ԱԶԲ-ն հաստատել է Հայաստանի համար երկրի գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը

27.11.2019 16:07
ԱԶԲ-ն հաստատել է Հայաստանի համար երկրի գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի համար երկրի գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը, որը միտված է տնտեսական դիվերսիֆիկացիայի մեծացմանը և բոլոր հայերի համար տնտեսական աճից օգտվելու ապահովմանը, նշվում է բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

2018 թվականին Հայաստանը դարձել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, սակայն երկիրը կանգնած է զարգացման մի շարք մարտահրավերների առաջ, ներառյալ՝ տնտեսության խիստ կախվածությունը ապրանքներից, տևական աղքատությունը, կանանց 50%-ից ցածր մասնակցությունն աշխատուժին:

Հայաստանի համար 2019–2023 թվականների երկրի գործընկերության նոր ռազմավարության շրջանակում ԱԶԲ-ն կկարևորի ներդրումներն առաջնահերթ ենթակառուցվածքներում, կարևորագույն հանրային ծառայությունների բարելավումը և ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման խրախուսումը: Ինստիտուցիոնալ կարողության հզորացումը և կառավարման բարեփոխումներին աջակցությունը լինելու են համընդգրկուն առաջնահերթություն:

ԱԶԲ-ի ռազմավարությունն ամբողջությամբ համապատասխանեցված է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ներառական, արտահանման կողմնորոշում ունեցող տնտեսության զարգացմանը և որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարարության առաջատար կենտրոն՝ երկրի կայացմանը միտված երկարաժամկետ պլանին:

ԱԶԲ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն՝ պարոն Պաոլո Սպանտիգատիի խոսով, վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է լուրջ առաջընթաց իր տնտեսության վերաբալանսավորման հարցում՝ ուղղված առավել դիմակայուն և էկոլոգիապես կայուն աճին:

«Այսօր, երբ հայերն իրենց հայացքն ուղղել են դեպի ավելի պայծառ ապագա, մեր գործընկերությունը կաջակցի կառավարության՝ ֆիսկալ պատասխանատվության հենքով առավել դիմակայուն տնտեսության կայացմանն ուղղված ջանքերին: Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու միջոցով սույն ռազմավարությունը կօգնի ապահովել որպեսզի բոլոր քաղաքացիները քաղեն շարունակական աճի պտուղները», – նշել է նա:

Նոր ռազմավարության համաձայն՝ ԱԶԲ-ն կապահովի ճանապարհային ցանցի ներդրումների կայունությունը և կարագացնի ընթացիկ տրանսպորտային ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացումը:  Էներգետիկայի ոլորտում ԱԶԲ-ն կաջակցի ենթակառուցվածքների բարելավմանը և կխրախուսի արևային և քամու էներգիայի ավելի լայն օգտագործմանը: Դա կօգնի դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգետիկ կառուցվածքը և նվազեցնել երկրի կախվածությունը ներմուծվող գազից: 

«Հաշվի առնելով կայուն տնտեսական աճի հարցում մասնավոր հատվածի  կարևորությունը՝ ԱԶԲ-ն կխթանի մասնավոր ձեռնարկությունների մասնակցությունը ենթակառուցվածքային և սոցիալական ոլորտի ծրագրերին»,- նշել է Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Ռաջեշ Վասուդևան:

«Մենք ներդրում կկատարենք նաև երկրի ֆինանսական ոլորտում՝ աշխատատեղերի հիմնական աղբյուր և կառավարության համար գերակա առաջնահերթություն հանդիսացող փոքր և միջին բիզնեսների աճին օժանդակելու նպատակով», – նշել է նա:

ԱԶԲ-ն ներդրումներ կկատարի նաև դպրոցներում՝ կրթության հասանելիության ընդլայնման և ուսուցման ավելի լավ արդյունքների ապահովման գործընթացում՝ հայաստանցիների երկարաժամկետ զբաղվածունակությունը բարելավելու նպատակով:  

Տարածաշրջանային համագործակցությունը և ինտեգրումը խթանելու նպատակով` ԱԶԲ-ն կտրամադրի ֆինանսական միջոցներ և գիտելիքներ՝ աջակցելու տնտեսական միջանցքների զարգացմանը և սահմանային ենթակառուցվածքների բարելավմանը: Կստեղծվի Արևմտյան Կովկասի նոր տնտեսական միջանցք, ինչի նպատակն է օգնել Հայաստանին լավագույնս օգտվել իր ռազմավարական դիրքից՝ որպես նախընտրելի կապակցող օղակ Եվրասիական տնտեսական միության (որի անդամ է այն հանդիսանում) և արևմուտքից՝ Եվրոպական Միության միջև:

Այս պլանով շեշտադրվում է գենդերի ինտեգրումը Հայաստանում ԱԶԲ-ի գործառնություններում, ներառյալ՝ հատուկ կրթակարգերը և առողջապահական ծառայությունները, որոնք նախագծված են կանանց և աղջիկների համար հասանելիությունն առավելագույնի հասցնելու նպատակով: Այն կաջակցի աշխատուժում կանանց ցածր մասնակցության հանգամանքը հետշրջելուն և աղջիկների համար դպրոցից աշխատանք անցումը բարելավելուն ուղղված կառավարության ջանքերին:  

ԱԶԲ-ի պլանում ուրվագծվում է կայուն աջակցություն կառավարության ներդրումներին տեխնոլոգիայում, այդ թվում՝ օգնելով ներմուծել արհեստական բանականություն քաղաքային հատվածում: Բացի այդ, այն կաջակցի երկրի արագ զարգացող թվային տեխնոլոգիաների ներդրմանը և նորարարական էկոհամակարգերին՝ կառավարության, ուսումնական շրջանակների և արդյունաբերության միջև գործընկերություններ հաստատելու միջոցով:

Հաշվի առնելով սփյուռքում՝ ըստ հաշվարկների 8 միլիոն հայ ունենալու հանգամանքը, կառավարությունը բարգավաճող ներքին տեխնոլոգիական ինդուստրիան դիտարկում է նաև որպես կապ հաստատելու միջոց արտասահմանում գտնվող իր քաղաքացիների հետ և որպես գրավիչ ճյուղ տուն վերադառնալու և աշխատելու համար:  

ԱԶԲ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ աշխատել է սկսած 2005 թվականից, և հանձնառել 1.46 միլիարդ դոլարի չափով 31 վարկ, ներառյալ՝ 11 վարկ մասնավոր հատվածի համար: ԱԶԲ-ն հանձնառել է նաև  14.9 միլիոն դոլարի չափով տեխնիկական աջակցության դրամաշնորհներ: 2019 թ. հունիսի 30-ի դրությամբ ԱԶԲ-ի ակտիվ պորտֆելը կազմված է եղել 13 հանրային և մասնավոր հատվածների համար նախատեսված վարկերից, որոնց ընդհանուր գումարը կազմում է 809.8 միլիոն դոլար: ԱԶԲ-ն հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ միաժամանակ չդադարեցնելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված սեփական ջանքերը: 2018 թ. այն ստանձնել է  21.6  միլիարդ դոլարի չափով վարկերի և դրամաշնորհների հանձնառություններ: Հիմնադրվելով 1966 թվականին՝ այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև