Հայաստանում վարկերի և դեպոզիտների տոկոսադրույքների սպրեդի նվազումը կդանդաղի. ԿԲ

26.05.2015 21:22
Հայաստանում վարկերի և դեպոզիտների տոկոսադրույքների սպրեդի նվազումը կդանդաղի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վարկերի և դեպոզիտների տոկոսադրույքների սպրեդի նվազումը կդանդաղի, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով` վերջին տարվա ընթացքում վարկերի և դեպոզիտների տոկոսադրույքների սպրեդը շարունակել է կրճատվել ավելի դանդաղ տեմպերով, ինչը վկայում է շուկայում գոյություն ունեցող մրցակցության, ինչպես նաև ֆինանսական համակարգի արդյունավետության մասին։

Նա նշեց, որ շարունակում է դրամային դեպոզիտների տոկոսադրույքների աճն ու վարկավորման տոկոսադրույքների նվազումը, ինչը բավականին դրական է ազդում բնակչության վրա և շուկայում առկա մրցակցության արդյունքն է։

«Սակայն, կարծում եմ, որ սպրեդի կրճատումը զգալիորեն կդանդաղի, քանի որ այն արդեն գտնվում է բավականին նեղ մակարդակում», – ասաց Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ ԿԲ–ն արձանագրում է միջին կշռված բանկային վարկային տոկոսադրույքի կրճատման միտում և դեպոզիտային միջին կշռված տոկոսադրույքի աճ, որոնք ձևավորվում են նաև հաշվի առնելով բավականին արտոնյալ վարկերը։

Նա նաև նշեց, որ 2014թ.–ին արժութային փոխարժեքների տատանման հետևանքով վարկերի համեմատ զգալիորեն ավելացավ դոլարային ավանդների տեսակարար կշիռը, ինչը «շուկայում ստեղծված իրավիճակի հետևանքն է»։

Նա մասնավորապես նշեց, որ արտարժույթով վարկերի տեսակարար կշիռը 2014 թ.–ի արդյունքում կազմել է 70–72 տոկոս, ինչը գրեթե կայուն ցուցանիշ է վերջին մի քանի տարվա ընթացքում։

Գրիգորյանը նաև ընդգծեց, որ 2014թ.–ի դեկտեմբերին վերջին, 2015թ.–ի հունվարի սկզբին բանկային համակարգից գրանցվել է ֆինանսական միջոցների որոշակի արտահոսք, սակայն վերջին տվյալներով` այն ամբողջությամբ վերականգնվել է։

ԿԲ–ի տվյալներով` ռեզիդենտների համախառն ավանդները հայկական բանկերում 2014թ.–ի դեկտեմբերին կազմել են 1 319,7 մլրդ դրամ, որոնցից արտարժույթով ավանդները կազմել են 846,7 մլրդ դրամ, իսկ դրամով ավանդները` 472,9 մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի ռեզիդենտների տրամադրված վարկերը կազմել են 2 091,3 մլրդ դրամ, որից 1 376,5 մլրդ դրամը կազմել են արտարժույթով վարկերը, իսկ 714,8 մլրդ դրամը` դրամային վարկերը։

Հայաստանի բանկերի մինչև մեկ տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքները 2015 թ.–ի մարտին, տարեսկզբի համեմատ, ավելացել են 2,85 տ.կ.–ով` հասնելով 19,11 տոկոսի, իսկ դեպոզիտների տոկոսադրույքները` 4,26 տ.կ.–ով` հասնելով 15,21 տոկոսի (1 դոլարը` 479,9 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև