17.11.2015 21:25
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերի առաջին տեղաբաշխումն է իրականացվել նոյեմբերին 17-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում, հայտնում է ֆոնդի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 1,000,000 ԱՄՆ դոլար (1-ին տրանշ, GLBLB1) և 100,000,000 ՀՀ դրամ (2-րդ տրանշ, GLBLB2) ծավալներով պարտատոմսերի երկու թողարկումներ:
Տեղաբաշխմանը ներկայացված պարտատոմսերի առաջին տրանշը ներառել է 2 տարի ժամկետայնությամբ, 9.5% արժեկտրոնի տոկոսադրույքով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB1)։
Երկրորդ տրանշը ներառել է 1 տարի ժամկետայնությամբ, 15.0% արժեկտրոնի տոկոսադրույքով և 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB2):
GLBLB1 պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 1,218,089 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխման արդյունքում Ընկերությունը ներգրավել է 1,000,089.25 ԱՄՆ դոլար, իսկ արժեթղթերի կտրման գինը եղել է 100 ԱՄՆ դոլար, միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.495%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.5 %:
GLBLB2 պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 161,009,000 ՀՀ դրամ: Տեղաբաշխման արդյունքում Ընկերությունը ներգրավել է 100,009,000 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 10,000 ՀՀ դրամ, միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14.9901%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 15 %:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի կողմից, որը պարտատոմսերի ցուցակումից հետո իրականացնելու է նաև պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթներ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: