Կոնվերս Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման ծրագրի մեկնարկի մասին

11.07.2018 14:58
Կոնվերս Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման ծրագրի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./ԱՌԿԱ/. Արձագանքելով Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին, Կոնվերս Բանկը որոշում է կայացրել զիջելու ֆիզիկական անձ հաճախորդների՝ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավել օր ժամկետանց անհուսալի դասակարգված վարկերի գծով հաշվարկված տույժերը՝ վարկառուի հետ համաձայնեցված ժամանակացույցով վարկի մայր գումարը և հաշվարկված տոկոսները վճարելու պայմանով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկը պատրաստակամություն է հայտնում նշված վարկերը վերավարկավորել՝ մինչեւ 7 տարի մարման ժամկետով, հաշվի առնելով պարտավորության մեծությունը, դրամական հոսքերը, դրանց սեզոնայնությունը և առաջարկվող ապահովվածությունը:

«Ակնկալում ենք, որ նոր, համաձայնեցված ժամանակացույցով վարկային պարտավորությունները պատշաճ կատարող հաճախորդները կվերականգնեն իրենց վարկային պատմությունը և կընդլայնեն Բանկի հետ համագործակցելու և նոր պրոդուկտներից օգտվելու հնարավորությունները», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է մինչև 2018թ. տարեվերջ դիմել Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ մայր գումարի ու հաշվեգրված տոկոսների մարման ժամանակացույցը քննարկելու համար։

Բանկից տեղեկացրեցին նաև, չնայած Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները վերաբերվում են ֆիզիկական անձանց վարկերին, մշակում է վարկային պարտավորությունների վերակառուցման ծրագիր, որը կտարածվի նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով անհուսալի դասակարգված վարկերի վրա:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև