Telcell-ը «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության համար մշակել է ԱՊՊԱ վկայագրերի վաճառքի մոդուլ

01.12.2010 15:31
Telcell-ը «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության համար մշակել է ԱՊՊԱ վկայագրերի վաճառքի մոդուլ

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. TelCell վճարային համակարգը «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության համար մշակել է ԱՊՊԱ վկայագրերի վաճառքի մոդուլ, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Վկայագրերի վաճառքի նոր համակարգը ներառում է լուծումների ամբողջական համակարգ, որը պոտենցիալ ապահովադիրներին հնարավորություն է տալիս «ինքնասպասարկման ռեժիմում» կատարել Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համար անհրաժեշտ ապահովագրական գործողություններ:

«Համակարգը վճարողին հնարավորություն է տալիս հենց տերմինալի միջոցով հաշվել սեփական ԱՊՊԱ-ի արժեքը` կիրառելով «ապահովագրության հաշվիչը»: ԱՊՊԱ վկայագրի գնումը տերմինալի միջոցով տևելու է երեք րոպեից էլ քիչ: Այնուհետև պատվիրված ԱՊՊԱ-ն գնորդին հարմար ժամին կառաքվի վերջինին հարմար վայր»,- բացատրել է TelCell ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը:

Ընկերությունն աննախադեպ կարճ ժամկետում «ԻՆԳՈ Արմենիայի» համար մշակել և ներդրել է ամբողջական արտադրանք` ներառյալ ԱՊՊԱ ակնթարթային վաճառքի մոդուլը` պատվիրված ԱՊՊԱ վկայագրերի վճարների ընդունման մոդուլը: Գործակալները տվյալ համակարգի շնորհիվ կարող են օրվա ցանկացած պահին իրենց ընկերությանը փոխանցել ԱՊՊԱ վաճառքից ստացած փողը: «ԻՆԳՈ Արմենիայի» հավանական հաճախորդը կարող է նաև օգտվել ԱՊՊԱ-ի` տուն առաքման, հեռախոսով և էլեկտրոնային հասցեով ԱՊՊԱ պատվիրելու ծառայություններից:

Ինչպես նշել է Ազատյանը, ԱՊՊԱ-ի ներդրումը կնպաստի քաղաքացիների` ապահովագրման մշակույթի զարգացմանը, սակայն այդ ոլորտի «խաղացողների» օրակարգում է շատ կարճ ժամանակահատվածում ավելի քան 400,000 ավտոմեքենաների ապահովագրման խնդիրը:

«TelCell-ի ինքնասպասարկման տերմինալների զարգացած ցանցը կարող է ապահովագրողների համար դառնալ հավելյալ գործիք», - ասել է ընկերության տնօրենը:

Միաժամանակ «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանը նշել է, որ հենվելով Ռուսաստանի ապահովագրական շուկայի առաջատարներից մեկը համարվող իր մայր ձեռնարկության փորձի վրա՝ընկերությունը  զինվել է բիզնեսի վարման նորագույն տեխնոլոգիաներով` տեղայնացնելով դրանք տեղի իրականությանը համապատասխան:

«Ընկերությունը, պահպանելով վստահելի գործընկերոջ հեղինակությունը, ղեկավարվում է յուրաքանչյուր ապահովադրի հանդեպ համալիր մոտեցման սկզբունքով և միշտ ձգտում է հաճախորդներին ապահովել հարմարավետության ժամանակակից մակարդակ»,- ընդգծել է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանը:

Ընկերությունն այսօր ունի գործակալների ամենալայն ցանցերից մեկը և շուրջ 300 կետեր ՀՀ տարածքում:

«Ինգո Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997 թ.-ին որպես «Էֆես» ՓԲԸ: 2003 թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք է բերել «Ինգոսստրախ» ռուսական ապահովագրական ընկերությունը, ինչից հետո ընկերությունը վերանվանվեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 միլիոն դրամ:

TelCell ՓԲԸ-ն Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում գործում է 2007 թ օգոստոսից: Ներկայում TelCell-ի պրոցեսինգային կենտրոնին են միացված վճարումների ընդունման ավելի քան 300 կետեր: Դրանց օգնությամբ հնարավոր է վճարում կատարել հանրապետության բջջային կապի օպերատորների հաշվին, մարել վարկերը, կատարել կոմունալ վճարումները և վճարել ինտերնետ հասանելության վարձը: Ընկերության տերմինալները գտնվում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Աշտարակում, Կապանում, Հրազդանում, Մասիսում և հանրապետության մյուս քաղաքներում: Վերոնշյալ բոլոր բնակավայրերում այսուհետև հնարավոր է պատվիրել նաև «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության ԱՊՊԱ վկայագրերը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև