ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը

09.04.2013 15:21
ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը։

Հրաժարականի դիմումը նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կառավարության անդամների ներկայությամբ։

«Այս տարիների ընթացքում Ձեր քաղաքական ղեկավարության ներքո մեր թիմը նվիրվածությամբ փորձել է կատարել Ձեր կողմից դրված բոլոր խնդիրները։ Իհարկե, մենք ունեցել ենք նաև դժվար օրեր, ունեցել ենք ոչ միայն հաջողություններ, այլ նաև և բացթողումներ, և սխալներ»,– հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` նախագահին ներկայացնելով կառավարության հրաժարականի դիմումը։

Նշելով, որ ապագայի ամենահուսալի խորհրդատուն անցյալն է` Սարգսյանն ասաց, դիմելով նախագահին, որ նրա անցած ուղին, նրա փորձն ու գիտելիքները, մարդկային որակներն այն երաշխիքներն են, որոնք հույս են ներշնչում, որ հայկական պետությունը կզարգանա, և կլինեն նոր վերելքներ ու նոր հաղթանակներ։

Այնուհետև վարչապետն ընթերցեց Հայաստանի կառավարության հրաժարականի տեքստը։

Պետության ղեկավարն իր հերթին շնորհակալություն հայտնեց կառավարությանն աշխատանքի համար, և նշեց, որ աշխատանքից դժգոհները «դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ խնդիրներից»։

«Դուք աշխատել եք բարդ պայմաններում և լուծել շատ դեպքերում անհնարին խնդիրներ, դիմակայել եք մարտահրավերների։ Կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ, և ես վստահ եմ, որ նոր կառավարությունը, շարունակելով ձեր ավանդույթները, կկատարի բոլոր ծրագրերը»,– ասաց նախագահը։

ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը։

ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Միջազգային դիտորդներն ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանող են ճանաչել։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post