«Կենտրոնական բանկի`դրամի փոխարժեքի կայունացմանն ուղղված ջանքերը բավարար չէին». ՀՀ երկրորդ նախագահ

23.01.2015 16:13
«Կենտրոնական բանկի`դրամի փոխարժեքի կայունացմանն ուղղված ջանքերը բավարար չէին». ՀՀ երկրորդ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի`դրամի փոխարժեքի կայունացմանն ուղղված ջանքերը բավարար չէին, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ֆորմալ տեսանկյունից դրամի փոխարժեքի կայունության պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որն այդ օրերին կայունացմանն ուղղված որոշակի ջանքեր էր գործադրում՝ իր լիազորությունների շրջանակում: Բայց դեկտեմբերյան իրավիճակում դա ակնհայտորեն բավարար չէր: Իշխանության բոլոր ինստիտուտների հրատապ և համակարգված գործողություններ էին անհրաժեշտ, ազդեցության բոլոր՝ մոնետարային, ֆիսկալ և վարչական գործիքների կիրառմամբ», – նշված է Քոչարյանի հարցազրույցում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

Դրամը սկսել էր արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել, սակայն վերջին օրերին կրկին սկսեց աճի տեմպեր դրսևորել։

Քոչարյանի կարծիքով` դատելով արդյունքներից, ԿԲ–ի գործողությունները ուշացած ու թերի են եղել:

«Իհարկե, շատ հեշտ է ամեն ինչ բարդել արտաքին գործոնների վրա և ներկայանալ որպես աշխարհաքաղաքական գործընթացների զոհ։ Բնական է. արտաքին գործոնները նշանակություն ունեն, բայց անցած տարվա դեկտեմբերին դրանք ոչ թե մեր տնտեսության հիվանդանալու պատճառ դարձան, այլ ի ցույց դրեցին արդեն առկա հիվանդությունները: Դրամի և ռուսական ռուբլու վարքի այդպիսի համահարաբերականություն չպետք է լիներ», – ասել է Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով` գերիշխող տրամադրությունների և բացասական սպասումների պարագայում փոխարժեքի տատանումների վրա նույնիսկ աննշան սպեկուլյացիաները կարող են մարդկանց խուճապային վարքի պատճառ դառնալ և որոշիչ դերակատարություն ունենալ, նույնիսկ՝ թվացյալ ֆինանսական կայունության պարագայում:

«Դրամի փոխարժեքն արտացոլում է երկրի տնտեսության և վճարային հաշվեկշռի ընդհանուր վիճակը: Դրանց վատթարացումը էժանացնելու է դրամը, բարելավումը՝ ամրապնդելու է այն: Դրամը չի կարող ապրել իր սեփական կյանքով՝ ընդհանուր տնտեսությունից կտրված: Ամեն դեպքում, փոխարժեքի կտրուկ տատանումներն անթույլատրելի են. դրանք վտանգում են երկրի ֆինանսական համակարգը, խաթարում վստահությունը ազգային արժույթի նկատմամբ և պակասեցնում մեր քաղաքացիների գրպանի պարունակությունը», – կարծում է նա։

Ինչ վերաբերում է նավթի գների անկմանը, Քոչարյանը նշել է. «Նավթ ներմուծող երկրները շահում են գնանկումից: Էժան բենզինը և դիզվառելիքը լավ խթան են տնտեսության աճի համար, ու կարող են կոմպենսացնել Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների նվազման կորուստները, հաշվի առնելով էժան էներգակիրների մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության վրա: Եթե, իհարկե, էներգակիրների շուկայում առողջ մրցակցություն կա /բենզինի գինը Հայաստանում՝ բացառապես սուբյեկտիվ գործոն է, որ արտացոլում է շուկայի մենաշնորհացման աստիճանը»։

«Ի դեպ, հաշվի առնելով համաշխարհային տենդենցները, կարող է վերանայվել նաև երկիր մատակարարվող գազի գինը, եթե, իհարկե, թույլ կտա վերջերս «Գազպրոմի» հետ ստորագրված խնդրահարույց պայմանագիրը », – ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Արժույթի շուկայում տիրող իրավիճակը կայունացնելու և արժութային սպեկուլյացիաները զսպելու համար Կենտրոնական բանկը լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10,25%–ից բարձրացրեց 21 տոկոս և սկսեց արժույթ վաճառել ամենօրյա աճուրդների միջոցով նախապես հայտարարված սահմանափակ քանակով։-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև