Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների ծավալը երկրորդ եռամսյակում ավելացել է 19%-ով՝ կազմելով 161 մլրդ դրամ

08.09.2011 13:08
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների ծավալը երկրորդ եռամսյակում ավելացել է 19%-ով՝ կազմելով 161 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկերի և դրամական փոխանցումներ իրականացնող այլ կազմակերպությունների միջոցով Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների ծավալը 2011թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 161 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19 տոկոսով:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում արտասահման կատարված փոխանցումների ծավալը կազմել է 64 մլրդ դրամ՝ գրեթե չփոխվելով 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Արդյունքում, միջազգային համակարգերի միջոցով առևտրային բանկերի կողմից իրականացված փոխանցումների զուտ հոսքը 2011 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 97 մլրդ դրամ, ինչը 26 մլրդ դրամով շատ է 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:

Փոխանցումների միջազգային համակարգերին մասնակցող առևտրային բանկերի միջոցով դեպի Հայաստան կատարված փոխանցումների ծավալը 2011թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 118 մլրդ դրամ (533326 փոխանցում), ինչը 7,9 անգամ գերազանցում է արտասահման կատարված դրամական փոխանցումների ծավալը:

Հայաստան կատարված փոխանցումների ծավալը, 2010թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 20 մլրդ դրամով: Միաժամանակ միջազգային համակարգերի միջոցով կատարված մեկ փոխանցման միջին չափը կազմել է 221 հազար դրամ, ինչը 9 հազար դրամով ավել է 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Ընդհանուր առմամբ, առևտրային բանկերի թղթակցային հաշիվների միջոցով ֆիզիկական անձանց անվան վրա իրականացված դրամական փոխանցումները կազմել են 43 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 14 տոկոսով կամ 5,4 մլրդ դրամով: Դեպի Հայաստան կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 2,6 մլն դրամ, որը 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 0,8 մլրդ դրամով: Միաժամանակ առևտրային բանկերի թղթակցային հաշիվների միջոցով դեպի արտասահման ֆիզիկական անձանց անվան վրա կատարված փոխանցումների ծավալը, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 3 մլրդ դրամով (կամ 6 տոկոսով) և կազմել 50 մլրդ դրամ:

Բանկերի թղթակցային հաշիվների միջոցով (SWIFT-ի, տելեքսի, ֆաքսի և բանկ-հաճախորդ համակարգի միջոցով) դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների համախառն ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 690 մլրդ դրամ՝ 32671 փոխանցման դեպքում: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 21 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 13 տոկոսով: (1 դոլարը 370, 73 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև