Ճգնաժամի ազդեցությունն աննշան էր Հայաստանի ապահովագրական շուկայի վրա

24.11.2009 12:45
Ճգնաժամի ազդեցությունն աննշան էր Հայաստանի ապահովագրական շուկայի վրա

«Ալֆա-Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Երմոնյա Վարդևանյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ապահովագրական շուկան: Ինչպիսի՞ն է նրա աճի դինամիկան, և ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել ապահովագրական բիզնեսի զարգացման համար:

Ե. Վարդևանյան. Հայաստանի ապահովագրական շուկան համեմատաբար երիտասարդ է և այնքան էլ մեծ չէ իր ծավալներով, սակայն նրա գոյությունն արդարացված է: Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման միտումը կարելի է դրական համարել, և հայրենական շուկայում նոր ապահովագրողների հայտնվելը դրա հաստատումն է:

Միաժամանակ ապահովագրական շուկայի զարգացման համար Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել մի շարք օրենսդրական բարեփոխումներ, մասնավորապես՝ ներդնել պարտադիր ապահովագրում: Սակայն մինչ պարտադիր ապահովագրման մասին օրենքի ընդունումը, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական հիմք նախապատրաստել:

Կարծում եմ, որ մոտ ապագայում շուկայում լուրջ փոփոխություններ են կանխատեսվում, որոնք կապված են ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալի վերաբերյալ նվազագույն նորմատիվի մասին կարգավորիչի պահանջի հետ, որն ուժի մեջ կմտնի 2010 թ.-ի սկզբին:

Այդ նորմատիվի համաձայն, հայկական ապահովագրական ընկերությունների կապիտալը 2010 թ.-ի հունվարի 1-ից կկազմի 1,5 միլիարդ դրամ՝ ներկա 500 միլիոն դրամի փոխարեն, ինչի արդյունքում կարելի է ընկերությունների միաձուլում կանխատեսել: Ինչ վերաբերում է «Ալֆա-Ինշուրանսին», ապա այժմ մեր ընկերության ընդհանուր կապիտալը համապատասխանում է սահմանված մակարդակին, և բաժնետերերը քննարկում են կապիտալի հետագա ավելացման հարցը:

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն են ընկերության ֆինանսական ցուցանիշներն ընթացիկ տարվա տասը ամիսների ընթացքում: Ինչպիսի՞ն է դրանց դինամիկան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և ինչպիսի՞ն են ձեր կանխատեսումները մինչև 2009 թվականի ավարտը:

Ե. Վարդևանյան - Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության ֆինանսական ցուցանիշներն էականորեն աճել են: Այսպես, ապահովագրական պարգևատրման ծավալն աճել է մոտավորապես հինգ անգամ, իսկ վնասների չափը կրճատվել է 90 տոկոսով: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ ապահովագրական պարգևատրումների և եկամուտների ծավալների աճի դինամիկան կպահպանվի:

«ԱՌԿԱ». Այժմ, երբ հայտնվել են տնտեսության՝ ճգնաժամից դուրս գալու առաջին նշանները, կարո՞ղ եք գնահատել ապահովագրական ոլորտի վրա ճգնաժամի ազդեցության աստիճանը: Այդ ոլորտին ավելի երկար ժամանակ կպահանջվի՞ ճգնաժամից դուրս գալու համար:

Ե. Վարդևանյան - Ապահովագրման ոլորտն իր առանձնահատկության պատճառով ավելի խոցել է տնտեսական ճգնաժամի պայմաններում: Սակայն իմ կարծիքով, հաշվի առնելով այն, որ մեր երկրում բացակայում է պարտադիր ապահովագրումը, ապա ապահովագրական շուկայի վրա ճգնաժամի ազդեցությունն աննշան էր:

Հաշվի առնելով վիճակագրական տվյալները՝ այսօրվա դրությամբ կարելի է նույնիսկ ապահովագրական վճարումների չնչին աճ արձանագրել:

«ԱՌԿԱ». Ճգնաժամի պայմաններում ապահովագրական շուկայի ո՞ր ապրանքներն ավելի մեծ պահանջարկ ունեն:

Ե. Վարդևանյան.Այժմ հայրենական շուկայում առավել հանրաճանաչություն է վայլում բեռների, ավտոմեքենաների և առողջության ապահովագրումը: Անշարժ գույքի ապահովագրումն ամենաքիչ հանրաճանաչությունն է վայելում:

Ճգնաժամի պայմաններում սկսեց մեծ պահանջարկ վայելել նաև իրավաբանական անձանց պատասխանատվության ապահովագրումը, սակայն հարկ է նշել, որ ապահովագրման այդ տեսակը տարբերվում է ռիսկի բարձր աստիճանով:

«ԱՌԿԱ». Շուկայի զարգացման տեսակետից սկզբունքային ինչպիսի՞ նորարարություններ պետք է ներդրվեն հայրենական ապահովագրական շուկայում:

Ե. Վարդևանյան. Հայրենական ապահովագրական շուկայի թերություններից մեկը պարտադիր ապահովագրման բացակայությունն է: Պարտադիր ապահովագրման ներմուծման մասին օրինագծի քննարկումը պետք է ուժի մեջ մտնի 2010 թ.-ի հունվարին, սակայն որոշ պատճառներով այն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, և, այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ 2011 թ.-ին ուժի մեջ կմտնի ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման կամ, այլ կերպ ասած, ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին օրենքը:

Հայաստանում պարտադիր ապահովագրման գոնե մեկ տեսակի ներդրումը կնպաստի հանրապետությունում ապահովագրման կուլտուրայի և ապահովագրման շուկայի զարգացմանը:

Ի տարբերություն մեր խոշոր և միջին ընկերությունների ու կազմակերպությունների՝ օտարերկրյա ներդրումային ընկերությունները, միջազգային կազմակերպությունները բավականին ակտիվ են դրսևորում իրենց ապահովագրման ոլորտում, նրանք պարտադիր կարգով ապահովագրում են իրենց աշխատակիցներին, շարժական և անշարժ գույքը:

«ԱՌԿԱ». Դեմպինգը ժամանակակից շուկայի կարևորագույն խնդիրներից է, որն արտահայտվում է սակագների նվազմամբ և միջնորդավճարների բարձրացմամբ: Շուկան կարո՞ղ է ինքնակարգավորվել, թե՞ անհրաժեշտ է պետության միջամտությունը:

Ե. Վարդևանյան - Դեմպինգն, անխոս, ժամանակակից շուկայի կարևորագույն խնդիրներից է, որն արտահայտվում է սակագների նվազմամբ և միջնորդավճարների բարձրացմամբ:

Իրեն հարգող յուրաքանչյուր ընկերություն պետք է պահպանի ապահովագրական շուկայում սահմանված սակագներն ու արհեստականորեն չնվազեցնի դրանք, ինչը կարող է վնասել ընկերության հեղինակությանը, ավելին՝ սնանկացման հանգեցնի:
Կարծում եմ, որ շուկան ի վիճակի է ինքնակարգավորվել և դուրս մղել դեմպինգը. եթե բոլոր ապահովագրողները պահպանեն սահմանված նորմատիվներն ու ապահովագրական դաշտի անդրադարձող սակագները, ապա որևէ խնդիր չի ծագի:

Ապահովագրողի կողմից սահմանվող սակագները պետք է առաջին հերթին համապատասխանեն առաջարկվող ծառայությունների որակին:

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական սահմանի բացումը հայրենական ապահովագրական շուկայի վրա:

Ե. Վարդևանյան - Հայ-թուրքական սահմանի բացմամբ զգալի կերպով կաճի բեռների, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների ապահովագրման պահանջարկը: Այնպես որ արդեն այսօր կարելի է վստահաբար պնդել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն, անկասկած, դրական ազդեցություն կունենա:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև