վերաապահովագրման ծավալները, քանի որ ընկերության կապիտալն ավելանում է, ինչը հնարավորություն է տալիս ստանձնել ավելի մեծ ռիսկեր:

«ԱՌԿԱ» - Որքա՞ն է ընկերության պահուստների ծավալը:

Հ. Գևորգյան – Մեր ընկերության պահուստները զգալիորեն կրճատվել են և այսօր կազմում են շուրջ 101 միլիոն դրամ: Դա կապված է եկամուտների կրճատման հետ: Փաստորեն, մեր ապահովագրական ընկերությունն աշխատում է նախորդ տարի ձեռք բերած միջոցների հաշվին: Այդ պատճառով մեր ծավալներն այս տարի կրճատվել են, սակայն եկամուտը կրկնակի անգամ ավելացել է՝ ինն ամսվա արդյունքներով հասնելով շուրջ 304 միլիոն դրամի: Միաժամանակ կուտակված եկամտի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 540 միլիոն դրամ:

«ԱՌԿԱ» - Եկամուտի որքա՞ն ծավալ է ընկերությունը ծրագրում ստանալ ընթացիկ տարվա արդյունքներով, և ինչի՞ հաշվին է ապահովվելու այդ ցուցանիշը:

Հ. Գևորգյան - Այսօրվա ցուցանիշին կավելանա նաև շուրջ 50 միլիոն դրամ, և տարվա վերջին եկամուտը կկազմի 350 միլիոն դրամ: Սակայն եկամտահարկի վճարումից հետո այդ ցուցանիշը կկազմի 300 միլիոն դրամից ոչ պակաս: Նման ցուցանիշը կապահովվի ծավալների ավելացման և շուկայում ակտիվացման ավելացման, ինչպես նաև փոխարժեքի տատանումների հաշվին:

Քանի որ մեր ակտիվների մեծ մասն արտահայտվում է դոլարներով, ապա դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում մեր ընկերությունն ապահովել է բավականաչափ եկամուտ:

«ԱՌԿԱ» - Ձեր կարծիքով որքա՞ն մեծ է Հայաստանում ապահովագրման ծառայության պահանջարկը:

Հ. Գևորգյան – Հասարակությունն առանձնապես տեղյակ չէ ապահովագրման ծառայություններից, սակայն նրանք, ովքեր որևէ տեղեկատվություն են ստանում, ուրախությամբ օգտվում են ապահովագրողների ծառայություններից: Այլ կերպ ասած՝ այս դաշտում մենք տեղեկատվության պակաս ենք տեսնում, մասնավորապես՝ գովազդի պակաս:

Անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը գիտակցի ապահովագրման անհրաժեշտությունը, իսկ այնուհետև յուրաքանչյուր առանձին ընկերություն կկարողանա մատուցել սեփական ծառայությունները:

Սակայն վերջին երեք տարվա ընթացքում նկատվում է, որ հասարակությունը հասկացել է ապահովագրման առավելությունները: Օրինակ, ավտոպատահարների դեպքում ոստիկանության աշխատակիցները տեղեկացվում են ապահովագրման առկայության մասին, քանի որ այդ դեպքում ընկերությունը պարտավոր է փոխհատուցում վճարել:

Երբ 2007 թ.-ին համապատասխան փոփոխություններ մտցվեցին օրենքի մեջ, ապահովագրող ընկերությունն առանց Պետավտոտեսչության աշխատակիցների միջնորդության կարող է կազմակերպել վնասների փոխհատուցման գործընթացը: Դա լրացուցիչ դրական կողմեր է ստեղծում:

Մեր ընկերությունը հոկտեմբերի 1-ից հաճախորդներին տրամադրում է նմանօրինակ լրացուցիչ ծառայություն: Եթե փոխհատուցման ծավալը չի գերազանցում 200-300 հազար դրամը, մեր մասնագետներն իրենք են մեկնում դեպքի վայր, արձանագրում տեղի ունեցածն ու ապահովում փոխհատուցման վճարումը:

«ԱՌԿԱ» - Հայաստանում ապահովագրական ընկերություններն էլ ինչպիսի՞ խնդիրների են բախվում:

Հ. Գևորգյան - 2010 .-ի հունվարի 1-ից գործող՝ ապահովագրական ընկերության կապիտալը մինչև 1,5 միլիարդ դրամի հասցնելու նորմատիվային պահանջը կարող է հանգեցնել նրան, որ որոշ ընկերություններ պարզապես հեռանան շուկայից: Ինչպես ես արդեն նշեցի, մեր ընկերությունն արդեն որոշում է ընդունել կապիտալի ծավալի ավելացման մասին:

Այս կապակցությամբ երկու տեսակետ կա: Որոշ մարդիկ պնդում են, որ նման որոշումը ճիշտ է, քանի որ շուկայում կմնան քիչ քանակությամբ ուժեղ ընկերություններ, իսկ ոմանք էլ կարծում են, որ առանց այդ էլ Հայաստանում քիչ են ապահովագրական ընկերությունները, թող նրանք աշխատեն: Ես կարծում եմ, որ առաջին որոշումն ավելի ճիշտ է:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս եք գնահատում մրցակցային դաշտը հայկական ապահովագրական ընկերությունների շրջանում:

Հ. Գևորգյան - Ընդհանուր առմամբ, այդ շուկայում կա առողջ մրցակցություն: Դրսևորված մենաշնորհ չկա, Հայաստանում գործող 12 ապահովագրական ընկերություններից յուրաքանչյուրն աշխատում է սեփական մեթոդներով և օրենքի շրջանակներում:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս անդրադարձավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ու տնտեսության անկումը Ձեր կազմակերպության գործունեության և հայկական ապահովագրական շուկայի վրա:

Հ. Գևորգյան - Ապահովագրական շուկայի ուսումնասիրությունները վկայում են դրա ծավալների որոշակի կրճատման մասին: Բացի այդ, մեր գործունեության մեջ տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ՝ կախված վարկավորման գործընթացներից: Rasco Insurance-ի օրինակով կարող եմ ասել, որ եկամուտների շուրջ 80-90 տոկոսը կապված է վարկի համար գրավ դրվող ունեցվածքի ապահովագրման հետ: Եվ քանի որ բանկային վարկավորման ծավալները կտրուկ կրճատվել են, դա մեծապես անդրադարձել է մեր եկամուտների վրա՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ապահովագրական պորտֆելի կառուցվածքը դժվար է փոխել կարճ ժամկետներում:

«ԱՌԿԱ» - Հայաստանում ապահովագրման շուկայի զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում, և որո՞նք են առավել հեռանկարային ուղղությունները:

Հ. Գևորգյան – Շուկան կսկսի զարգանալ այն ժամանակ, երբ մտցվի պարտադիր ապահովագրում: Դա կստիպի հասարակությանը հասկանալ այդ ծառայությունների անհրաժեշտությունը: Ազգային ժողովը կվերանայի «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրինագիծը, որը, ինչպես սպասվում է, կարող է ուժի մեջ մտնել 2010 թ.-ի ամռանից կամ ամենաուշը 2011 թ.-ի հունվարից: Դա կոնկրետ եկամուտներ կապահովի ապահովագրական ընկերությունների համար, չնայած որ ապահովագրական վճարումները կարող են գերազանցել ապահովագրական գումարների ծավալը:

Սակայն դա շահավետ է ընկերությունների համար, քանի որ ապահովագրման այդ տեսակը կարող է հանգեցնել ապահովագրման նոր տեսակների, մասնավորապես՝ ավտոապահովագրմանը:

Բացի այդ, պարտադիր ապահովագրման համակարգում պետք է ներառել նաև բնապահպանական և բժշկական ապահովագրման որոշ տեսակներ, որոնք նախատեսված կլինեն բնակչության առանձին խմբերի համար, օրինակ՝ քաղծառայողների համար:

«ԱՌԿԱ» - Ձեր կարծիքով ո՞ր ուղղությունը պետք է առաջին հերթին պարտադիր դառնա:

Հ. Գևորգյան – Իմ կարծիքով դա ավտոմեքենան շահագործելիս ավտոմեքենայի սեփականատիրոջ պատասխանատվության ապահովագրումն է երրորդ անձանց (տուժածներին) վնասելու դեպքում: Դա կլուծի նաև որոշ սոցիալական խնդիրներ:

Կցանկանայի ավելացնել, որ ապահովագրման դաշտում դեռ շատ անելիք կա: Այն բանից հետո, երբ ապահովագրական կազմակերպություններին վերահսկում է Կենտրոնական բանկը, շատ բան է փոխվել, մասնավորապես, կրճատվել է ընկերությունների քանակը, թույլերը դուրս են մնացել դաշտից: Այդ ժամանակ երկրում գործում էր 24 ապահովագրական ընկերություն, այսօր դրանք 12-ն են: Բացի այդ, դաշտն այդքան էլ կարգավորված չէր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև