Հայկական տնտեսության վերականգնումը հնարավոր է միայն 3-4 տարի հետո

17.06.2010 14:36
Հայկական տնտեսության վերականգնումը հնարավոր է միայն 3-4 տարի հետո

ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը՝ ՎԶԵԲ-ի կանխատեսումների լույսի ներքո, որոնց համաձայն, ՀՆԱ-ի աճը 2010թ.-ի արդյունքում կկազմի 10 տոկոս, իսկ 2011թ.-ին՝ 3 տոկոս:

Բ. Ասատրյան. Կասկածում եմ, որ անցկացված կանխատեսումները հիմնված են լուրջ հաշվարկների վրա: Ավելին, դրանցում բացակայում է տնտեսական իրավիճակի զարգացման տրամաբանությունը: 2009թ.-ին Հայաստանի տնտեսության շոկային փլուզումը պայմանավորված է հայկական տնտեսության լուրջ հիվանդություններով, որոնք երկարատև և լուրջ բուժում են պահանջում, որը ենթադրում է հայկական տնտեսության դիվերսիֆիկացիա, մենաշնորհների գործունեության զգալի սահմանափակում, քրեական-կոռուպցիոն կառավարման համակարգի արմատապես վերացում:

Մինչճգնաժամային մակարդակի վերականգնման և տնտեսության որակյալ աճի ձեռքբերման գործընթացը բավականին երկարատև կլինի, ինչի համար կպահանջվի երեք-չորս տարվա լուրջ աշխատանք, առաջին հերթին՝ քաղաքական կամք:

«ԱՌԿԱ» Ձեր կարծիքով, որքանո՞վ է հիմնավորված ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 7,25 տոկոս բարձրացնելը (սա ընթացիկ տարում տոկոսադրույքի արդեն հինգերորդ բարձրացումն է), և ինչպե՞ս դա կանդրադառնա հանրապետության բանկային համակարգի վրա:

Բ. Ասատրյան. Այն պայմաններում, երբ երկրի տնտեսության վրա գնաճային ճնշումն ուժեղանում է, ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի մինչև 7,25 տոկոս բարձրացնելը բավականին հիմնավորված քայլ է:

Սակայն երկրի փողային իշխանությունները պետք է գիտակցեն, որ այն անարդյունավետ է և ոչ բավարար: Ֆինանսական շուկայի թույլ զարգացման պայմաններում տոկոսադրույքների քաղաքականությունը չի գործում և բանկային հատվածի վրա ոչ մի ձևով չի անդրադառնա: Չեմ զարմանա, եթե նույնիսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պայմաններում վարկավորման տոկոսադրույքները նվազեն կամ մնան նույն մակարդակի վրա:

«ԱՌԿԱ». Երկրում ո՞ր միտումներն են վկայում, որ Հայաստանում ճգնաժամի երկրորդ ալիքի վտանգը բացառվում է՝ համաշխարհային տնտեսության բարելավման ֆոնի ներքո, իհարկե եթե դուք կիսում եք այս տեսակետը:

Բ. Ասատրյան. Այդ տեսակետը ես պարզապես չեմ կիսում, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարված է, այն արդեն անցյալում է: Սակայն, նոր ճգնաժամերի հնարավորությունը բարձր է, այսօր, օրինակ,  առկա է Եվրոպայում պետական ֆինանսների ճգնաժամը, և դեռ հայտնի չէ, թե կկարողանա՞ն, արդյոք, միացյալ Եվրոպայի իշխանությունները տեղայնացնել ճգնաժամը և կառուցվածքային, և տարածաշրջանային տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ մոտ ամբողջովին այլ իրավիճակ է: Մեր տնտեսության վրա ճգնաժամերի փոխանցվող մեխանիզմը սպեցիֆիկ է: Բավական երկար ժամանակ է պահանջում ազդեցության գործոնների «կուտակման» գործընթացը, և միայն որոշ ժամանակաշրջան անցնելուց հետո է այն անդրադառնում մեր տնտեսության վրա: Մենք առաջին անգամ բախվեցինք դրան 98 թվականի ռուսական ֆինանսական ճգնաժամից հետո, ավելի խորն այն դրսևորվեց վերջին համաշխարհային ճգնաժամի ժամանակ: Բացի այդ, 2010 թ.-ին սոցիալական և հումանիտար ոլորտներում մենք գործ կունենանք ճգնաժամի այնպիսի դրսևորումների հետ, ինչպիսիք են կենսամակարդակի անկումը, ձեռնարկությունների փակումն ու սպասարկման և առևտրի ոլորտներում զբաղվածության կրճատումը, բնակչության միգրացիան և այլն:

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ դասեր կարող է քաղել ճգնաժամից Հայաստանի բանկային հատվածը և, մասնավորապես, հիփոթեքային վարկավորման շուկան:

Բ. Ասատրյան. Ընդհանուր առմամբ, ճգնաժամի հնարավոր դրսևորումների վրա բանկային հատվածի արձագանքն համարժեք էր. կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին նաև կարգավորող մարմինների և առևտրային բանկերի կողմից: Այսպես, բանկային հատվածը տնտեսության տոկոսային կրճատման ֆոնի ներքո շարունակում էր աճել՝ չնայած աճի տեմպերն ու գործունեության արդյունքները համեմատաբար համեստ էին:

Իսկ ինչ վերաբերում է հիփոթեքային վարկավորմանը կամ ավելի հստակ՝ նոր բնակարանի ձեռքբերման նպատակով վարկավորմանը, ապա ես ամբողջովին այլ դիրքորոշում ունեմ: Հայաստանի տնտեսության մեջ ձևավորված իրավիճակում, երբ նկատվում է բնակչության բավականին ակտիվ արտահոսք, իսկ բնակմակերեսի ապահովվածությունը բավականին բարձր է, ապա ֆինանսական հատվածի զարգացման նման մակարդակում և բարձր բանկային տոկոսադրույքների դեպքում այս ամենն ավելի շատ արհեստական խուճապ կամ իշխանության առանձին օղակների նախաձեռնություն է հիշեցնում՝ սեփական բիզնեսի առաջադրման նպատակով: Գաղտնիք չէ, որ հիփոթեքային վարկերի զգալի մասը նախօրոք պայմանավորված գործարքներ են, որոնք ուղղված են ցածր տոկոսադրույքներով ֆինանսական միջոցներ ստանալուն: Իհարկե, նոր բնակարանի պահանջարկ կա: Սակայն երկրի բնակարանային ֆոնդի թարմացման գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում, և Հայաստանի բնակարանային ֆոնդի պարզ վերարտադրության համար նույնիսկ բնակարանաշինության մինչճգնաժամային մակարդակի վերականգնման դեպքում մի քանի տասնյակ տարի կպահանջվի: Այսօր ավելի ակտուալ է բնակարանաշինության նպատակային ֆինանսավորումը, դեռևս պահպանվում են աղետի գոտու խնդիրները, բավականին հրատապ է նորաստեղծ ընտանիքների խնդիրը: Հենց այս ոլորտներ պետք է ուղղվեն ֆինանսական հոսքերն ու ջանքերը:

«ԱՌԿԱ». Սակայն կարելի՞ է պնդել, որ Հայաստանում ստեղծվել է ճգնաժամին դիմակայելու ինչ-որ համակարգ:

Բ. Ասատրյան. Միանշանակ, ոչ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանում դիմակայման ոչ մի համակարգ չի մշակվել: Ճգնաժամը մի մեծ դպրոց է, որտեղ պետք է սովորել: Սակայն դրա համար որոշակի համակարգ է հարկավոր: Մենք հիմա ավելի շատ նման ենք ծուռ հայելիների թագավորությանը, և ճգնաժամից դեռ ոչ մի դաս չենք քաղել:

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը համաշխարհային ֆինանսական հարթակներում, և ի՞նչ է այժմ տեղի ունենում Հայաստանի արժեթղթերի շուկայում:

Բ. Ասատրյան. Համաշխարհային առաջատար ցուցանիշների՝ գրեթե մեկ տարվա ընթացքում նկատվող կայուն աճը վերջին շաբաթների ընթացքում Եվրոպայից ստացվող լուրերի ազդեցության տակ վերածվել է ֆոնդային բորսաների տենդի և հիմնական ցուցանիշների անկման: Զգալի անկում է ապրել եվրոյի փոխարժեքը համաշխարհային հիմնական արտարժույթների նկատմամբ: Մի խոսքով, համաշխարհային ֆոնդային շուկաներում լուրջ տեղաշարժեր են նկատվում: Իսկ Հայաստանում գրեթե ոչինչ տեղի չունեցավ, թերևս միայն փոքր-ինչ ամրապնդվեց դրամը: Այս իմաստով մենք ավելի շատ նման ենք հեռացած լեռնային բնակավայրի. ճանապարհները ծածկվել են ձյունով, հեռախոսներն անջատվել են, կապ չի լինի մինչև գարուն, և հայտնի չէ, թե երբ կգա այդ գարունը:

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներդրումային գրավչությունը այս փուլում, և այս տեսանկյունից հայկական տնտեսության ո՞ր ոլորտները կկարողանային գերիշխող դիրք զբաղեցնել:

Բ. Ասատրյան. Հայաստանում ճգնաժամի առավել լուրջ դրսևորում էր մասնավոր ներդրումների մակարդակի զգալի անկումը: Ճգնաժամը գրեթե մերկացրեց մեր տնտեսության հիվանդությունները, և առանց լուրջ վիրաբուժական միջամտությունների անհնար է վերականգնել տնտեսությունը, այդ թվում նաև նրա կարևոր բաղկացուցիչը՝ մասնավոր ներդրումները: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև