IDBank-ի նախագահ. մենք Հայաստանի բանկային համակարգի էական ռիսկեր 2019 թվականին չենք տեսնում

25.01.2019 12:46
IDBank-ի նախագահ. մենք Հայաստանի բանկային համակարգի էական ռիսկեր 2019 թվականին չենք տեսնում

Ի՞նչ ռիսկեր կարող են լինել հայկական բանկերի համար 2019 թվականին, որոնք են բանկային համակարգի աճի տեմպի կանխատեսումները, ի՞նչ է լինելու վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ և արդյո՞ք ընթացիկ տարին IDBank–ի համար լուրջ փոփոխությունների տարի կդառնա։ Այս և շատ ուրիշ հարցերի մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմեց IDBank–ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

ԱՌԿԱ. Պարոն Աբրահամյան, դուք գլխավորում եք IDbank–ը հունվարի 8-ից։ Ի՞նչ վիճակում եք ընդունել բանկը։ Ի՞նչ ցուցանիշներով է ամփոփվել տարին։

Մ.Աբրահամյան. Բանկը 28 տարվա ընթացքում զարգացման տարբեր փուլեր է անցել։ Եղել են և՛ հաջողություններ, և՛ դժվարություններ, ինչը բնական է։ Բայց վերջին տարիների միտումներով բանկի դինամիկան դրական է։ Վերջին երկու տարիներին ցուցանիշներն էապես բարելավվել են։ Ընդհանուր առմամբ, 2018 թվականին 2017 թվականի համեմատ ցուցանիշները կայուն մակարդակում են։  Նախորդ տարին բանկի համար կայունության տարի էր, էական խնդիրներ լուծվեցին, և ստեղծվեցին հետագա զարգացման և աճի նախադրյալներ։ Բանկը 2018 թվականն ամփոփեց շահույթով, ակտիվներն ու կապիտալը գրեթե նույն մակարդակում էին։ Դրական միտումներից կնշեմ վարկավորման 10 տոկոսանոց աճը։ Բայց անելիքները դեռ շատ են։ Մեր կանխատեսումներով 2019 թվականին ցուցանիշներն էապես կբարելավվեն։

ԱՌԿԱ. Ի՞նչ սպասելիքներ ունեք 2019 թվականից, կդառնա՞ այն արդյոք բանկի համար լուրջ փոփոխությունների տարի, ինչը բնական է նոր ղեկավարի և հավակնոտ ռազմավարական խնդիրների համատեքստում։

Մ.Աբրահամյան. Դրա համար 2019 թվականին կան դրական հիմքեր, կա լավատեսություն: Դա մեծ ջանքեր ու աշխատանք կպահանջի, քանի որ բանկային համակարգում մրցակցությունը սուր է, սակայն մյուս կողմից երկրում քաղաքական կայունություն է հաստատվել, ուստի, ընդհանուր առմամբ մեր սպասումները դրական են․ կարծում ենք, որ ընթացիկ տարին նախորդից ավելի հաջող է լինելու:

ԱՌԿԱ.  Fitch միջազգային վարկանշային գործակալությունը 2019 թվականին ակնկալում է Հայաստանի բանկային համակարգի աճի տեմպերի նվազում: Որո՞նք են այդ առումով ձեր կանխատեսումները: Ի՞նչ ռիսկեր կարող են լինել հայկական բանկերի համար 2019 թվականին:

Մ.Աբրահամյան. Ինչ վերաբերում է Fitch-ի գնահատականներին, ես դրանց ծանոթ չեմ, բայց մեր կանխատեսումներով, 2019 թվականին մեր բանկի ցուցանիշները 2018-ի համեմատ ավելի լավն են լինելու` հաշվի առնելով նախորդ տարվա զարգացումները: Մենք 2019 թվականին լուրջ ռիսկեր չենք տեսնում: Ներքին զարգացումների տեսանկյունից ակնկալիքներն ընդհանուր առմամբ դրական են: Արտաքին ռիսկեր միշտ էլ կան․ եթե նայենք համաշխարհային տնտեսության զարգացմանը, ապա ընդհանուր առմամբ, միտումները հակասական են․ ԱՄՆ տնտեսության համար կանխատեսումներն ավելի դրական են, քան Եվրոպայի և Ռուսաստանի համար: Այնուամենայնիվ, 2019 թվականի համար լուրջ ռիսկեր չեմ տեսնում, սակայն, եթե նույնիսկ լինեն էական շոկեր, հաշվի առնելով հայկական բանկային համակարգի կայունությունը, դրանց կհաջողվի դիմակայել:

ԱՌԿԱ. ԱՄՀ-ն և Fitch-ը Հայաստանի Կենտրոնական բանկին խորհուրդ են տալիս բարձրացնել կապիտալի նորմատիվները կամ Հայաստանի բանկերի կապիտալների հավելավճարներ սահմանել:  Արդյո՞ք հիմնավոր եք համարում այս կարգադրությունները: Արդյո՞ք հայկական բանկային համակարգը հավելյալ կապիտալի կարիք ունի: Ի՞նչ վիճակում է  IDBank-ի կապիտալիզացումը:

Մ.Աբրահամյան. Այստեղ խոսքը կապիտալի համարժեքության և դրա նկատմամբ  լրացուցիչ բուֆերների կիրառման մասին է, ինչը Բազել 3-ի բաղադրիչ է:  Բազել 3-ի մի մասը մենք արդեն ներդրել ենք երկու տարի առաջ, մնացել է երկրորդ մասը, որը վերաբերում է լրացուցիչ բուֆերներին: Բազել 3-ի ներդրումը նախաձեռնվել է 2009 թվականի ճգնաժամից հետո կապիտալի տեսանկյունից բանկերի կայունության բարձրացման և հնարավոր ռիսկերի կլանման համար: Հայաստանի Կենտրոնական բանկը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին կներդնի հավելյալ բուֆերներ: Բայց այդ գործընթացն աստիճանական կլինի, 4-5 տարվա ընթացքում, ինչը էապես չի ազդի բանկային բիզնեսի վրա: Դրա նպատակը երկարաժամկետ ժամանակահատվածում` ավելի կայուն բանկային համակարգի կայացումն է ռիսկերին և շոկերին դիմակայելու տեսանկյունից:

Դա կհաղորդի լրացուցիչ վստահություն, այդ թվում` հաճախորդներին, և դա կարևոր է տնտեսության ապագա ֆինանսավորման համար։ Խոսքը երեք տեսակի բուֆերների մասին է՝ կապիտալի պահպանման բուֆեր, կապիտալի հակացիկլիկ բուֆեր, ինչպես նաև համակարգային նշանակության բանկերի համար բուֆեր։ Այս ցուցանիշի մասով IDBank–ը բավականին բարձր դիրքերում է։ Եթե ակտիվների մեծությամբ բանկը Հայաստանի բանկային համակարգում 7–րդ տեղում է, ապա կապիտալի համարժեքությամբ 3-րդ հորիզոնականում է։ Դա մեզ վստահություն է հաղորդում, որ ապագայում մենք կկարողանանք արագ զարգանալ և աճել։

«ԱՌԿԱ». 2017 թ.–ի սկզբից ԿԲ–ն դադարեցրել է դրամային քաղաքականության թուլացումը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 6 տոկոսի չափով, որը պահպանվում է մինչև օրս։ Ի՞նչ եք կարծում, վերաֆինանսավորման տոկոսադրույքի այս մակարդակը որքանո՞վ է նպաստում տնտեսության իրական հատվածում ներդրումների աճին, և տոկոսադրույքի մեծության ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել առաջին կիսամյակում և մինչև տարեվերջ, և ինչի՞ հետ դա կարող է կապված լինել։

Մ. Աբրահամյան. ԿԲ–ի գլխավոր խնդիրը գների կայունության ապահովումն է, և այդ նպատակով օգտագործվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ որպես ԿԲ քաղաքականության գլխավոր գործիք․ այդ քաղաքականության հիմքում ընկած են շատ լուրջ վերլուծություններ, կանխատեսումներ և սցենարներ։ Հաշվի առնելով այն, որ մենք տարին ավարտել ենք ցածր գնաճով, կարծում եմ, որ տարվա առաջին կեսին էական փոփոխություններ չեն լինի,  կախված տնտեսական ակտիվությունից, դրանք հնարավոր են տարվա երկրորդ կեսին։ Սակայն, մեր կանխատեսումներով տոկոսադրույքն էապես չի փոխվի։

«ԱՌԿԱ». 2018 թվականի հունիսին բանկերը սկսել են ֆիզիկական անձանց վարկերի տուգանքների և տույժերի ներման գործընթաց։ Չի բացառվում զինծառայողների վարկերի վերակազմավորում։ Ինչպե՞ս են անդրադառնում այս գործընթացները բանկերի, մասնավորապես, IDBank–ի գործունեության վրա։

Մ. Աբրահամյան. Նախ նշեմ, որ դա կարևոր որոշում էր, քանի որ բանկերը միշտ էլ ավելի շահագրգռված են հաճախորդների հետ բանակցելու և կոմպրոմիսային լուծումներ գտնելու։ Ըստ էության, բանկերը հաճախ կիրառում են այդ հնարավորությունները։ Սակայն, ինչո՞վ է կարևոր այս որոշումը։ Նախկինում կոմպրոմիսների կամ զիջումների դեպքում բանկը ոչ միայն զրկվում էր իր եկամուտներից, այլև կատարում էր հարկային պարտավորություններ։ Այս որոշումը թեթևացրեց այդ բեռը, և բանկերը հետագայում ավելի հակված կլինեն նման փոփոխությունների։ Մենք վերջերս քննարկում էինք, թե ինչպես է այդ որոշումն ազդել մեր բանկի վրա։ IDBank–ը մոտ 1200 հաճախորդի հետ կնքել է հաշտության պայմանագիր։ Դրա արդյունքում զիջվել է մոտ 850 մլն դրամի տույժ և տուգանք։ Ընդհանուր առմամբ, այս կես տարվա գործունեությունը բավականին դրական եմ գնահատում, և մենք արդեն հայտարարել ենք ներման գործընթացը երկարաձգելու մասին, որպեսզի այն հաճախորդները, ովքեր նախկինում ինչ–ինչ պատճառներով չեն հասցրել կամ չեն կարողացել դիմել, ևս օգտվեն այդ հնարավորությունից։

«ԱՌԿԱ». որքա՞ն է ձեր բանկի չաշխատող ակտիվների մասնաբաժինը բանկային համակարգի այդպիսի ակտիվների ընդհանուր ծավալում։ Ի՞նչ քայլեր են նախատեսված բանկի կողմից այս տարի` ակտիվների որակի բարելավման համար։

Մ. Աբրահամյան. Ընդհանուր առմամբ Հայաստանի բանկային համակարգում չաշխատող ակտիվների ցուցանիշը բավականին ցածր է։ Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ կարգավորչի կողմից սահմանված են խիստ պահանջներ։ Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայաստանում կան ռիսկերի զսպման լավ ենթակառուցվածքներ, մասնավորապես, Վարկային բյուրոն։ Այդ ցուցանիշը ցածր է նաև բանկերի զգուշավոր քաղաքականության շնորհիվ` այլ երկրների համեմատ։ Եթե չեմ սխալվում, բանկային համակարգում չաշխատող ակտիվների ցուցանիշը կազմում է մոտ 7%։ Այդ առումով մենք ավելի բարենպաստ պայմաններում ենք։ Նախկինում իհարկե եղել են խնդրահարույց խոշոր ակտիվներ։ Հիմա մենք մաքրման փուլում ենք, որոշել ենք նոր էջից սկսել և առաջ գնալ։ Եթե վերցնենք վերջին մի քանի տարիների վարկային պորտֆելը, ապա այն կարելի է գնահատել  որպես առողջ։

ԱՌԿԱ. Հայաստանի բանկերն իրականացնում են վարկերի հնարավոր կորուստների դեպքում պահուստների զգալի հատկացումներ (այսպիսի ծախսերը կազմում են բանկային հատվածի շահույթի մոտ 50%–ը)։ Ինչի՞ հետ է դա կապված և ինչպե՞ս է ազդում վարկային պրոդուկտների արժեքի վրա։

Մ. Աբրահամյան. Բանկերը պահուստների հատկացումներ են իրականացնում վարկային ռիսկերի դեպքի համար, մասնավորապես, ժամկետանց վարկերի, երբ փոխառուն ի վիճակի չէ  կատարել իր պարտավորությունները: Ըստ էության, այդ հատկացումները կրճատում են հարկային բազան, քանի որ դա չվաստակած եկամուտ է, այդ իսկ պատճառով այն չի հարկվում։ Վարկի տոկոսադրույքը ներառում է մի քանի բաղադրիչ, այդ թվում` վարկային ռիսկը: Եվ որքան  բարձր են ռիսկերը, այդքան թանկանում է վարկը: Բնականաբար, արդյունավետ կառավարումը ենթադրում է վարկային ռիսկի նվազում։

ԱՌԿԱ. Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում շուկայի մրցակցությունը։ Ինչպե՞ս է իրեն դրսևորում IDBank–ն այդ դաշտում։ Ի՞նչն է շեշտադրում բանկը նոր հաճախորդներ ներգրավելու համար։

Մ. Աբրահամյան. Մրցակցությունը բանկային շուկայում բավականին սուր է: Դա Հայաստանի տնտեսության ամենամրցակցային ոլորտներից մեկն է: Պայքար է գնում ամեն հաճախորդի համար: Բնականաբար, կան դրական կողմեր` մատուցվող ծառայությունների բարելավում, նոր լուծումների ներդրում, ստեղծարար մոտեցումների կիրառում:

Այդ տեսանկյունից մենք ողջունում ենք մրցակցությունը և պատրաստ ենք դրան: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ինչպես մատուցվող ծառայությունների որակին, այնպես էլ նոր ծառայությունների ներդրմանը, որպեսզի մեր հաճախորդները գոհ մնան: IDBank-ն ընտրել է թվային բանկինգի ռազմավարությունը: Մենք կփորձենք սպասարկել մեր հաճախորդներին արագ, մատուցել պարզ և հասանելի ծառայություններ և այս համատեքստում մրցակցել բանկային համակարգում: Բանկը լուրջ ներդրումներ է կատարել նոր տեխնոլոգիաների ոլորտում, և այդ առումով մենք պատրաստ ենք մրցակցությանը:

ԱՌԿԱ. 2018 թվականի մայիսի վերջին բանկն իրականացրեց ամբողջական վերաբրենդավորում և հայտարարեց տեխնոլոգիականության և նորարարական մոտեցումների հզորացման մասին։ Ի՞նչ նորարարություններ է կիրառում IDBank–ը և ի՞նչ է ծրագրում այդ առումով ներդնել առաջիկայում։

Մ. Աբրահամյան. Վերջին երկու տարիների ընթացքում մենք զբաղվել ենք փոփոխություններին պատրաստվելով։ Այս տարի կլինի նորացված ինտերնետ բանկինգի կարևոր մեկնարկ, կթողարկվի նոր մոբայլ բանկինգ հավելվածը, որը, մեր կարծիքով, շատ հարմար և բազմաֆունկցիոնալ կլինի: Կան մի շարք այլ նախագծեր, որոնց համատեքստում տոխնոլոգիական առումով մեզ հետ քիչ թվով բանկեր կկարողանան մրցակցել շուկայում:

ԱՌԿԱ. Ինչպիսի՞ն է այսօր բանկերի հաճախորդների ներգրավվածությունը թվային պրոդուկտներում, մասնավորապես, մոբայլ բանկինգում։ Ինչպե՞ս կարող է թվայնացումը նպաստել բանկային պրոդուկտների որակի աճին և մասսայականացմանը։

Մ. Աբրահամյան. Դա անխուսափելի ապագա է: Բնականաբար, կան հաճախորդներ, ովքեր սովոր են ավանդական բանկինգին, իրենց նախընտրությունները ոչ միշտ կարելի է փոխել: Սակայն, կա նաև հաճախորդների մեծ թիմ, մասնավորապես երիտասարդներ, ովքեր նախընտրում են թվային պրոդուկտները: Դա կապված է նաև ժամանակի սղության հետ: Ուշադրության կենտրոնում պահելով մեր թիրախային, ռազմավարական նշանակության խումբը, այսինքն տեխնոլոգիական առաջընթացը նախընտրող անձանց, միաժամանակ պատրաստ ենք սպասարկել մեր բոլոր հաճախորդներին։

Ինչ վերաբերում է ներգրավվածությանը. ընդհանուր առմամբ, թվայնացումը Հայաստանում գտնվում է ցածր մակարդակի վրա, սակայն աճի տեմպերը հուսադրող են: Ամբողջ աշխարհում թվային ծառայություններից օգտվողների տարեկան աճը կազմում է 50-60 տոկոս: Այդ համատեքստում ևս մենք ցանկանում ենք լինել առաջատար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև