Հայկական դրամն ու Հայաստանի բանկային համակարգը նշում են 17-ամյակը

23.11.2010 14:42
Հայկական դրամն ու Հայաստանի բանկային համակարգը նշում են 17-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամն ու Հայաստանի բանկային համակարգը նշում են 17-ամյակը:

1993 թ.-ի նոյեմբերի 22-ին Հայաստանում սկսվեց խորհրդային ռուբլին նոր ազգային արժույթի՝ հայկական դրամի փոխարինման գործընթացը: Այդ գործընթացը տևեց գրեթե մեկ շաբաթ:

Չնայած այն տարիների բավական ծանր պայմաններին, որոնք երկրի բնակչությունը հիշեց որպես ցուրտ և մութ տարիներ, դրվեցին հայկական պետականության և հիմնական ֆինանսական կառույցների, այդ թվում նաև Հայաստանի բանկային համակարգի հիմքերը:

Հայկական դրամի ձևավորումը

Ազգային արժույթը շրջանառության մեջ մտցնելու մասին հիշողությունները կիսելիս՝ Հայաստանի Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը նշեց, որ Հայաստանը նախկին Խորհրդային Միության վերջին երկիրն էր, որը խորհրդային ռուբլին փոխարինեց ազգային արժույթով:

Նրա խոսքերով՝ Հայաստանում խորհրդային տարիներին շրջանառության մեջ էր գտնվում 92-93 միլիարդ խորհրդային և ռուսական ռուբլի (1992 թ.-ից):

«Սխալ կարծիք կար այն մասին, որ Ռուսաստանն անում էր ամեն ինչ ռուբլու միասնական գոտին պահպանելու համար, սակայն դա այդպես չէր, քանի որ Մոսկվան ինքն էլ փոխարինեց ռուբլին», - ասաց Ասատրյանը:

Նա նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում հայկական դրամով փոխարինվեց 117 միլիարդ ռուբլի, ինչը 25 տոկոսով գերազանցեց նախատեսված մակարդակը:

Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում հետխորհրդային շրջանի այլ երկրներից ռուբլու բավականին լուրջ հոսք էր նկատվում, ինչը հանգեցրեց լուրջ գնաճային ճնշման:

Հիշելով այդ ժամանակահատվածը՝ Ասատրյանը նշեց, որ այն ժամանակ Հայաստանն ինստիտուցիոնալ տեսակետից Կենտրոնական բանկ չուներ, չկային նաև սեփական պաշարներ: Կառավարությունը գնել էր որոշակի ծավալի ապրանք, որը պետք է վաճառքի հանվեր՝ ազգային արժույթի շրջանառության խթանման և դրա կայունության պահպանման համար:

Ինչ վերաբերում է արժութային պահուստներին, ապա նրա խոսքերով՝ այն տարիներին դրանք կառավարության ենթակայության տակ էին և չէին գերազանցում 500 հազար դոլարը:

«Գործընթացը կազմակերպչական տեսակետից բավականին լավ անցկացվեց: Արդեն մեկ շաբաթ անց փողը ընդունվել էր բնակչության կողմից, թեպետ սկիզբը բավականին ծանր էր», - ասաց ԿԲ-ի նախկին ղեկավարը:

Նրա խոսքերով՝ սկզբում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի ֆիքսված փոխարժեքի պահպանման քաղաքականություն էր անցկացվում, սակայն արժույթը շրջանառության մեջ մտցնելուց տասը օր անց որոշում ընդունվեց լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին:

Հայկական դրամը շրջանառության մեջ մտցվեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 14,5 դրամ փոխարժեքով, իսկ լողացող փոխարժեքի անցնելուց հետո տարեվերջին փոխարժեքը գրեթե հինգ անգամ կրկնապատկվեց և կազմեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց գրեթե 75 դրամ:

Այսօր Հայաստանը շարունակում է պահպանել լողացող փոխարժեքի քաղաքականությունը, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը 2010 թ.-ի նոյեմբերի 23-ի տվյալներով կազմում է 1 դոլարի դիմաց 361,87 դրամ:

Բանկային համակարգ

Հայկական բանկային համակարգն իր հիմնադրման ամենասկզբում աշխարհում զբաղեցնում էր առաջատար դիրքերից մեկը 1 միլիոն բնակչի հաշվով բանկերի քանակի տեսակետից, քանի որ երկրում գործում էր 60-ից ավել տեղական և ավելի քան 15 օտարերկրյա բանկ:

Ինչպես նշեց Ասատրյանը, բանկային համակարգը 1994 թ.-ին սկսեց 458 միլիոն դրամ կանոնադրական կապիտալով և ակտիվների 985 միլիոն դրամ ընդհանուր ծավալով: 2010 թ.-ին կանոնադրական կապիտալն արդեն մոտենում է 300 միլիարդ դրամի, իսկ ընդհանուր ակտիվների ցուցանիշը կազմում է 1,4 տրիլիոն դրամ:

«Չնայած բավականին բարձր ցուցանիշներին, Հայաստանի բանկային համակարգն այսօր համեմատաբար թույլ է, ինչը պայմանավորված է համակարգային խնդիրներով, այն ավելի մեծ ուշադրության կարիք ունի», - ասաց ԿԲ-ի նախկին նախագահը՝ պարզաբանելով, որ 15 տարվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգի զարգացման տեմպերն ավելի բարձր էին, քան տնտեսության այլ ոլորտների զարգացումը:

Նրա խոսքերով՝ այսօր հայկական բանկերն աշխատում են միջազգային չափորոշիչներով, և հայկական միջին բանկը կարող է տրամադրել նույն ծառայությունները, ինչ միջին եվրոպական բանկը: Իսկ մի շարք դեպքերում՝ կարող է նույնիսկ ավելի արդյունավետ որոշումներ ընդունել:

Լուրջ առավելություններ կան նաև բանկային գործունեության հսկողության տեսակետից, որը տարբերվում է ավելի լավ կազմակերպվածությամբ և պրոֆեսիոնալիզմով:

«Հայաստանի բանկային համակարգն առողջ է, սակայն տնտեսության մեջ այն դերը չի խաղում, որն, ըստ էության, պետք է խաղա», - ընդգծեց ԿԲ-ի նախկին նախագահը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև