«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակում հատկացվել է 149 հազար դոլար՝ մարզերում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով

29.06.2020 14:33
«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակում  հատկացվել է 149 հազար դոլար՝ մարզերում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./ԱՌԿԱ/. Ս.թ. հունիսի 26-ին հեռավար եղանակով պաշտոնապես մեկնարկեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող «Գործազուրկ բնակչության շրջանում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների բարելավում  ՀՀ մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 149 հազար ԱՄՆ դոլար, որից 105,5 հազար ԱՄՆ դոլարը  տրամադրել է  «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:

Ծրագրի նպատակն էՀՀ մարզերի բնակիչների համար ստեղծել աշխատանքի բացառիկ հնարավորություն` խթանելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի և ձեռներեցության զարգացումը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։

Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչներով: Առաջին բաղադրիչի շրջանակում60 մարզաբնակ երիտասարդներ կմասնակցեն  Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի և մարզերում գործունեություն ծավալող շահագրգիռ ՏՏ ընկերությունների ավագ մասնագետների կողմից անցկացվող ՏՏ գծով վեցամսյա դասընթացների, որոնց կհաջորդի երկամսյա աշխատանքային պրակտիկա այդ ընկերությունների մարզային մասնաճյուղերում: Երկրորդ բաղադրիչը նախատեսում է մարզաբնակ 40 երիտասարդների համար ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնես պլանավորման գործնական դասընթացների կազմակերպում, որը վերջիններիս կընձեռի սեփական բիզնես սկսելու և զարգացնելու հնարավորություն:  

Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես եկան «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և այլ գործընկեր կազմակերպությունների ղեկավարները։

«Մենք HSBC-ում քաջ գիտակցում ենք, որ երկրի տնտեսական զարգացումը անհնարին է պատկերացնել առանց համայնքների տնտեսական զարգացման: Ծրագրի շրջանակներում 100 մարզաբնակ երիտասարդների կընձեռվի ՏՏ և ձեռներեցության ոլորտներում գիտելիքներ ձեռք բերելու և դրանք իրենց հարազատ համայնքներում կիրառելու հնարավորություն: Սա մեծ քայլ է թիրախային մարզերում գործազրկության նվազեցման և  համայնքների երկարատև տնտեսական զարգացման ապահովման  ուղղությամբ», - ասաց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբին արդյունավետ համագործակցության և ծրագրի իրականացումը հիմնադրամին վստահելու համար։ Վերջինս ընդգծեց, որ ծրագիրը ՀՀ մարզերի բնակիչների համար ստեղծելու է ՏՏ ոլորտում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու բացառիկ հնարավորություն, ինչպես նաև տրամադրելու է ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար  աջակցության զանազան գործիքներ, ինչը կօգնի երիտասարդներին կյանքի կոչել իրենց բիզնես նախագծերը։

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,918 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են  298 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկեր: «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, իր գործունեությունը սկսելով դեռ 1990-ականներից, օժանդակում է Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը՝ ոգեշնչելով մարդկանց օգտագործել իրենց իսկ ներուժը։ Հիմնադրամը գործունեություն է ծավալում Հայաստանում, Արցախում և Վրաստանում՝ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական և համայնքային զարգացման բնագավառներում: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ կայք :–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև