EFSE–ն 300 մլն դրամի լրացուցիչ կապիտալ է տրամադրել ՀՀ ԿԲ–ի դուստր կառույցին

18.06.2014 14:33
EFSE–ն 300 մլն դրամի լրացուցիչ կապիտալ է տրամադրել ՀՀ ԿԲ–ի դուստր կառույցին

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) ՀՀ ԿԲ–ի դուստր կառույցին` «Փոքր և միջին բիզնեսի վարկավորման աջակցություն» ՓԲԸ–ին, 300 մլն դրամ է տրամադրել ՀՀ–ում ՓՄՁ–ի զարգացման համար։

Լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման մասին համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է  Երևանում չորեքշաբթի EFSE–ի տարեկան ժողովի շրջանակներում ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և EFSE–ի տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բետի կողմից։

Ջավադյանը հույս է հայտնել, որ հիմնադրամը կնպաստի Հայաստանում ազգային արժույթով վարկավորման աճին։
Նրա խոսքերով` ՓՄՁ—ն կարևոր դեր է խաղում հայկական տնտեսության մեջ։

«Երկարատև ֆինանսավորման գրավիչ հնարավորությունները թույլ կտան վարկառու կազմակերպություններին ստեղծել նոր աշխատատեղեր, ավելացնել եկամուտներն ու խթանել տնտեսության զարգացումը», – ասել է Ջավադյանը։

EFSE–ի տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բետն իր հերթին նշեց ՀՀ ԿԲ–ի մեծ դերը փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման գործում։

«ՀՀ ԿԲ–ում մենք գտանք ֆինանսավորման հզոր ազդակ։ Նորարարական և արդյունավետ միջոցների օգնությամբ ԿԲ–ն նպաստում է ազգային արժույթով ՓՄՁ–ի ֆինանսավորմանը», – նշեց նա։

Պայմանագրի ստորագրումից հետո ՓՄՁ–ին աջակցելու նպատակով հիմնադրամի կողմից տրամադրվող վարկային միջոցները չափը կհասնի 1,5 մլրդ դրամի (մոտ 2,6 մլն եվրո)։

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հետ 2009 թ.–ի դեկտեմբերից։ 2014 թ.–ի երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում EFSE–ի ներդրումների ծավալը կազմել է 43,9 մլն եվրո, այս ցուցանիշի աճը, նախորդ տարվա վերջի համեմատ, կազմել է 11,7 տոկոս։

EFSE–ն միկրոֆինանսավորման խոշորագույն հիմնադրամներից մեկն է, որի ընդհանուր վարկերի ծավալն այսօրվա դրությամբ հասել է 211,3 մլն եվրոյի։ Գումարն օգտագործվել է միկրո և փոքր ձեռնարկություններին 121,422 նոր սուբվարկեր տրամադրելու, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու համար։

Փոքր և միջին բիզնեսների վարկային օժանդակություն ՓԲԸ-ն ստեղծվել է 2010թ.-ի դեկտեմբերի 28-ին միջազգային մասնագիտացված ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով` աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը Հայաստանում: Մասնավորապես Ընկերության հիմնական նպատակն է բանակցել փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման բնագավառում մասնագիտացված տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ` ապահովելու համար միջազգային ֆինանսական շուկաներից ֆինանսական միջոցների ներհոսք դեպի հայաստանյան վարկատու ինստիտուտներ: Ընկերության միակ սեփականատերը ՀՀ Կենտրոնական բանկն է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև