«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվելու է NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում

11.05.2011 11:42
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվելու է NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի հասարակ անվանական բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվելու է NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի B ցուցակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բորսայի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, ընկերության բաժնետոմսերի այս թողարկումը ընդգրկում է 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով 1 400 000 բաժնետոմս: Այսպիսով շուկայում շրջանառվելու է թվով 7 362 074 «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից թողարկված բաժնետոմս:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) էլեկտրաէներիայի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունն է, որը բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի ներկայիս պահանջարկի մոտ 50%-ը: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը իրականացվել է 2009 թ.-ի մարտի 3-ից – 2009 թ.-ի մարտի 20-ը: Տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը 862,074 հատ էր, որոնք ձեռք են բերվել տեղական և օտարերկրյա 1 111 ներդրողների կողմից:

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի 27-ին պաշտոնապես վերանվանվել է «NASDAQ OMX Armenia” ԲԲԸ-ի: 2009 թ.-ի հունիսի 5-ին «NASDAQ OMX Armenia» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև