ՎԶԵԲ-ը 5 մլն եվրո է հատկացրել Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը շարունակելու համար

04.12.2012 15:15
ՎԶԵԲ-ը 5 մլն եվրո է հատկացրել Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը շարունակելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) կողմից համատեղ ֆինանսական հատկացումները աջակցել են Երևանի Մետրոպոլիտենի` լայնածավալ վերակառուցման և արդիականացման ծրագրի ֆինանսավորմանը:

Ինչպես նշված է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ, ծրագրի Փուլ I-ի ընթացքում 2010թ.-ին հատկացված 15 միլիոն եվրո ներդրումն օգնել է բարելավել մետրոյի անվտանգությունը, կայուն զարգացումը և էներգետիկ արդյունավետությունը: Բարելավումները շարունակելու նպատակով Փուլ II-ը, իր լրացուցիչ 15 միլիոն եվրո ներդրմամբ, մեկնարկեց 2012թ.-ի օգոստոսին:

ՎԶԵԲ-ը 5 միլիոն եվրոյի սուվերեն վարկ է տրամադրել, որը մինչև 2012թ.-ի վերջը համաֆինանսավորվելու է  ԵՆԲ-ի 5 միլիոն եվրո վարկային տրանշով  և ԵՄ-ի ՀՆԳ-ի կողմից տրամադրվող  լրացուցիչ, 5 միլիոն եվրոյի ներդրումային դրամաշնորհով:

Պետությանը պատկանող Երևանի Մետրոպոլիտեն ընկերության կողմից գործարկվող ստորգետնյա տրանսպորտային համակարգը կառուցվել է 1981թ.-ին և ներկայումս Երևանի հասարակական տրանսպորտի հիմնական միջոցն է: Այդ ժամանակից ի վեր Երևանի Մետրոն ընդլայնվել է` նախկին 7.6 կմ ձգվող չորս կայարան ունեցող համակարգից վերաճելով 11 կմ ձգվող և 10 կայարան ունեցող ենթակառուցվածքի:

Մետրոն մայրաքաղաքում հիմնական տրանսպորտային միջոցներից մեկն է, որը պիկ ժամերին սպասարկում է 5 րոպեն մեկ հաճախականությամբ: 2011թ.-ին նրանից օգտվել է ավելի քան 17 միլիոն հաճախորդ: Ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող Երևանի համար կարևոր է ապահովել մետրոպոլիտենի սարքին վիճակը և անխափան շահագործելիությունը: Վերջին տարիներին ցանցի սպասարկմանն ուղղված մեծածավալ ներդրումների բացակայության պատճառով մետրոյի ենթակառուցվածքը խիստ կարիք ուներ անհետաձգելի վերանորոգման:

Մետրոյի համակարգի արդիականացման ծրագիրը հատկապես շեշտադրեց մետրոյի թունելներում ջրի ներհոսքի վերացումը, ինչպես նաև ուղևորների անվտանգության բարելավումը: Ընդհանուր գումարն ուղղվել է շարժակազմի վերանորոգման, մաշված ռելսերի և էներգամատակարարող բաղադրիչների վերականգնման, տեխնիկական սպասարկման գնացքի և թունելներ ներհոսող ջրերը արտամղող ջրային պոմպակայանների գնման ֆինանսավորմանը: Բացի այդ, մետրոյի 8 վագոն լիովին արդիականացվել և նորոգվել է Ծրագրի Փուլ I-ից արված զգալի խնայողությունների շնորհիվ: Ակնկալվում է, որ Փուլ II-ի շրջանակներում իրականացվող, ջրահեռացման թունելի երկարացման ներդրումային ծրագիրը նույնպես կհանգեցնի էլեկտրականության զգալի խնայողությունների` շնորհիվ ջրի արտամղման արժեքի նվազման, որը, ըստ նախնական գնահատականների, պետք է կրճատվի 50 տոկոսով:

Ծրագիրը հնարավորություն կտա Երևանի Մետրոպոլիտեն ընկերությանը բարելավել իր սպասարկման որակն ու արդյունավետությունը, ինչպես նաև հզորացնել դրա գործառնական արդյունավետությունը և ուղևորների անվտանգությունն ապահովող պայմանները: Բացի այդ, ծրագրին նաև աջակցում է Հանրային ծառայությունների պայմանագիրը: Հայաստանում առաջին անգամ ներդրված այս ծրագիրը հասարակական տրանսպորտի օպերատորների և տեղական իշխանությունների միջև առկա հարաբերությունների համար ստեղծեց թափանցիկ հենք:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև