ՀՀ ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին

21.10.2016 19:13
ՀՀ ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:

Ընդդիմության քննադատությունը

Քվեարկությունից առաջ ընդդիմության ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ բոլոր կառավարությունների ծրագրերը շատ քիչ բանով էին տարբերվում, այդուհանդերձ, միգրացիայի, կոռուպցիայի, «ստվերային» տնտեսության խնդիրները չեն լուծվել: Խոսվեց նաև այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են աճող պետական պարտքը, տնտեսական աճի ցածր ցուցանիշները:

Մասնավորապես, «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը նշեց, որ այս ծրագիրը շատ նման է նախորդներին և առաջարկեց շեշտը դնել մենաշնորհների, ստվերային հատվածի դեմ պայքարի վրա, ինչպես նաև երկիր վերադարձնել այն բոլոր միջոցները, որոնք հայ ձեռներցները պահում են արտասահմանում, պայքարել կապիտալի արտահոսքի դեմ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը հանձնարարել այլ կառույցներին, որոնք կապված չեն կառավարության հետ:

Ընդ որում նա նշեց, որ կուսակցությունը համամիտ չէ ծրագրի բազմաթիվ դրույթների հետ, ինչի պատճառով ձեռնպահ կմնա քվեարկությունից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելումյանը հանդես եկավ տնտեսության ձևավորման համակարգի մասին բավականին ծավալուն ելույթով` վերջում հայտարարելով համալիր լուծումներ փնտրելու անհրաժեշտության մասին: Ընդ որում, նա ընդգծեց, որ ԲՀԿ-ն չի կարող կիսել ծրագրի քաղաքական պատասխանատվությունը, և կուսակցության պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը:

Ծրագրի հարցում իր բացասական վերաբերմունքն է արտահայտել նաև ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նշեց, որ ծրագրում խնդիր չի դրվում լուծել տնտեսության և այլ ոլորտների հիմնական խնդիրները, չկան իրավիճակի հստակ գնահատականներ և տնտեսության զարգացման մոդելներ, ինչպես նաև բացակայում են առաջադրված խնդրի լուծման հստակ ժամկետները:

«Ծրագրում ներկայացված են միայն գործիքները, որոնք կառավարությունը նախատեսում է օգտագործել իր գործունեության ընթացքում: Ծրագրում չկա ոչ մի ֆինանսական կամ տնտեսական ցուցանիշ` գուցե այն պատճառով, որ նախորդ ծրագրերի փորձը ցույց է տալիս, որ դրանք միևնույնն է չեն կատարվում: Չկան ՀՆԱ-ի նպատակային ցուցանիշներ, տնտեսական ցուցանիշներ, ներդրումների ծավալը: Տպավորություն է ստեղծվում, որ այս կառավարությունը նշանակվել է ընտրություններից առաջ բնակչության մոտ տպավորությունները լավացնելու նպատակով», - պարզաբանեց կուսակցության դիրքորոշումը Զուրաբյանը:

 Կոալիցիոն խմբակցությունները` «կողմ»

Ծրագրին աջակցեցին միայն իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները և վերջինիս հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն:

Իր ամփոփիչ խոսքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն  հայտնեց անցկացված քննարկումների համար և կոչ արեց պատգամավորներին անհիմն հայտարարություններ չանել:

«Եղել են առաջարկներ, որոնք ռացիոնալ տարր են պարունակել, սակայն եղել են նաև այնպիսինները, որոնց իմաստը ես այդպես էլ չհասկացա: Եկեք ներկայացնենք ոչ թե անհիմն, այլ պրագմատիկ և պրակտիկ առաջարկներ, որպեսզի մենք կարողանանք օգտագործել դրանք, շտկել թերությունները և աշխատել այդ ուղղությամբ», - ասաց Կարապետյանը:

Պատասխանելով այն նկատառմանը, որ ծրագրում չկան հստակ թվեր և ցուցանիշներ` վարչապետը նշեց, որ, ինչպես և աշխարհի շատ երկրներում, ծրագիրը ներկայացնում է միայն հիմնական կոնցեպտուալ մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ուղղությամբ կառավարությունը նախատեսում է կոնկրետ գործողություններ ձեռնարկել, իսկ մնացած ցուցանիշներն ամրագրված են բյուջեում:

«Մենք շատ լավ գնահատում ենք այն բեռը և «ծանրաձողը», որ նախատեսում ենք բարձրացնել և պատրաստ ենք դա անել, իսկ, ինչպես ասում է ժողովուրդը, արդյոք դրա հետևանքով ճողվածք չենք ունենա` ցույց կտա ժամանակը», - ասաց Կարապետյանը:

Կառավարության ծրագիրը ֆորմալ նախատեսված է կես տարվա կտրվածքով, քանի որ 2017 թ.-ի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև