Կոնվերս բանկը սկսել է պարտատոմսերի հերթական վճարումը

18.06.2010 16:12
Կոնվերս բանկը սկսել է պարտատոմսերի հերթական վճարումը

ԵՐԵՎԱՆ 18 հունիսի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հունիսի 16-ից սկսել է իր անվանական միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների հերթական վճարումը:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը ուրբաթ տեղեկացրեցին Կոնվերս բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ պարտատոմսի դիմաց վճարվող արժեկտրոնի չափը կազմում է 804.6 դրամ, իսկ տվյալ արժեկտրոնի վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 8,046 հազար դրամ:

Տեղեկատվության համաձայն` հունիսի 16-ի դրությամբ բանկն արդեն վճարել է մոտ 8,046 հազար ՀՀ դրամ: Իրենց վճարները ստացել են 1 իրավաբանական անձ և 25 ֆիզիկական անձ: Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, «Կոնվերս բանկը»  իր անվանական միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը սկսել էր դեռևս 2008թ. դեկտեմբերի 16-ին:

Տեղաբաշխված պարտատոմսերի անվանական ծավալը կազմում է 300 միլիոն դրամ ՀՀ դրամ, մարման ժամկետը 3 տարի է, տարեկան եկամտաբերությունը` 10,64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում են եռամսյակային հաճախականությամբ:

Տեղեկատվության համաձայն` բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալը կազմում է 1,5 միլիարդ դրամ` 50 հազար հատ` յուրաքանչյուրը 30 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մեկից ավելի տրանշով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են շուրջ 80 միլիարդ դրամ, պարտավորությունները` 67,4 միլիարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը 12,6 միլիարդ դրամ է, վարկային ներդրումները` շուրջ 46 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 57,3 միլիարդ դրամ, իսկ առաջին եռամսյակի մաքուր եկամուտը` 624,3 միլիոն դրամ:

Կոնվերս բանկը Հայաստանի 13 քաղաներում այժմ ունի 25 մասնաճյուղ և շուրջ 550 աշխատակից: (1 դոլարը 374,20 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև