«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունն ավելի քան 10 հազ. ԱՊՊԱ պայմանագիր է կնքել

21.12.2010 17:59
«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունն ավելի քան 10 հազ. ԱՊՊԱ պայմանագիր է կնքել

«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս է ընթանում ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացը «ԻՆԳՈ Արմենիայում»։ Քանի՞ պայմանագիր է արդեն կնքել ընկերությունը։

Լ.Ալթունյան – Այսօրվա դրությամբ մենք ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ավելի քան 10 հազար պայմանագիր ենք կնքել։ Շատ է, թե քիչ, դժվար է ասել. մի կողմից եթե պայմանագրերի թիվը 100 հազար լիներ, ապա հնարավոր կլիներ խոսել ընկերության կողմից իր տարեկան ծրագրի կատարման մասին։ Բայց ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ դեռ հանգստանալ չի լինում։ Մեր հայրենակիցները, ինչպես նախկինում, ամեն ինչ վերջին պահին են թողնում։ Դա կարելի է ազգային ապահովագրության առանձնահատկություն անվանել։

Կարծում եմ, որ վերջին 10 օրվա ընթացքում բնակչության շուրջ 60 տոկոսը կապահովագրվի։ Եվս 25 տոկսը՝ 2011թ.-ի հունվարի ընթացքում։

«ԱՌԿԱ» - Հաշվի առնելով, որ Դուք տարեվերջին եք ԱՊՊԱ պայմանագրի կնքման վերելք ակնկալում, ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան ընկերության աշխատանքի ժամանակացույցում։

Լ.Ալթունյան – Մենք պատրաստ ենք աշխատել այնքան, որքան հաճախորդ կունենանք. եթե հաճախորդների հոսքը չդադարի մինչև առավոտ, ապա մենք կաշխատենք մինչ առավոտ՝ առանց հանգստյան օրերի, չկանոնակարգված  աշխատանքային օրվա ռեժիմում։

«ԱՌԿԱ» - Կնքված ԱՊՊԱ պայմանագրերի ինչպիսի՞ տոկոսային հարաբերակցություն է առկա մայրաքաղաքում և մարզերում։

Լ.Ալթունյան – ԱՊՊԱ առավել շատ պոլիսներ է տրվել Երևանում։ Եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքում և մարզերում ավտոմեքենաների մոտավորապես նույնպիսի քանակ է, ապա պոլիսների վաճառքի 70-75 տոկոսը Երևանին է բաժին հասել և միայն 25 տոկոսը՝ ՀՀ մարզերին։ Կարծում եմ, որ դա կապված է նաև իրազեկվածության, և բնակչության նյութական ապահովության հետ։

«ԱՌԿԱ» - ԱՊՊԱ ներմուծման հետ կապված՝ ապահովագրական ընկերություններն ընդլայնում են իրենց գործակալական ցանցը։ Ինչպե՞ս են գործերը «ԻՆԳՈ Արմենիայում»։

Լ.Ալթունյան – Անշուշտ, ընկերության հաստիքներն աճել են ավելի քան 2,5 անգամ։ Այժմ 28 աշխատակցի փոխարեն մեզ մոտ շուրջ 65 մարդ է աշխատում։ Պայմանագրային հիմունքներով «ԻՆԳՈ Արմենիայի» հետ  ևս շուրջ 700 ապահովագրական գործակալներ են աշխատում հանրապետության բոլոր մարզերում։

Մենք չգնացինք մասնաճյուղերի բացման ճանապարհով, այլ սկսեցինք աշխատել վաճառակետերի հետ գործընկերական պայմանագրեր կնքելու միջոցով։ Այսօրվա դրությամբ «ԻՆԳՈ Արմենիան» 280 նման պայմանագիր է կնքել իրավաբանական անձանց հետ, ևս շուրջ 600-700 ֆիզիկական անձինք պատրաստ են մեր գործակալները դառնալ։ Այսպիսով՝ մեր ցանցն ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը։

«ԱՌԿԱ» - Մտավախություն չունե՞ք, որ ԱՊՊԱ ներմուծումը նոր տեսակի խարդախության կբերի։

Լ.Ալթունյան – Իհարկե, դա նոր տեսակի խարդախության կբերի։ Վերջերս «Ինգոսստրախը» տվյալներ հրապարակեց, ըստ որոնց՝ շուրջ 30 տոկոսը խարդախների ապահովագրական վճարներին է բաժին ընկնում։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հսկողության տակ պահել իրավիճակը։

«ԻՆԳՈ Արմենիայում» արդեն ներքին անվտանգության ծառայություն է ստեղծվել, և մենք բավականին կոշտ կարձագանքենք խարդախության առաջացմանը։ Հուսով եմ, որ այդ հարցում մեզ կօգնեն հայկական օրենսդրությունը և իրավակարգի մարմինները։

«ԱՌԿԱ» - Ինչո՞վ եք բացատրում Հայաստանում ԱՊՊԱ-ի ներմուծման պասիվությունը՝ բնակչության անբավարար իրազեկվածությա՞մբ, թե՞ երկրում  ապահովագրական մշակույթի ցածր մակարդակով։

Լ.Ալթունյան – ԱՊՊԱ ապահովագրական պոլիսներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին գրեթե բոլոր վարորդները գիտեն, և չեմ կարծում, որ կան վարորդներ, ովքեր չգիտեին պարտադիր ապահովագրության ներմուծման մասին։ Այլ բան է՝ հաղորդագրությունների կրկնությունների քանակը, որպեսզի ԱՊՊԱ-ի անհրաժեշտության գիտակցումն անխուսափելի դարձվի։

Նաև չեմ կարծում, որ վարորդներն ապահովագրական մշակույթի ցածր մակարդակի պատճառով չեն ապահովագրվում։ Կարծում եմ, որ դա կապված է ԱՊՀ բոլոր երկրների սովորության հետ, երբ հույսը դնում են «գուցե»-ի վրա։  Բացի այդ, մեր մեջ «ձրիակերի» հոգեբանություն է տիրում՝ պետությունը մեզ համար պարտավոր է ինչ-որ բան անել, և մեզ համար արտառոց է, երբ մենք ինքներս ենք պարտավոր մեզ ապահովել։

«ԱՌԿԱ» - Որքանո՞վ է զարգացած Հայաստանի ապահովագրման շուկան։

Լ.Ալթունյան –
Նոու-հաուի տեսանկյունից Հայաստանի շուկան զարգացած է այնպես, ինչպես ցանկացած եվրոպական պետության շուկան։

Հիմնականում, մեզ մոտ զարգացած է և պահանջարկ ունի ավտոապահովագրումը, բժշկական ապահովագրությունը և արտասահման մեկնելու հետ կապված  ապահովագրությունը, ինչպես նաև գույքի ապահովագրության որոշ տեսակներ և պատասխանավտության ապահովագրությունը։

Բայց մենք պատրաստ ենք ապահովագրության ցանկացած տեսակի, այդ թվում նաև  բնապահպանական ապահովագրությանը։

«ԱՌԿԱ» - Հայաստանում ապահովագրության ո՞ր տեսակներն եք առավել հեռանկարային համարում։

Լ.Ալթունյան – Բժշկական ծախսերի, գույքի ապահովագրումը և մոտ ապագայում նաև բնապահպանական ռիսկերի ապահովագրությունը։

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն կլինի այս տարի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության մաքուր  եկամուտը։ Ի՞նչ նոր ծառայություններ է «ԻՆԳՈ Արմենիան» ծրագրում առաջարկել  հաջորդ տարի։

Լ.Ալթունյան – Հաշվի առնելով պարտադիր ապահովագրության զարգացման մեծ ներդրումները՝ լուրջ դիվիդենտներ մենք չենք ակնկալում։ Եկամուտներ ակնկալվում են հաջորդ տարի, բայց եկամուտի չափը հաջորդ տարվա համար վերջնական դեռ չի հաստատվել։

Ինչ վերաբերվում է նոր ծառայություններին, ապա կարծում եմ, որ նախ պետք է «մարսել» ԱՊՊԱ-ն։ Հաջորդիվ մեր ծրագրերում է՝ գործակալական և մասնաճյուղային ցանցերի զարգացումը, մանրածախ վաճառքի ցանցի զարգացումը։ Կրոս- վաճառքների տեսանկյունից (այստեղ նկատի են առնվում ԱՊՊԱ-ի հետ առնչվող ապահովագրական ապրանքները), ապա դա, անշուշտ, այն ամենն է, ինչ հետաքրքրում է բնակչության լայն շերտերին, այսինքն՝ ԿԱՍԿՈ-ի վաճառքները, դժբախտ պատահարների և բժշկական ապահովագրությունը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև