Հայկական բանկերը բախվել են սոցիալական հեռավարությունը չպահպանելու և հերթերի պահպանման դիսցիպլինայի խնդրի հետ. ԿԲ նախագահ (ՎԻԴԵՈ)

04.06.2020 14:14
Հայկական բանկերը բախվել են սոցիալական հեռավարությունը չպահպանելու և հերթերի պահպանման դիսցիպլինայի խնդրի հետ. ԿԲ նախագահ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./ԱՌԿԱ/. Հայկական բանկերը բախվել են սոցիալական հեռավարությունը չպահպանելու և հերթերի պահպանման դիսցիպլինայի խնդրի հետ COVID-19–ի պայմաններում, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան։

Նախօրեին սոցցանցերի օգտատերերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով հրապարակում էին հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի լուսանկարներ։ Մի քանի դեպքեր գրանցվել են բանկերի մասնաճյուղերում և Հայփոստի բաժանմունքներում, որտեղ նկատվում էին մարդկանց կուտակումներ։

Ջավադյանը նշեց, որ բանկերը որոշակի քայլեր են ձեռնարկում, այդ թվում դիմակներ են բաժանում, ժամերն են երկարացնում, փորձում են կարգավորել, որ հերթեր չլինեն, հորդորում են օգտվել օնլայն ծառայությունից։

«Երեկ արդեն բավականին լավ իրավիճակ էր։ Այսօր առավոտյան 2 ահազանգ ենք ստացել երկու մարզից և մեկն էլ Երևանի համայնքներից մեկից: Մեկում նույնիսկ մենք կասկածում էինք, որ պրովոկատիվ բան կա, կապվել ենք ոստիկանության հետ: Այդ հարցը հիմա լուծվում է:  Մարզերում էլի խնդիրը կապված էր թոշակների և մեր սոցիալական ծրագրերի շահառուների հետ, որոնք դեռ չէին հասցրել իրենց գումարները ստանալ», – ասաց Ջավադյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր բազմաթիվ բանկեր ավանդների վերաձևակերպման ժամանակ փորձում են ընթացակարգերը կատարել առցանց` անվտանգությունն առավելագույնս ապահովելու համար։

«Ես չեմ կարող ասել, որ անկառավարելի վիճակ է, լրիվ կառավարելի վիճակ է, 1-2 դեպք է մնացել: Մեր վերահսկողներն էլ այս պահին ծառայություն են իրականացնում, նաև բանկի ղեկավարությանն էլ հորդորել եմ, որ իրենք էլ եթե կա խնդիր նոր աշխատող են ուղարկում, նաև համագործակցում են ոստիկանության հետ, եթե դրա կարիքը կա: Այսօր արդեն իրավիճակն անհամեմատելի է երեկվա հետ», – ասաց Ջավադյանը։ Հայաստանում հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ն` առողջացած, 176-ը` մահվան ելքով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև