Համաշխարհային բանկը կարող է Հայաստանին մոտ 150 մլն դոլար հատկացնել 2014-2017 թվականների համար

11.01.2013 17:52
Համաշխարհային բանկը կարող է Հայաստանին մոտ 150 մլն դոլար հատկացնել 2014-2017 թվականների համար

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը կարող է Հայաստանին մոտ 150 մլն դոլար հատկացնել 2014-2017 թվականների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան–Միշել Հափին։

Նրա խոսքով` Հայաստանի հետ համագործակցության ռազմավարությունը և ֆինանսական օժանդակության ծավալները կքննարկվեն և կհամաձայնեցվեն կառավարության հետ երկրի զարգացման ռազմավարության համատեքստում։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանին կհատկացվի մոտ 150 մլն դոլար, ինչն ինքնին նույնպես կառավարության հետ քննարկման առարկա է, քանի որ միջոցների մեծ մասը հատկացվում է բյուջետային գործառնությունների, գյուղատնտեսության, սոցիալական պաշտպանության, կրթության օժանդակությանը»,– ասաց Հափին։

2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո մշակված՝ Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարության» ժամկետը 2013թ. կեսին մոտենում է ավարտվին: Համաշխարհային բանկը կառավարությանն աջակցել է՝ նախատեսելով ՄԶԸ/ՎԶՄԲ 640.6 միլիոն ԱՄՆ դոլար գումարի ընդհանուր հատկացում, որից 277 միլիոն ԱՄՆ դոլարը բաժին է ընկնում ՄԶԸ-ին:

Ներկայում Բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է 14 ծրագիր: Այդ թվում`   «Կենսական նշանակության ճանապարհների բարելավումը» (LRIP), «Համայնքային ջրամատակարարում (MWP) և համայնքային ջրամատակարարման և ջրահեռացում»  (MWWP), «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը» (IREP), «Հայաստանի էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագիրը (ESRP), «Երկրաջերմային էներգետիկայի ծրագիրը» (GEP), «Էներգախնայողության ծրագիրը» (EEP), «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարումը և մրցունակությունը» (CARMAC):

Ինչպես նաև՝  «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագիրը»  (AFSME), «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» III (ASIF) ծրագիրը, «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագիրը» (HMP), «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիրը» (JRP II), «Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագիրը» (PSMP-II), «Կրթության որակ և համապատասխանություն», «Սոցիալական պաշտպանության վարչարարություն», «էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության»: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև