«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանում առաջին Finstore.am բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութը

09.07.2013 13:41
«ԱՌԿԱ»  գործակալությունը ներկայացնում է Հայաստանում առաջին Finstore.am բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայկական շուկայի համար նոր, աննախադեպ պրոդուկտ է գործարկել` Finstore.am բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութը։

Finstore.am–ը Հայաստանի ձեռնարկությունների տվյալների բազա է, որը թույլ է տալիս վերլուծել շուկան և գնահատել հայկական տնտեսության տարբեր հատվածների ներդրումային գրավչությունը։

«Բազան թույլ է տալիս ուսումնասիրել բիզնես միջավայրը, ավելի լավ ճանաչել հաճախորդներին և հետևել մրցակիցների բիզնեսի վիճակին։ Finstore.am–ը երկարաժամկետ նախագիծ է, որը մշտապես կկատարելագործվի և կընդլայնվի։ Այսօրվա դրությամբ մեզ մոտ արդեն հավաքվել և դասակարգվել է ավելի քան 150 ընկերությունների մեծածավալ տեղեկատվություն, իսկ առաջիկայում դրանց քանակը կհասցնենք մինչև 400–ի»,– ասաց «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը։

Finstore.am–ը յուրօրինակ հարթակ է, որտեղ ներկայացված են ընկերությունների պրոֆիլները` իրենց պատմությամբ, ոլորտով և գործունեության բնույթով, ապրանքների և ծառայությունների, անձնակազմի քանակի, ինչպես նաև սեփականատերերի մասին տեղեկատվությամբ։ Այստեղ ներկայացված են  ամենատարբեր տվյալներ, մասնավորապես` ֆինանսական հաշվետվություններ, որոնք ներառում են կազմակերպությունների աճի, հասույթի, կապիտալացման  մակարդակի, լիկվիդայնության, շահութաբերության դինամիկան արտացոլող վերլուծական և ֆինանսական գործակիցներ։

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տնօրենի` նախագծի հաջողությունը մեծապես  կախված կլինի նաև հենց ընկերություններից, որոնք պետք է ցանկանան մանրամասն տեղեկատվություն տրամադրել, քանի որ նրանց ևս շահավետ կլինի իրենց գործունեության թափանցիկության և ներդրումներ ներգրավելու ցանկության իրական ապացույցը հանդիսացող հարթակի առկայությունը։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.-ի մայիսի 1-ից: Մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: Այսօր “ԱՌԿԱ” մեդիահոլդինգի կազմում են նաև հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների www.telecom.arka.am և ֆինանսա-բանկային www.armbanks.am կայքերը:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև