ՀՀ ԿԲ նախկին նախագահ. Արժեզրկվող ռուբլին կարող է հանգեցնել հայկական ապրանքները ռուսականներով փոխարինելուն

13.10.2014 17:17
ՀՀ ԿԲ նախկին նախագահ. Արժեզրկվող ռուբլին կարող է հանգեցնել հայկական ապրանքները ռուսականներով փոխարինելուն

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուբլու շարունակվող արժեզրկումը կարող է հանգեցնել հայկական ապրանքները ռուսականներով փոխարինելուն, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

«Ռուբլու թուլացումն այսօր լրջորեն կազդի Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես, այն մեր շուկայում ռուսական ապրանքներն ավելի մրցունակ կդարձնի, ինչի պատճառով կարող է տուժել մեր արտահանողը, իսկ տեղական ապրանքները կարող են փոխարինվել ռուսականներով»,– ասաց Ասատրյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Փորձագետը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո այդ գործընթացն ավելի կսրվի, և զգալի փոխարինում կարող է կատարվել ոչ միայն հայկական ապրանքների, այլ նաև Եվրոպայից ապրանքների նկատմամբ։

Ասատրյանի խոսքով, ի տարբերություն Ռուսաստանի, որն ունի շուկայի վրա ազդելու ու տնտեսությունը խթանելու ռեսուրսներ և գործիքներ, ինչպես նաև կարող է ազդել ազգային արժույթի վրա, Հայաստանն այդպիսի հնարավորություններ չունի։ «Հայաստանում արժութային ազատ քաղաքականություն է տարվում, և շուկայի վրա էապես ազդել միջոցների բացակայության պատճառով Կենտրոնական բանկը չի կարող»,– ասաց նա։

Ռուբլու արժեզրկումը 2014 թվականին միջազգային շուկաներում պայմանավորված է եղել բազմաթիվ գործոններով, դրանց թվում` Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը, հակառուսական պատժամիջոցներ, նավթի գների նվազում, կապիտալի չդադարող արտահոսք և այլն։

Տարեսկզբից ԱՄՆ դոլարի նկատմամբ մոտ 17 տոկոսով էժանացած ռուբլին շարունակում է արժեզրկվել` հաղթահարելով պատմական նվազագույնները, և այսօր գերազանցում է դոլարի դիմաց 40 ռուբլի ցուցանիշը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև