Կուդրին. «Մենք ապահովագրված չենք ճգնաժամի հետևանքներից»

10.04.2013 18:13
Կուդրին. «Մենք ապահովագրված չենք ճգնաժամի հետևանքներից»

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը վստահ է, որ տնտեսական ճգնաժամը դեռ չի ավարտվել, և պետությունները դեռ շատ քայլեր ունեն ձեռնարկելու` եվրոպական երկրների ֆինանսական անկայունության հաղթահարման համար, գրում է banki.ru–ն։

«Ես չեմ կարծում, թե ճգնաժամն ավարտվել է։ Ավելին` այն բարձրակետում է, և մենք չգիտենք, թե ինչպես կավարտվի` կարող է` լավ, կարող է` վատ։ Կիպրոսյան բանկերից, հատկապես խոշոր բանկերից, ինչպիսին Կիպրոսի Բանկն է, դեռ փողերի ազատ փոխանցում չի կատարվում։ Հայտնի չէ, թե ինչպես իրենց կպահեն ներդրող–ավանդատուները` կցանկանա՞ն արագ հեռանալ, թե՞ ինչ–որ մեկը կմնա։ Այսպիսով, մենք չգիտենք, թե ինչով ամեն ինչ կավարտվի։ Եթե ավելի վատ ավարտվի, քան բոլորն ակնկալում են, ապա դա շատ կազդի Եվրոպայի հարավային երկրների դրության վրա։ Մենք առայժմ ապահովագրված չենք ճգնաժամի զարգացումից, դրա թափանցումից այլ երկրներ»,– ասել է Կուդրինը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Խոսելով այն մասին, թե հաջորդը որ երկրի տնտեսությունն է անկում ապրելու` նախկին նախարարը հայտարարել է. «Սլովենիան այժմ առավել բարդ վիճակում է, բայց թերևս այնտեղ խնդիրները կանգնեցնելն ավելի դյուրին է, իսկ օրինակ, այլ երկրներում դա ավելի դժվար կլինի անել։ Այդ իսկ պատճառով բոլորն ավելի շատ վախենում են Պորտուգալիայի, Իսպանիայի և Իտալիայի համար` այդ երկրները բարդ իրավիճակում են։ Նրանց բոլորից ավելի է օժանդակություն ցուցաբերվում, բոլոր ուժերը կիրառվել են այդ երկրների փրկության համար։ Բայց չի բացառվում, որ այդ աջակցությունը կարող է շատ թանկ կամ ժամանակավոր լինել, այդ պատճառով առայժմ ռիսկեր են մնում ինչպես փոքր, այնպես էլ խոշոր երկրների համար»։

Անդրադառնալով օֆշորային սխեմաներին` նա նշել է, որ 2007-2008 թվականների համաշխարհային ճգնաժամի ծավալն անկանխատեսելի էր։ «Այսինքն ծավալն անսպասելի էր, և այն խնդիրներ առաջացրեց բոլոր երկրներում։ Այսօր ԱՄՆ–ն պակասուրդի կրճատման խնդիր ունի, Մեծ Բրիտանիան բացասական աճ և հսկայական պակասուրդ ունի, այսինքն ոչ մի երկիր չէր սպասում, որ այդ խնդիրներն այդպես կկուտակվեն և ծանրագույն վիճակ կառաջացնեն։ Ուրեմն կարելի է ասել, որ տնտեսագետներն անուշադիր գտնվեցին, երբ կարգավորիչները թերագնահատեցին ռիսկերը, երբ եկամուտներ չեն ապահովվում, այսինքն ապրում են պարտքով։ Այդ ժամանակահատվածում պարտքերը պետք է կրճատվեն։ Իսկ երբ դրանք կուտակվեցին, պարզվեց, որ պահուստներ, կայունություն չկա։ Իմ կարծիքով, քաղաքական գործիչները, նախևառաջ, դրա համար են պատասխանատու»,– ասել է Կուդրինը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև