Հայաստանում նկատվում է կապիտալի արտահոսք. տնտեսագետ

10.06.2016 18:46
Հայաստանում նկատվում է կապիտալի արտահոսք. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նկատվում է կապիտալի արտահոսք, որը կարող է երկարաձգվել ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով, ուրբաթ լրագրողներին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` Հայաստանում օտարերկրյա ներդրումները, այդ թվում` ուղիղ օտարերկրյա ներդրումները զգալիորեն նվազել են:

ԱՎԾ-ի տվյալներով, 2016 թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա համախառն ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 1 699,4 մլն դրամ` 2015 թ.-ի առաջին եռամսյակի 60 171,8 մլն դրամի դիմաց: Ընդ որում, 2016 թ.-ի հունվար-մարտ ամիսներին օտարերկրյա ուղիղ ներդրումների զուտ հոսքերը կազմել են մոտ 14,9 մլրդ դրամ` 35,3 մլրդ դրամի դիմաց:

Խաչատրյանի խոսքով, օտարերկրյա համախառն ներդրումների գծով առաջատարը Ռուսաստանն է: Այս երկրի օտարերկրյա նեդրումները հայկական տնտեսության իրական հատվածում կազմել են շուրջ 12,7 մլրդ դրամ, իսկ ուղիղ ներդրումները` 17,8 մլրդ դրամ:

Ընդ որում, տնտեսագետը նշել է, որ այս ցուցանիշի նվազումը պայմանավորված է նրանով, որ հիմա որոշ երկրներից Հայաստան փոխանցվող ներդրումների ծավալը շատ ավելի քիչ է, քան Հայաստանից այդ երկրներ փոխանցվող միջոցների ծավալը: Արդյունքում, նրա խոսքով, այդ երկրները օտարերկրյա ներդրումների բացասական սալդո են գրանցել:

Մասնավորապես, նա նշել է Կիպրոսը (7,7 մլրդ դրամ), Ֆրանսիան (2,2 մլրդ դրամ), Լյուքսեմբուրգը (3,4 մլրդ դրամ), Լիբանանը (1,5 մլրդ դրամ), որոնց ներդրումների զուտ հոսքերը հունվար-մարտին գրանցել են բացասական ցուցանիշներ։

«Սրանք միայն առաջին եռամսյակի տվյալներն են: Ապրիլյան իրադարձությունների պատճառով կնվազի երկրի նկատմամբ վստահության մակարդակը, ինչի հետևանքով օտարերկրյա ներդրումների նվազման միտումը կպահպանվի», - ասաց նա:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև