Երևանի մետրոպոլիտենը 15 մլն եվրո է ստացել մետրոպոլիտենի արդիականացման և վերականգնման ծրագրով

10.03.2010 16:01
Երևանի մետրոպոլիտենը 15 մլն եվրո է ստացել մետրոպոլիտենի արդիականացման և վերականգնման ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 15 միլիոն եվրո է ստացել մետրոպոլիտենի արդիականացման և վերականգնման ծրագրի իրականացման համար, չորեքշաբթի հաղորդում է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

«ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում մետրոպոլիտենի համակարգի արդիականացմանը` հատկացնելով 5 միլիոն եվրո սուվերեն վարկ և ֆինանսավորելով «Երևանի Մետրոպոլիտեն Ընկերության» ներդրումային ծրագիրը», - տեղեկացվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ներդրումային ծրագիրը կհամաֆինանսավորվի 5 միլիոն եվրո դրամաշնորհով Եվրամիության Հարևաններ – Ներդրումային ծրագրից և ևս 5 միլիոն եվրո սուվերեն վարկով Եվրոպական Ներդրումային Բանկից:

ՎԶԵԲ-ի հատկացրած ֆինանսավորումը կօժանդակի «Երևանի Մետրոպոլիտեն Ընկերությանը» թարմացնել շարժակազմը, նորոգել ռելսերի և էլեկտրամատակարարման մաշված համակարգը, գնել տեխնիկական սպասարկում իրականացնող դրեզինա և փոխել ջրի պոմպակայանները, որոնք դուրս են մղում թունել ներթափանցող ջուրը:

Ակնկալվում է, որ այս ներդրումային ծրագիրը թույլ կտա զգալիորեն էլեկտրաԷներգիա խնայել՝ ջուրը դուրս մղելու ծախսերի նվազման շնորհիվ, որոնք, ըստ մոտավոր հաշվարկների, կկրճատվեն 50 տոկոսով:

«Այս ծրագիրը հնարավորություն կտա Երևանի Մետրոպոլիտենին բարձրացնել մատուցած ծառայությունների որակը և արդյունավետությունը, ինչպես նաև բարելավել շահագործման բնութագիրը: Բացի այդ, ընկերությունն օժանդակություն կստանա նաև հանրային ծառայությունների հետ կնքվող պայմանագրով: Հայաստանում առաջին անգամ ներմուծված լինելով` այդ պայմանագիրը կստեղծի թափանցիկ հենք հասարակական տրասպորտը կառավարողների և տեղական պաշտոնյաների միջև հարաբերությունների համար», - ասվում է տեղեկատվության մեջ:

«Սա առաջին երկարաժամկետ ֆինանսավորումն է, որը ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին է տրամադրվում քաղաքային տրանսպորտի ոլորտում: Ծրագիրը կօգնի «Երևանի Մետրոպոլիտեն Ընկերությանը» կատարելագործել և քաղաքացիներին մատուցել ժամանակակից տրանսպորտային ծառայություններ», - ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«Սա կարևոր նախագիծ է Երևանի համար, այն իրականացվելու է կառավարության աջակցությամբ և էապես բարելավելու է տրանսպորտային ծառայությունների որակը մայրաքաղաքում: Մենք ուրախ ենք համագործակցել ՎԶԵԲ-ի և այլ ֆինանսավորողների հետ ծրագիրն իրականացնելու համար», - ասել է «Երևանի Մետրոպոլիտեն Ընկերության» Տնօրենների Խորհրդի նախագահ Վալերի Հարությունյանը:

ՎԶԵԲ-ը խոշոր ներդրող է Հայաստանում: Մինչև օրս ՎԶԵԲ-ը տրամադրել է ավելի քան 335 միլիոն եվրո հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում իրականցվող ավելի քան 70 ծրագրերի ֆինանսավորման համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև