Հայկական բանկերի աճի տեմպերի դանդաղումը պայմանավորված է տնտեսության վիճակով

30.10.2014 12:24
Հայկական բանկերի աճի տեմպերի դանդաղումը պայմանավորված է տնտեսության վիճակով

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկրում տնտեսական վիճակը հանգեցրել է Հայաստանի բանկային համակարգի աճի տեմպերի դանդաղման, լրագրողներին ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:

«Բանկային համակարգն ու տնտեսությունը փոխկապակցված են, և աննշան տնտեսական աճի ֆոնին բնական է, որ բանկերի ցուցանիշները չեն կարող շատ բարձր լինել»,- նշել է նա:

Ընթացիկ տարվա առանձնահատկությունների թվում Թառումյանն առանձնացրեց բանկերի վարկային պորտֆելի վատացումը, ինչն անմիջականորեն ազդել է նրանց եկամուտների մակարդակի վրա:

«Վարկային պորտֆելի որակը վատացել է, և եթե դասակարգված վարկերը վարկային պորտֆելում միշտ 6 տոկոս են կազմել, ապա առաջին կիսամյակի արդյունքում այս ցուցանիշը մոտեցել է 7 տոկոսի», - ասել է նա:

Թառումյանի խոսքերով՝ վարկային պորտֆելի որակի վատացումը հանգեցրել է հնարավոր կորուստների մասով պահուստների ավելացման, տոկոսային եկամուտների նվազման և բացասաբար է ազդել բանկերի եկամտաբերության մակարդակի վրա:

Ինչպես նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալը, Հայաստանի բանկային համակարգի շահույթը, նախնական գնահատականներով, նվազել է 20 տոկոսով: Միաժամանակ վեց բանկեր հաշվետու ժամանակահատվածում վնաս են կրել, և սա այն պայմաններում, երբ նախորդ տարիների համեմատ վնասով է աշխատել մեկ-երկու բանկ:

Նա նաև տեղեկացրեց, որ Ամերիաբանկի զուտ շահույթը 2014 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 5,1 մլրդ դրամ՝ ավելանալով 11,2 տոկոսով, ինչը գերազանցում է բոլոր հայկական բանկերի եկամուտի համախառն ցուցանիշը:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի ակտիվները կազմել են 2 956 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 0,6 տոկոսով, պարտավորությունները կրճատվել են 0,52 տոկոսով և կազմել 2 456,7 մլրդ դրամ, վարկային ներդրումներն աճել են 6,57 տոկոսով՝ հասնելով 1 901,8 մլրդ դրամի, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները նվազել են 0,53 տոկոսով և կազմել 1615,3 մլրդ դրամ:

Միաժամանակ բանկերի զուտ շահույթը 2014 թ.-ի 9 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 20,12 տոկոսով՝ հասնելով 28,1 մլրդ դրամի: Միաժամանակ եկամուտով են աշխատել երկրում գործող 21 բանկերից 15-ը, իսկ մնացած վեց բանկերի վնասը կազմել է 3,6 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2013 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքում 1,4 մլրդ դրամի վնաս է գրանցվել երեք բանկերի մոտ ($1 – 411,55 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև