ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտնում է նախաառևտրային նստաշրջանի սկսվելու մասին

13.01.2011 15:16
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտնում է նախաառևտրային նստաշրջանի սկսվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի հունվարի 12-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ն կորպորատիվ արժեթղթերի շուկայում մինչև առևտրային նստաշրջանի սկսվելը կազմակերպելու է նախաառևտրային նստաշրջան և բացման աճուրդ։

«Նոր մեխանիզմի ներդրումը ևս մեկ քայլ է շուկային մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, որը առևտրի մասնակիցներին հնարավորություն կտա ձևավորել բաժնետոմսերի և կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առաջարկը և պահանջարկը մինչև առևտրային նստաշրջանի սկիզբը»,- «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախաառևտրային նստաշրջանը կազմակերպվում է ժ.10:50-ից մինչև 10:59-ը, իսկ բացման աճուրդը` ժ. 11:00-ին:

Նոր ծառայության ներդրումը նպատակ ունի երկարաձգել գործարքներ կնքելու նպատակով առևտրային համակարգ հայտերի մուտքագրման համար նախատեսված ժամանակը և ակտիվացնել կորպորատիվ արժեթղթերի շուկան` հատկապես առևտրային նստաշրջանի բացման ժամանակ:

Նախաառևտրային նստաշրջանի և բացման աժուրդի կազմակերպման նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի  հետևյալ կանոններում` «Առևտրի ընդհանուր կանոններ», «Կորպորատիվ արժեթղթերի առևտրի կանոններ» և «Շուկա ստեղծողի կանոններ»։

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև