ՀԲ-ն Հայաստանին 32,67 մլն դոլար կհատկացնի գյուղատնտեսության ֆինանսավորման երկրորդ ծրագրի շրջանակներում

23.06.2014 14:53
ՀԲ-ն Հայաստանին 32,67 մլն դոլար կհատկացնի գյուղատնտեսության ֆինանսավորման երկրորդ ծրագրի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 32.67 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC Project) երկրորդ ծրագրին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀԲ-ի մամուլի ծառայությունից:

Ծրագրի ներքո նախատեսվում է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արդյունավետությունն ու ինքնաբավությունը մեծածավալ արոտավայրեր ունեցող ութ մարզերի շուրջ 100 համայնքներում՝ ավելացնելով շուկա դուրս բերվող անասնապահական արտադրանքը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող կանանց և տղամարդկանց համար գյուղատնտեսությունը շարունակում է մնալ որպես զբաղվածության ու ապրուստ վաստակելու հիմնական միջոց: Այսպիսով, գյուղացիական տնտեսությունների արտադրողականության զարգացումը, այդ թվում նաև՝ կոոպերատիվների ու միավորումների միջոցով, և գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների ու սննդի վերամշակման ձեռնարկությունների միջև կապերի ամրապնդումը, հույժ կարևոր են:

Շուկայի հասանելիության բարելավման, առևտրայնացման գործընթացներին աջակցելու և աշխատանքային հնարավորություններ ստեղծելու և դրանց զուգընթաց շրջակա միջավայրը պահպանելու միջոցով՝ ծրագիրը կօգնի վերացնել հիմնական սահմանափակող գործոնները:

CARMAC 2-ով ընդլայնվում է առաջին ծրագրի գործունեության շրջանակը, հատկապես՝ արոտավայրերի ու անասնապահության հաջողված բաղադրիչի մասով, որտեղ ավելացվում է անասնապահությունը և գյուղատնտեսական արտադրանքը շուկաների հետ կապելու նոր արժեշղթայի բաղադրիչը:

«Աղքատության նվազեցման և գյուղական համայնքներում համընդհանուր բարեկեցության խթանման համար խիստ կարևորվում է արտադրողականության մեծացումն ու շուկայի հասանելիության ապահովումը գյուղացիական տնտեսությունների համար, - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:
Միաժամանակ ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ ծրագրային աշխատանքներից հիմնականում կշահեն արոտավայրերի օգտագործողները, ֆերմերային կոոպերատիվները, ինչպես նաև սննդի արտադրությամբ զբաղվողները:
Նրա խոսքերով՝ ակնկալվում է, որ առնվազն 50000 ֆերմերներ կմասնակցեն ծրագրին արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներին (ԱՕԿ) անդամակցելու միջոցով:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 42.67 միլիոն ԱՄՆ դոլար, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է Կառավարության ու շահառուների ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 9.67 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՄԶԸ-ից, որից 3.8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը 1.25% տարեկան տոկոսադրույք, 25 տարի ժամկետ և  5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան,  5.87  միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը  1.40% տարեկան տոկոսադրույք, 25 տարի ժամկետ և  5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան, և 23 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություն  ՎԶՄԲ-ից՝ փոփոխական տոկոսադրույք,  10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարի ժամկետ:
Հայաստանին, որը 1992 թ-ից ՀԲ-ի անդամ է և 1993 թ.-ից՝ IDA-ի անդամ, ընդհանուր առմամբ տրամադրվել է մոտ 1 871,73 մլն դոլար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև