Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով ԱԶԲ-ի ցուցաբերած օժանդակության համար

11.04.2011 15:31
Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով ԱԶԲ-ի ցուցաբերած օժանդակության համար

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն  Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Ինչպես հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Սարգսյանը  բարձր է գնահատել Ասիական Զարգացման Բանկի գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ ասիական տարածաշրջանում։

Ընդգծելով, որ Ասիական Զարգացման Բանկի հետ փոխգործակցությունն ուղղված է Հայաստանի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը` Սերժ Սարգսյանն առանձնացրել է բանկի աջակցությամբ առանցքային այնպիսի ծրագրերի իրագործումը, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»    և հանրապետության տարածքային զարգացմանն ուղղված «Հայաստան. քաղաքային   կայուն զարգացման»  ներդրումային ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հյուսիս-հարավ երկաթգծի կառուցման ծրագրի նախապատրաստման գործում ԱԶԲ-ի հնարավոր օժանդակության, գյուղատնտեսական ապրանքների արտահանման խթանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև  բանկի կողմից  փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցության հարցերին:

Ասիական զարգացման բանկը ստեղծվել է 1966 թ.-ին, ունի 67 անդամ-երկիր։ Հայաստանի Հանրապետությունը ԱԶԲ անդամ է 1995 թ.-ի սեպտեմբերի 20-ից՝ միանալով «Ասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրին»։ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև մի շարք համաձայնագրեր և փոխհամաձայնության հուշագիր է կնքվել։ Հայաստանում ԱԶԲ-ի կողմից գյուղական ճանապարհների շինարարության և ջրամատակարարման ոլորտում իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը 83 մլն դոլար է կազմում։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև