Անելիք Բանկը 2012թ.-ին կդիվերսիֆիկացնի իր եկամուտների աղբյուրները

24.02.2012 13:13
Անելիք Բանկը 2012թ.-ին կդիվերսիֆիկացնի իր եկամուտների աղբյուրները

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ֆինանսատնտեսական  ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքին դիմակայելու նպատակով Անելիք Բանկը 2012թ.-ին կդիվերսիֆիկացնի իր եկամուտների աղբյուրները, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը:

«2012 թվականին «Անելիք Բանկը» կփորձի դիվերսիֆիկացնել իր եկամուտների աղբյուրները, մասնավորապես` վարկային պորտֆելը, որը 2011-ին ուղղված էր հիմնականում բիզնեսի վարկավորմանը»,- նշեց նա:

Ինչպես նշեց Նաջարյանը, 2012 թվականին Բանկը, շարունակելով  բիզնեսի վարկավորումը, նախատեսել է ավելացնել նաև սպառողական վարկավորումն ու ակտիվորեն շարունակելու է ավանդային պորտֆելի ավելացումը:

Վարչության նախագահի տեղակալի խոսքերով՝ 2012 թվականին Բանկը նաև նպատակ ունի, բացի «Անելիք» և «Moneygram» դրամական փոխադրումների համակարգերից, ակտիվորեն համագործակցել այլ համակարգերի հետ ևս, որը նոր հնարավորություն կընձեռի բանկի հաճախորդներին առավել արագ ու մատչելի իրականացնել իրենց դրամական միջոցների փոխանցումները:

«Բանկը նախատեսել է նաև իրականացնել կառուցվածքային որոշ  փոփոխություններ և օպտիմալացնել իր աշխատակազմը, որն ուղղված է բարելավելու Բանկի գործունեությունը և առավել բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը»,- ասաց Նաջարյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

«Անելիք» դրամական փոխանցումների համակարգը ստեղծվել է 1997թ.-ին, այսօր գործում է գրեթե 90 երկրներում, համակարգում ներառված են շուրջ 63 հազար վճարման կետեր: «Անելիք» Դրամական փոխադրումների համակարգով 2011 թվականին իրականացված փոխանցումների ծավալը 2010 թվականի համեմատ աճել է 13 տոկոսով՝ գերազանցելով 1 մլրդ դոլարը, փոխանցումների թիվը՝ շուրջ 2 մլն. փոխանցում՝ 2010 թվականի համեմատ ավելանալով  50 տոկոսով:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 73,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 58 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 39,5 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ ավելի քան 35,9 մլրդ դրամ, 2011թ.-ի մաքուր եկամուտը կազմել է 145,9 մլն դրամ ($1-389,34 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև